ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է Հ. ԱՖՅԱՆ Հայաստանում ոչ մի ճգնաժամ էլ չկա: Ոչ տնտեսական, քանի որ մենք երբեք էլ լուրջ տնտեսություն չենք ունեցել, ոչ սոցիալական, որովհետեւ մենք յոլա գնացող ազգ ենք, ոչ էլ քաղաքական: Հայաստանում կա թշնամանք: Վարչապետը սիրում է ժողովրդին, բայց ատում է նախկին վարչապետերին ու նախագահներին, ընդ որում լավ կարծիք ունենալով Ադրբեջանի նախագահի մասին` անվանելով նրան բավականին կրթված ու դրական մարդ: Ժողովուրդը պաշտում է վարչապետին, բայց ատում է Հանրապետականին, Հանրապետականը հարգում է Դաշնակցությանը, բայց ռեւանշիստական է տրամադրված գործող իշխանության նկատմամբ: Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն էլ բողոքում են քաղաքական դաշտում կեղտից, չնայած վաղուց չեն լվացվել , ՀՅԴ-ն, հաշվի առնելով տարիքը, ավելի վաղուց: Ու չնայած այս շաբաթ թավշյա-հայրենասիրական ծրագրի շրջանակներում բացվեցին նաեւ Ազգային ժողովի այգու դարպասները, որպեսզի մարդիկ հնարավորութուն ստանան մտնել ԱԺ բակ ու աղտոտել այն` թափելով տարիների ընթացքում ձեռք բերած ատելության մի մասը, Ազգային ժողովում ու դրա դիմաց տեղի ունեցած իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ Հայաստանում չկա պետութայն համար մի շատ կարեւոր բան` ընդդիմություն: Նկատի չունեմ` անունով, այլ ընտրազանգվածով: Այս առումով Փաշինյանի իշխանության շրջանն աննախադեպ է, մինչդեռ ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սարգսյանի օրոք Հայաստանում ընդդիմություն եղել է,ժամանակ առ ժամանակ ավելի ուժեղ, քան իշխանությունը: Հիմա չկա, հիմա հայաստանցիների մեծ մասը երկու բան է անում` դիտում է հնդկական սերիալ եւ պաշտում է Փաշինյանին, ընդ որում` հենց նրան: Բանն այն է, որ համաձայն Gallup-ի վերջին հարցումների, անձամբ Փաշինյանին վստահում է հայասանցիների ավելին քան 90 տոկոսը, իսկ վարչապետի թիմին` 60 տոկոսը: Իհարկե Փաշինյանը մեղավոր չէ, որ իր համար գժվում են, բայց նա մեղավոր է, քանի որ, կամ քանի դեռ հնարավորություն չի տալիս ընդդիմությանը վերադասավորվել, գուցե ձեւավորվել, մի խոսքով` ուշքի գալ: Պետությունն այն չէ, որտեղ ժողովուրդը պաշտում է իշխանությանը եւ գլխատում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն մի թթու խոսք ասել նրա հասցեին, այլ այն է, երբ ընդդիմություն կա, որի շնչից նույնիսկ ամենասուրբ իշխանությունը առնվազն դողում է ընտրությունների ժամանակ, դրանց նախապատրաստվելիս եւ դրանք հաղթահարելուց հետո: Հիմա, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարվա դեկտեմբերին, բացի Քաղաքացիական պայմանագրից ու այդ կուսակցությանը մինչեւ հոգու խորքը սիրահարվածներից, ո՞վ է մասնակցելու, ի՞նչ հույսով: Եթե արդեն հիմա միայն Փաշինյան անունը բավական է, որպեսզի Հայաստանի չափահաս բնակչության 90 տոկոսից ավելին բարձր ծափահարի, ապա քանի՞ տոկոսի հույս ունենան մյուսները: Նկատի չունեմՙ բոլորով միասին, այլՙ առանձին-առանձին: Օրինակ ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն խորհրդարան կանցնե՞ն... Բայց այստեղ մի նրբություն կա, ամենեւին պատահական չէ, որ կառավարության որոշմամբ Ազգային ժողովի դարպասները բացվեցին ու մարդիկ հնարավորություն ստացան նստել ԱԺ-ի դիմացի այգու նստարաններին եւ արեւածաղկի սերմ չրթել: Բանն այն է, որ արտահերթ ընտրությունները չհաղթահարած քաղաքական ուժերը, ըստ էությանՙ բոլորը բացի ՔՊ-ից, հանգիստ եւ առանց պատգամավորական բեյջի կարող են մտնել ԱԺ տարածք, նստել այգու նստարաններին ու ժողովներ անել, հուշ-երեկոներ կազմակերպել, կարելի է նաեւ ասմունքի փառատոն կազմակերպել, բայց առաջարկում եմ ավելի կարեւոր գործով զբաղվելՙ նստել ու մտածել ընդդիմություն դառնալու մասին, որպեսզի այլեւս երբեք Հայաստանում չլինի մի ուժ, որի առաջնորդին անվերապահորեն վստահում է Հայաստանի չափահաս բնակչության 90 տոկոսը, ինչը պետության համար աղետ է: Իրականում Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, քանի որ ընդդիմություն չկա: Տնտեսական էլ կա, քանի որ այն զարգացնողները վախենում են ասֆալտին պառկեցվելուց, իսկ ովքեր չեն վախենումՙ այդքան փող չունեն, որ տնտեսությունը զարգացնեն: Սոցիալական էլ կա, որովհետեւ մեր ժողովրդի մեծ մասը հեռուստացույցով հնդկական սերիալ է նայում, որը կոչվում է Մերժվածը: Դրա համար էլ մերժում ենքՙ առաջ իշխանությանը, այսօրՙ ընդդիմությանը: Առաջինն առաջացնում է ընդամենը հեղափոխություն, երկրորդըՙ բռնապետություն: Ի դեպ, Փհենյանից մինչեւ Կարակաս բոլոր բռնապետությունների հիմքում սերն է: |