ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU Insider, N8, Aug. 2018) Հանրային ծառայությունների նվիրյալըՙ Աստրիդ Փանոսյան Բազմատաղանդ ու դինամիկ բնավորության տեր Աստրիդ Փանոսյանը գնահատում է հաջողությունը ոչ թե նեղ անձնական առաջխաղացմամբ, այլ հանրությանը ծառայելու արդյունքներով: Այդ առաքելությամբ է, որ Ֆրանսիայի անշարժ գույքի եւ ապահովագրական խոշորագույն ընկերություններում գործադիր պաշտոններ զբաղեցրած ձեռներեց կինը քաղաքականություն մուտք է գործել չորս տարի առաջ, անդամ դառնալով նախագահ Էմանուել Մակրոնի (այդ ժամանակ դեռես էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների նախարար) կառավարությանը որպես տնտեսական գծով խորհրդատու: Կառավարության այլ անդամների հետ նա հիմնել է «En Marche» նշանաբանով քաղաքացիների մի աննախադեպ շարժում, որը նպաստել է, որ 2017-ի մայիսին Մակրոնը զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը: Ֆրանսիացի սովորական քաղաքացիները այդ շարժումը համարել են հիանալի առիթ երկխոսություն ծավալելու կառավարության անդամների հետՙ իրենց հուզող հարցերի պատասխանը ակնկալելու հույսով: Շարժումը, որ չի հարում ոչ մի կուսակցության, նոր քաղաքական ձեւաչափ է ստեղծել եւ այսօր արդեն 400 հազար անդամ ունի, որն ավելի շատ է, քան երկրի 2 գլխավոր քաղաքական կուսակցությունների անդամների քանակը միասին վերցրած: Որպես խորհրդատու Փանոսյանը գործարար սեկտորի եւ կառավարման իր փորձառությունն է բերել նախարարությունՙ նպաստելով երկրի գործարար շրջանակների ընդարձակմանը եւ միջազգային ներդրումների ավելացմանը: Նրա ջանքերի շնորհիվ է, որ թույլատրվել է խանութներին աշխատել կիրակի օրերին, ի շահ երկրի տնտեսության եւ զբոսաշրջիկների: Նա նաեւ բարելավել է կանանց զբաղվածության խնդիրը: Ֆրանսիացի կանայք, որոնք 1944-ին միայն իրավունք են ստացել մասնակցելու քվեարկություններին, ընդհանրապես քիչ են ներկայացված եղել քաղաքականության մեջ: Ներկայիս, նախագահ Մակրոնի եւ իր ջանքերի շնորհիվ ֆրանսիական խորհրդարանի 577 պատգամավորներից 224-ը կանայք են: Բայց միայն քաղաքական բնագավառում չէ, որ Փանոսյանը նշանակալի ներգործություն է ունեցել: Նա «Unibail-Rodamco-westfield» վաճառքի կենտրոնների եւ օդանավակայանների առաջատար օպերատոր-ընկերության ռեսուրսների ապահովման գլխավոր պատասխանատուն է: Մասնակցել է մի շարք ոչ-կառավարական կազմակերպությունների բարեգործական ծրագրերին, դառնալով միաժամանակ դրանցից մի քանիսիՙ ինչպես օրինակ French NGO Prexite-ի նախագահը: Վերջինս կրթական եւ մասնագիտական ուղղվածության դասընթացներ է տրամադրում 12-ից 25 տարեկան 1200 տղաների եւ աղջիկների, որոնք ապրում են Փարիզի արվարձաններումՙ Լիլում, Թուլուզում, Նիսում եւ Ռենում: «Մենք ապրում ենք չափազանց անորոշ գլոբալ քաղաքական մի մթնոլորտում, որտեղ մի կողմից պոպուլիզմն է գլուխ բարձրացնում, մյուս կողմից թրամփիզմն ու բրէքսիտն են սպառնում Եվրոպայինՙ մեծացնելով անհավասարության եւ բեւեռականացման սահմանները: Որպես ժողովրդավարական երկրների քաղաքացիներ մենք պարտավոր ենք կրել որոշակի պատասխանատվություն: Ֆրանսիան եւ Եվրոմիությունը կրիտիկական փուլ են ապրում ներկայիս եւ այդ պատճառով է, որ քաղաքականություն մուտք գործեցի զգալով, որ ինչ-որ բան պետք է անեմ իմ երկրի համար», նշում է Աստրիդ Փանոսյանը, որի հայրը հայ է, իսկ մայրըՙ նորվեգացի: Ավանդական հայեցի դաստիարակություն չի ստացել, բայց շատ լավ հիշում է, թե ինչպես հոր հետ ամեն տարի ապրիլի 24-ին մասնկացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպվող քայլարշավին: «Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում այն հսկայական համայքին, որ բազում տառապանքների միջով անցնելով աշխարհի տարբեր երկրներում վերածնվել է ու հարատեւել: Երախտապարտ եմ Ֆրանսիային, Մ. Նահանգներին, Կանադային, Ավստրալիային, Սիրիային, Լիբանանին, Եգիպտոսին եւ այլ երկրներին, որոնք սիրահոժար ընդունել են ժամանակին ցեղասպանությունից փրկվածներին: Կարծում եմ ուրիշներին օգնելու կարեկից դառնալու զգացմունքներն իմ մեջ արմատավորվել են այդ գիտակցությունից: Սիրիացի փախստականների հետ կապված խնդիրների լուծումը անմիջականորեն առնչվում են իմ հայկական արմատների հետ», խոստովանում է Աստրիդը: Նրա այս զգացմունքներն ու հասարակական գործունեություն ծավալելու պատրաստակամությունը գնահատվել է համայնքի կողմից: «HEC Paris» միջազգային բիզնես կրթօջախից մագիստրոսի, իսկ «Sciences-Po Paris» ուսումնական հիմնարկից քաղաքագիտության գիտական աստիճաններ ստանալուց հետո Փանոսյանը Ֆուլբրայթի կրթաթոշակ է ստացել պետական կառավարման գծով ուսումը շարունակելու Հարվարդ համալսարանի Քենեդի ֆակուլտետում: Նա երախտապարտ է ՀԲԸՄիությանը, որը Քեմբրիջում իր բնակության ծախսերն է հոգացել: «Բարեգործականը կարեւոր դեր է կատարում ամբողջ աշխարհում, հատկապես Մ. Նահանգներում եւ Ֆրանսիայում: Բախտավոր եմ, որ այդ միությունը ինձ էլ հովանավորեց»: Պետական եւ մասնավոր հատվածներում աշխատելը սովորեցրել է նրան լսել մարդկանց, հաղթահարել մարտահրավերներըՙ պայքարելով փոփոխություններին դիմադրող կարծրթեւայինների դեմ եւ կարողանալ հավասարակշռություն պահպանել: «Կարեւոր է ունենալ հիմնավոր դրդապատճառ հասարակությանը ծառայելու համար: Մարդիկ պետք է հավատան, որ դու պատեհապաշտ անձնավորություն չես, այլ իսկապես նվիրված ես այդ գործին եւ չես խուսափում պատասխանատվությունից: Դրա համար դու ինքդ համոզված պետք է լինես, որ ճիշտ ընտրություն ես կատարել եւ պատրաստ ես ջանքեր գործադրել հասնելու համար քո նպատակների իրագործմանը», պատմում է նա, լի վճռականությամբՙ որ հետագայում էլ կշարունակի քաղաքականության եւ գործարար բնագավառներում իր ներդրումը ունենալ մարդկանց կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու գործում: |