ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐ ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ , Հայաստանի վաստակավոր լրագրող Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ըստ իս, թույլ տվեց երկու լրջագույն սխալ: Չեմ ուզում օգտագործել ճակատագրակա՛ն սխալ արտահայտությունը, քանզի անչափ շատ եմ ցանկանում, որ այդ սխալները, Աստված մի՛ արասցե, ծանր հետեւանքներ չունենան: Ընդսմին, ոչ այնքան վարչապետի, որպես քաղաքական ու պետական գործչի ճակատագրի, որքանՙ Հայաստանի՛ համար: Ի՞նչ նկատի ունեմ: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի հավատարմության մասին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե հիմա էլ Ադրբեջանը ամբո՛ղջ Արցախն է ուզում առնել իր վերահսկողության տակՙ հրաժարվելով արցախցիների հետ որեւէ ուղղակի երկխոսությունից: Իրոք, վարչապետի Նյու-Յորքյան ելույթից անմիջապես հետո պաշտոնական Բաքվից հենց այդ կարգի հայտարարություններ են հնչում: Եթե առաջ շեշտը դնում էին այսպես կոչված գրավյալ տարածքներից 3-4-5 շրջաններ իրենց վերադարձնելու վրա, ինչի առթիվ մեր նախորդ իշխանություները, իրենց ասելով, իբր արդե՛ն համաձայնություն էին տվել, այժմ խոսում են ամբո՛ղջ Արցախը իրենց վերահսկողությանը հանձնելու մասին: Որքան էլ Հայաստանի վարչապետը փորձեց ՄԱԿ-ի ամբիոնից դիմել համաշխարհային հանրության չեղած խղճին, թե դա գործնականում կնշանակի երկրամասի ամբո՛ղջ հայ բանակչությանը դնել նոր ցեղասպանություն վտանգի տակ, Բաքուն փարիսեցիաբար հերքու՛մ էր Փաշինյանի ասածը: Իբրեւ թե իրենք լիակատար չափով երաշխավորում են արցախահայության անվտանգությունը իրենց գերիշխանության տակ: Կարելի է չկասկածել, որ Բաքվի այս ստահոդ պնդումները աշխարհում ավելի՛ շատ կողմնակիցներ կգտնեն, քան հայության մի խոշոր հատվածին նոր ցեղասպանության ենթարկելու մասին մեր ունեցած միանգամայն իրական մտահոգությունները: Իսկ երբ բնաջնջումը արդեն գլուխ բերած լինեն, ինչը կանխելու համար, մի՛ կասկածեք, օտարներից ո՛չ մեկը մատը մատին չի տա, կսկսվի հերթական հարյուրամյա պայքարը այս անգամ արցախահայությա՛ն ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչել-չճանաչելու համար: Վարչապետի 2-րդ սխալը մինչեւ այս տարեվերջ Հայաստանում Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցի հիմնավորումն էր: Իբրՙ ներկայիս խորհրդարանը այլեւս լեգիտիմ չէ՛: Մեր քաղաքագետներից Էդուարդ Անտինյանն այդ առթիվ նկատում էր, թե ներկա վարչապետն ի՛նքն է լեգիտիմություն հաղորդել գործող խորհրդարանինՙ գերադասելով սահմանադրության համաձայն ընտրվե՛լ Ազգային Ժողովի որոշումով, ո՛չ թե զանգվածների ճնշման տակ ներխուժել կառավարության շենք եւ ինքն իրեն հռչակել ժողովրդի՛ վարչապետ: Չցանկացա՞վ, թե՞ վախեցավ իշխանությունը բռնազավթողի անուն վաստակելուց: Իսկ Երեւանի քաղաքապետի ընտրությունից հետո համոզվելով, որ ԴԵՌ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ տասնյակ-հազարավորների աջակցությունը, հայտարարում է, թե ներկայիս խորհրդարանն այլեւս լեգիտիմ չէ, ընտրակաշառքներով է ձեւավորվել... Իրեն վարչապետ ընտրելիս խորհրդարանը արտահայտո՛ւմ էր ժողովրդի կամքը, հիմա չի՞ արտահայտում: Ժողովրդի տրամադրությունների բարոմետրին որ նայեսՙ աշխարհում ո՛չ մի խորհրդարան սահմանադրորեն իր համար նախատեսված ժամկետի ավարտին չի՛ հասնի: Երեւի Նյու-Յորքյան ելույթի ժամանակ վարչապետը դեռ չափազանցյալ վախ ուներ հակահեղափոխության ենթադրյալ ռեստավրացիայից: Հիմա, երբ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից է հայտարարել խորհրդարանի վաղաժամկետ արձակման մասին, ինչպե՞ս է ետ կանգնելու դրանից: Մանավանդ, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, ինչպես երեւում է, Հայաստանում ոչ ոք լրջորեն դեմ չէ: Ուստի դիմում եմ վարչապետինՙ դադարեցրե՛ք չեղած թշնամիների փնտրտուքը եւ անցեք հանգիստ, ստեղծագործ աշխատանքի, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ: Եվ չմոռանա՛քՙ եթե գործող խորհրդարանը լինիՙ դեռ հնարավոր կլինի մարդկանց մի որոշ ժամանակ եւս մոլորեցնել, թե նախկին իշխանավորները, իբր, խանգարում են, թույլ չեն տալիս երկիրը շենացնող քայլեր անել: Խորհրդարանը վաղաժամկետ լուծարելու դեպքո՞ւմ ձախողումների մեղքն ո՞ւմ վրա է բարդվելու: Արդյո՞ք ստալինյան հրեշների օրինակով չեն սկսվելու ժողովրդի երեւակայական թշնամիների զանգվածային ձերբակալությունները... Աստվա՛ծ մեզ փրկի այդ սարսափելի հեռանկարից... Խմբ. կողմից.- Իսկապես չհասկացանք. մի՞թե կարելի է մեղադրել ՀՀ վարչապետին մի բանում, որը նա քննադատաբար է ասել եւ քննադատությունը վերաբերվել է բացառապես Բաքվին: |