ԳՅՈՒՄՐԻՆ ՍԳՈՒՄ Է... Գ.ՄԿՐՏՉՅԱՆ Այս օրերին մինչեւ ուշ երեկո մարդկանց հոսքը չի դադարում Գյումրու Անտառավան թաղամասի կենտրոն Շառլ Ազնավուրի հրապարակում, նրա արձանի մոտ: Վերջինիս պատվանդանին ու դրա դիմաց ավելացող ծաղիկները, պսակները, հիշատակի վառվող մոմերը քաղաքի բնակիչների ու հյուրերի հարգանքի սրտաբուխ տուրքն են Մեծ հայի հիշատակին: Այստեղ ու քաղաքում իրար հանդիպող ծանոթները զուսպ միմյանց ձեռք են սեղմում, իրար ու բոլորիս ցավակցում մեծ կորստի համար: Այդտեղ տեսանք նկարահանում կատարող ֆրանսերեն խոսող արտասահմանցի լրագրողի ու օպերատորի, զրուցեցինք Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության երախտավորներից ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի հիմնադիր եւ նախկին երկարամյա տնօրեն, պրոֆեսոր, արդեն Գյումրու պատվավոր քաղաքացի Սերգեյ Նազարեթյանի հետ: Շառլ Ազնավուրին բնորոշելով որպես բազմակողմանի գործունեություն ծավալած մեծ անհատի, մեր օրերի ամենահայտնի ու ամենահամամարդկային հայի, որի կորուստն իսկապես մեծ կորուստ է մեզ համար` անկախ նրա տարիքից, պրն Նազարեթյանը նկատեց, թե «համ պիտի տխրենք, որ նա այլեւս մեզ հետ չէ, համ էլ պիտի հպարտանանք, որ այդպիսի մարդ ենք ունեցել»: Գյումրու քաղաքապետարանի շենքի նախասրահում սգո մատյան է դրվել, որտեղ ցանկացողներն իրենց գրառումերն են անում: Առաջին գրառումը կատարել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Ամբողջ Գյումրին սգում է հայ ազգի մեծագույն զավակի կորուստը,- մասնավորապես նշված է գրառման մեջ:- Աշխարհահռչակ շանսոնյե, դարի մեծ մարդ, դուք միշտ մնալու եք գյումրեցիների հիշողություններումՙ ձեր արվեստով եւ կատարած աշխատանքով... Դուք առաջիններից էիք, որ աղետալի երկրաշարժի առաջին օրերից եկաք ու կանգնեցիք Գյումրու եւ գյումրեցիների կողքին»: Այդ երկրաշարժը չլիներ ու նա չգար, չկանգներ էլ, կորստի ցավը դարձյալ մեծ էր լինելու: Բայց որ եկավ, այն ամենադժնդակ օրերին կանգնեց մեր կողքին, փորձեց սրբել մեր որբացած մանուկների արցունքն ու արեց այն ամենը, ինչ հետո արեց, դրանից մեր մեջ մնաց նաեւ երախտագիտության մեծ զգացումը: Գիտե՞ք նաեւ ինչ մակագրություն տեսանք Գյումրու նրա արձանի մոտ դրված ծաղկեպսակներից մեկին: «Երկրաշարժի արցունքոտ երեխաներից» ... ...Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակի բարձրախոսից, ամեն առավոտ-երեկո անցնելիս Շառլը երգում էր: Եվ Շառլի երգն ինքը համակող մարդկային ու համամարդկային մեծ, մեծ սեր էր: |