RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4083, Տպվել է` 538, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՐՑԸ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ` ՀՕԳՈՒՏ ՄԵԶ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Արդեն երեք տասնամյակ շարունակ հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական դաշտում Ադրբեջանը միշտ եղել է հայցվորի դերում, իսկ Հայաստանըՙ պատասխանողի: Ի՞նչ պահանջներ կարող ենք ներկայացնել Ադրբեջանին: Արդյո՞ք Արծվաշենի ու Նախիջեւանի պահանջն ստվերում չի մնացել: Այս եւ հարակից թեմաների մասին խոսեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:

«Հայաստանն ամեն րոպե պետք է Արծվաշենը դիտի որպես հայկական տարածք: Պարզ է, որ Ադրբեջանն այն սկուտեղի վրա մեզ չի մատուցելու, իսկ ռազմական միջամտությունն էլ վտանգավոր կողմ ունի, քանի որ այն անկլավային տարածք է: Դա նուրբ հարց է: Հիմա այնտեղ ադրբեջանցիներ են ապրում, եթե ռազմական միջամտություն լինի, դա դիտվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում: Կարծում եմ, եթե նոր իշխանություններն ամրանան իրենց դիրքերում, կարող են իրականացնել Արծվաշենի հետ կապված քայլեր, բայց մինչեւ խորհրդարանի ցրումն անիմաստ է խոսել դրա մասին»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Նախիջեւանի խնդրին, Լեւոն Շիրինյանը նշեց.

«Գուցե զարմանաք, բայց պետք է ասեմ, որ Արծվաշենն ու Նախիջեւանը բեւեռայնորեն տարբեր են: Նախիջեւանը ռուսների օրհնությամբ տրվել է Ադրբեջանին: Այդ տարծքների համար պետք է իրավական թղթածրար ստեղծվի: Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը խոսել է Նախիջեւանի մասին, բայց առանց թղթածրարի ոչինչ հնարավոր չէ անել: Պետք է իրավաբանորեն, միջազգային դատարաններում արվի ամեն ինչ: Այդ փաստատթղթերը պետք է ձեռքի տակ ունենալ ու անընդհատ գործածել: 1992 թ. ից ես ու Արգամ Այվազյանը տարին 2-3 անգամ խոսել ենք այդ մասին, բայց ո՞վ է լսել մեզ»:

«Միջազգային հանրությունը չի կարող չընդունել մեր փաստերը, եթե դրանք պատշաճ դասակարգված լինեն, բայց միաժամանակ մենք պետք է պատրաստ լինենք ռազմական միջամտության, պարզ է, չէ՞, որ ոչ մի փաստաթուղթ Ադրբեջանին չի ստիպի հենց այնպես մեզ որեւէ տարածք զիջել: Բոլոր դեպքերում ամենահզոր փաստարկը զենքն է:

Պետք է հասկանանք, որ Նախիջեւանիՙ Ադրբեջանի տարծքում մնալը Հայաստանի համար ամենամեծ վտանգներից մեկն է: Նախիջեւանի հարցը անպայման պետք է լուծվի հօգուտ մեզ, թեկուզ Նախիջեւանը, որպես ինքնավարություն ՀՀ տարածքում: Երբ միջազգային իրադրությունը մի փոքր վատանա, թուրքերը հենց այդ կողմով են ակտիվանալու: Չտեսնելը պրոբլեմի լուծում չէ», հավելեց քաղաքագետը:

Մեր հարցին, թե արդյոք կարելի է Նախիջեւանն օգտագործել իբրեւ Արցախին հակակշիռ փաստ, Լեւոն Շիրինյանը պատասխանեց.

«Ոչ, դրանք անհամեմատելի հարցեր են: Նախիջեւանը միջազգայնորեն ճանաչված ՀՀ առաջին հանրապետության տարածքից վերցրել են ու խնամակալությամբ տվել ադրբեջանցիներին, որից հետո էլ վերջիններս այն, որպես ԻՄ, կցել են Ադրբեջանին: Իսկ Արցախը խնդիրն առաջացել է բոլորիս հայտնի կեղծ քվեարկության արդյունքում: Հիմա շատ կարեւոր շրջան է, եւ մենք պետք է դիվանագիտության ասպարեզում անընդհատ խոսենք Նախիջեւանի մասին. սա անվտանգության լուրջ խնդիր է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ