RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 5786, Տպվել է` 587, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ԵՍ ԻՄ ՍՈՒԳԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԵՄ ՍԳԱԼՈՒ»

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Հայաստանում սկսվեց ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովը: Հայաստանը հյուրընկալել է միջազգային ֆրանսախոս հանրությանը, սակայն կա մի բաց, թափուր մի տեղ. մեզ հետ չէ Մեծն Շառլ Ազնավուրը, ով մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ էր սպասում այս օրվան:

Այս օրերին ինչքան էլ հիշենք, ինչքան էլ խոսենք ու պատմենք Շառլ Ազնավուրի մասին, դարձյալ քիչ կլինի:

Նախորդ շաբաթ նրա մահը ցնցեց աշխարհը: Մի ամբողջ շաբաթ հեռուստաէկրանի եւ լրատվական համացանցի ու տպագիր մամուլի առանցքային թեման էր Ազնավուրի անձնական, ստեղծագործական, բարեգործական գործունեությունը:

Ֆրանսիան սգում էր, աշխարհն էր սգում: Եվ թվում էր, թե երգչի հրաժեշտի արարողությունը կազմակերպվելու էր մեծ շուքով, համաժողովրդական մասնակցությամբ: Անկասկած, Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը նույնպես ցանկանում էր, որ Շառլի վերջին հրաժեշտն առավել մեծ շուքով մատուցվի: Սակայն, Ազնավուր ընտանիքը կտրուկ դեմ եղավ այդ որոշմանըՙ նշելով , որ հավատարիմ են մնալու երգչի կամքին: Համոզչական բազմաթիվ բանակցություններից հետո միայն Ազնավուրի ընտանիքը համաձայնվեց համեստ արարողության: Ֆրանսիական մամուլն այդ օրերին խոսում էր, որ Ազնավուրին նվիրված հիշատակի արարողության չհանրայնացնելն ուներ ենթատեքստ:

Շառլ Ազնավուրն իր երգերով կամրջել էր տարիքային տարբեր սերունդների: Շառլն է եղել հենարանն ու հաջողության ջահը մեծաթիվ այն երգիչների, ովքեր այսօր միջազգային բեմահարթակներում մեծ ճանաչում են վայելում:

Բայց Ազնավուրի կյանքում Ֆրանսիացի երգիչ Ջոնի Հոլիդեյն առանձնահատուկ սիրո ու հարգանքի տեղ էր գրավում: 60-ականներին Շառլ Ազնավուրի գրած երգի եւ իր քրոջՙ Աիդա Ազնավուրի ամուսնուՙ Ջորջ Կառվարենցի երաժշտությամբ մատուցված երգը դարձավ Ջոնիի հաջողության բանալին եւ այդ պահից էլ գծվեց այդ երգչի փառքի ճանապարհը: Այդ ժամանակներից նրանց մտերմությունը երբեք չընդհատվեց, հակառակըՙ տարիներն ավելի ու ավելի մոտեցրեցին նրանց: Ջոնին համարվում էր Շառլի ընտանիքի անդամը, նրա որդին, կրտսեր եղբայրը, մտերիմը: Նրանց մտերմության մասին ֆրանսիայի երաժշտական աշխարհում բոլորն են պատմում:

Ամիսներ առաջ, նախորդ տարվա դեկտեմբերին, Ֆրանսիան կորցրեց լեգենդար, աշխարհահռչակ ռոք երգիչ Ջոննի Հոլիդեյին: Երգիչ, ով փայլել էր սկսած Շառլ դը Գոլի ժամանակներից մինչեւ մեր օրեր, տարբեր սերունդների սերն է վայելել: Նա համարվել ու համարվում է Ֆրանսիայի կուռքը: Ջոնի Հոլիդեյի հուղարկավորությանը ներկա էին Ֆրանսիայի ներկա եւ նախկին երկու նախագահները, քաղաքական, մշակութային, կինոյի, արվեստի, երաժշտական աշխարհի ներկայացուցիչներ, սոցիալական բազմաշերտ հասարակություն, ավելի քան մեկ միլիոնից ավելի մարդ, բայց ներկաներն անմիջապես նկատել էին Շառլ Ազնավուրի բացակայությունը: Ի զարմանս բոլորի, նա չէր եկել Ջոնիի թաղմանը: Լրագրողի հարցմանն ի պատասխան Շառլն ասել էր, որ Ջոնիին այնքան շատ է սիրել, որ նրա սուգը միայն հայկական ձեւով է սգալու: «Ինչպես հայրն է սգում որդու մահը, այնպես էլ ես եմ սգալու: Հայաստանում հարազատի մահվան դեպքում քառասուն օր սուգ են պահում, տանից դուրս չեն գալիս, եւ ես Ջոնիի մահը սգալու եմ հայկական ավանդույթով», պատասխանել էր Շառլը: Եվ նա քառասուն օր սուգ էր պահել :

«Շառլ Ազնավուրը շատ էր ազդվել Ջոնի Հոլիդեյի ասես շքերթի վերածված մահվան արարողությունից», նշում էին ֆրանսիական լրատվամիջոցները: Թերեւս դա էր նաեւ պատճառներից մեկը, որ Շառլի ընտանիքը մերժել էր առավել շուքով կազմակերպելու նրա հիշատակի արարողությունը:

Մեծ Երգիչը կյանքում նախընտրում էր համեստությունը: Նա կյանքից հեռացավ խաղաղ, հանգիստ փակելով աչքերնՙ ընկղմվեց հավերժական քնի մեջ: Իր վերջին ցանկությանը հավատարիմ, նրա թաղման արարողությունն էլ կատարվեց համեստ, հոգուն համահունչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ