RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 5558, Տպվել է` 556, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՌԸ ՋՈՒՐ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ես չգիտեմ, թե ո՞վ է դավաճանել Հանրապետական կուսակցությանը, բայց այն պատգամավորները, որոնք համաձայն են խորհրդարանի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնել, ամենեւին էլ դավաճան չեն: Բանն այն է, որ որպեսզի ինչ-որ խմբի դավաճանես, պետք է որ այդ խումբը որոշակի գաղափարախոսության կամ արժեքների կրող լինի: Հիմա, ի՞նչ ընդհանուր գաղափարախոսություն ունեն, օրինակ, Կարեն Բեքարյանն ու Սամվել Ալեքսանյանը: Հասկանալի է, որ ոչ մի: Եւ ուրեմն ինչի՞ն կամ ո՞ւմ է դավաճանել Սամվել Ալեքսանյանը, եթե համաձայն է մի բանի, ինչին համաձայն չէ Կարեն Բեքարյանը: Բնական չէ՞, որ այս երկուսը եւ նման շատ այլ երկուսներ չեն կարող միակարծիք լինել: Բանն այն է, որ ՀՀԿ-ի դիրքորոշմանը դեմ գնացած Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Հակոբ Գառնիկի Հակոբյանը, Աշոտ Արսենյանը...ոչ թե կարդացել են Նժդեհ ու հասկացել, որ իրենք ավելի շատ կոմունիստ են, քան ազգայնական, այլ պարզապես ուզում են, որ սուպերմարկետներում գարեջուրն ու հանքային ջուրը շատ լինեն, Ջավախքի ջանն էլ միշտ սաղ լինի...

Ի դեպ, ջրի մասին: Դատելով վերջին իրադարձություններից Հայաստանի ամենաբարգավաճ մարդը իսկապես անվճար ջուր է բաժանել հեղափոխականներին ու ոչ թե նրա համար, որ տեսել է, թե որքան են նրանք արդարության ծարավ, այլ քանի որ շատ հարուստները պարտավոր են կա՛մ իշխանություն լինել, կա՛մ իշխանության կողքին, եթե անգամ հոգով դաշնակցական են, իսկ իշխանությունըՙ սովետական: Հետեւաբար ո՞վ է մեղավոր, որ բիզնեսը հին իշխանության գրկից նետվում է նորի ծոցը: Բիզնեսմեննե՞րը, թե՞ նրանք, ովքեր որոշել են, որ գործարարները պետք է ԱԺ պատգամավորի մանդատ ունենան, որպեսզի շռայլորեն ֆինանսավորեն իրենց կուսակցության քարոզարշավը:

Այս համատեքստում ես չեն հասկանում նոր իշխանությանը սիրահարների ոգեւորությունը, թեՙ բա տեսե՛ք, հանրապետականները վերջապես հասկացան, թե ով է այս երկրի տերը: Ամենեւին, եթե ուշադիր նայեք, թե կոնկրետ ո՞ր հանրապետականներն են համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կտեսնեք, որ նրանք ոչ այնքան գաղափարով են հարուստ, որքան փողով, եւ եթե վաղը Նիկոլ Փաշինյանի դեմ մեկը քայլի, ապա այդ մեկին են անվճար սովորական կամ հանքային կամ գարեջուր տալու, չմոռանալով սուպերմարկետի «բոնուս քարտ» նվիրելու մասին:

Ու հենց այստեղ պարզվում է մի սարսափելի բան. փաստորեն վերջին տարիներին մեր երկրի ամենաազդեցիկ կուսակցությունն իրականում քաղաքական չէ: Չէ, կան այնտեղ քաղաքական գործիչներ, նույնիսկ գաղափարական մարդիկ, բայց խնդիրն այն է, որ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության 50 պատգամավորի շուրջ կեսը պատրաստ է ստորագրել ու ստորագրում է մի փաստաթուղթ, որի հետ համաձայն չէ Հանրապետական կուսակցությունը: Եւ այդ մարդիկ դավաճան չեն, դավաճանությունը նրանց քաղաքականություն բերելու որոշումն է: Ու եթե մեր ամենաազդեցիկ կուսակցությունում գաղափարախոսությունը սին արժեք է, բա մյուսներո՞ւմ ինչ է... Հիշեցնեմ, Հայաստանը խորհրդարանական Հանրապետություն է, ու ես շատ կուզենայի իմանալ, թե ի՞նչ են երազում տեսնում այս օրերին այն մարդիկ, ովքեր գրել են Հայաստանի նոր Սահմանադրությունը: Նրանք առհասարակ հանգիստ քնո՞ւմ են` հանձնելով երկիրը կուսակցություններին, այն պարագայում, երբ երկրում կուսակցություններ չկան, կան սուպերմարկետներ եւ դրանց մատակարար ընկերություններ, հանդիպում են նաեւ ազգային փոքրամասնություններ, հայրենակցական միություններ, աներձագեր, խիստ վիրավորվածներ եւ առիթից օգտվողներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ