ՍՐՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ Մեկ ամսից Մոսկվայում տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) համաժողովը, որտեղ տեղի կունենան կազմակերպության նախագահի ընտրությունները: Ասոցիացիայում անցյալ տարի թեժացած ֆինանսական սկանդալից հետո շատերն են ուշի-ուշով հետեւում նախընտրական գործընթացներին: Առավել եւս, որ նախագահի պաշտոնին հավակնում է AIBA-ի նախագահի այժմյան պաշտոնակատար Գաֆուր Ռահիմովը, որի թեկնածության դեմ հանդես է գալիս Միջազգային օլիմպիական կոմիտեն: AIBA-ի ֆինանսական հիմնախնդիրները պատճառ են դարձել այդ կազմակերպության բազմամյա նախագահ Չինգ-Կուո Վուի հանդեպ անվստահության քվեի: Ինչպես պարզվել էր, Վուն երեք տարի շարունակ գործկոմից թաքցրել էր պարտքի իրական չափերը, որի մեջ էր ընկղմվել ասոցիացիան այդ երեք տարիների ընթացքում: Երեք ամիս անց կամավոր (եւ շատերի համարՙ միանգամայն անսպասելի) հրաժարական տվեց նախագահի պաշտոնակատար-փոխնախագահ Ֆրանկո Ֆալչինելլին: Նրա տեղը զբաղեցնում է մյուս փոխնախագահըՙ ուզբեկ Գաֆուր Ռահիմովը: Նրան էլ համարում էին կազմակերպության բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդը, եւ AIBA-ում շրջանառվող շշուկներից դատելովՙ նա ունի ոչ վատ հնարավորություններ Մոսկվայում գալիք նոյեմբերին անցկացվելիք կոնգրեսում հաղթելու համար: Դրա հետ մեկտեղ, մինչեւ 2018թ. ընկած ժամանակահատվածը զանգվածային լրատվության աշխարհի տարբեր միջոցներում նկատվեցին հետաքրքրական հրապարակումներ, որոնցում կասկածներ էին արտահայտվում փոխնախագահ Ֆրանկո Ֆալչինելլիի հրաժարականի տարօրինակ հանգամանքների մասին: Օրինակՙ ինչո՞ւ է փոխնախագահը, որի թեկնածությունը ընտրությունների նախօրեին պաշտպանում էր Գործադիր կոմիտեի 17 անդամներից 15-ը եւ որի օգտին նրանք պատրաստ էին տալու իրենց ձայնն ընտրություններում, հանկարծ արագ փոխեցին իրենց դիրքորոշումը: Իսկ Ֆրանկո Ֆալչինելլին ոչ միայն կամավոր հանեց իր թեկնածությունն ընտրություններում, այլեւ հեռացավ AIBA-ի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Ոմանք դա կապում էին անսպասելիորեն առաջին պլան դուրս եկած Գաֆուր Ռահիմովի անվան հետ, որի թեկնածությունն անմիջապես անհանգստություն առաջացրեց Միջազգային օլիմպիական կոմիտեում: Բանն այն է, որ ՄՕԿ-ի տվյալներով Գաֆուր Ռահիմովը սերտորեն կապված է կազմակերպված հանցավորության հետ եւ հանդիսանում է «Եղբայրական շրջան» հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկըՙ մի կազմակերպություն, որն ընդգրկում է իր մեջ նախկին ԽՍՀՄ երկրների քրեական հեղինակություններին: Այսպես, դեռ 2000թ. Սիդնեյի օլիմպիադայի ժամանակ Ավստրալիայի կառավարությունը մերժել էր Գ. Ռահիմովին մուտքի վիզա տալն այն ձեւակերպումով, որ «Ռահիմովը կասկածվում է սոլնցեվյան հանցավոր խմբավորման հետ կապերում, միջազգային թմրակարտելներին պատկանելում, ինչպես նաեւ քրեական փողերի լվացման մեջ»: Ընդ որում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայությունը (FBI) նույնպես ուսումնասիրում էր Գ. Ռահիմովի գործունեությունը միջազգային թմրամիջոցների վաճառքին մասնակից լինելու կասկածի հիման վրա: Քիչ ավելի ուշ այս տեղեկությունը հայտնվեց նաեւ ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում, որտեղ Գ. Ռահիմովը ուղղակիորեն մատնանշվում է որպես հանցագործ եւ ուզբեկական միացյալ քրեական խմբավորման ղեկավար, որն ընդգրկված է թմրադեղերի վաճառքում: 2013թ. նրա հայրենիքումՙ Ուզբեկստանում, Ռահիմովին առաջադրվեցին դրամաշորթության եւ փողերի լվացման մեղադրանքներ: Քիչ ավելի ուշ նրա անունը շրջանառվում էր Ինտերպոլի կողմից փնտրվողների շարքում, իբրեւ Ուզբեկստանի գլխավոր հանցագործներից մեկը: Բայց ամենահետաքրքրականը, որ այդ ամբողջ ժամանակ ինքըՙ Գաֆուր Ռահիմովը, շարունակում էր բարձր պաշտոններ զբաղեցնել Ուզբեկստանի Օլիմպիական կոմիտեում եւ Բռնցքամարտի ֆեդերացիայում: Այսպես, 1999թ.-ից նա Ասիայի Օլիմպիական խորհրդի կենտրոնաասիական գոտու նախագահն է: 2006թ.-ից AIBA միջազգային Բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր փոխնախագահը եւ Բռնցքամարտի ասիական ֆեդերացիայի նախագահը: 2010թ. AIBA Համաժողովում նա ընտրվել է Բռնցքամարտի ասիական կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում AIBA-ի 95 ներկա անդամների քվեարկության ճանապարհով: Նույնիսկ նրա ընտրությունը նախագահի ժամանակավոր պաշտոնում տեղի է ունեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի, OFAC ֆինանսական հետախուզության եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության, Ինտերպոլի, ինչպես նաեւ Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից նրա հանդեպ իրավական պահանջների համապատկերին: Այժմ Գաֆուր Ռահիմովի անունը գտնվում է արգելամիջոցների ցուցակում եւ նրա վրա արգելք է դրված ԱՄՆ դոլարով ֆինանսական որեւէ գործողություն իրականացնելու հնարավորության վրա: Գ. Ռահիմովի նշանակումը եւ նրա թեկնածության հետագա լոբբիինգը սիրողական Բռնցքամարտի ասոցիացիայի մշտական նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջացնում է մարզական աշխարհի շատ գիտակների ու փորձագետների մոտ խիստ գրգռությունՙ նկատի ունենալով, որ AIBA-ի կանոնակարգի 35.2 կետի համաձայն թեկնածուն պետք է ունենա անարատ հեղինակություն: Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն պարզ հասկացրել է, որ կազմակերպված հանցավորության հետ կապերի առկա կասկածների հիման վրա AIBA-ի ներկա նախագահի պաշտոնակատարի անձը, եւ, ավելին, նրա ընտրության հնարավորությունը ծայրահեղ անթույլատրելի է: Ավելին, Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստ է ընդունելու կատեգորիկ որոշում բռնցքամարտը հանել 2020թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրից, ինչպես նաեւ ասոցիացիայի կառավարման համակարգի ուսումնասիրությունը շարունակելՙ միաժամանակ դադարեցնելով կազմակերպության հասցեին բոլոր հովանավորչական վճարումները: Դատելով այս ամենիցՙ Գ. Ռահիմովի AIBA-ի նախագահ պաշտոնական ընտրության դեպքում Միջազգային օլիմպիական կոմիտեն կարգելափակի Ասոցիացիայի գործունեությունը եւ այն ժամանակ, ըստ ամենայնի, սիրողական բռնցքամարտը դուրս կմղվի օլիմպիական մարզաձեւերի ցուցակից: Հաշվի առնելով, որ բռնցքամարտը հանդիսանում է աշխարհի հնագույն ոչ շատ մարզաձեւերից մեկը, որն ներառնված է եղել նաեւ անտիկ օլիմպիական խաղերի ծրագրում եւ որը մեր օրերում մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, նրա դուրսմղումը օլիմպիական մարզաձեւերի շարքիցՙ հսկայական բացասական ազդեցություն կունենա AIBA-ի վարկանիշի վրա, ինչպես նաեւ կտխրեցնի ամբողջ աշխարհում այդ մարզաձեւի միլիոնավոր երկրպագուների: |