RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 5217, Տպվել է` 544, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՌԱՑՈՂ ԴԵՍՊԱՆԸ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Հայաստանում սկիզբ առած, այսպես կոչված թավշյա հեղափոխության հենց սկզբից սկսվեց մի դիսկուրս, որտեղ քննարկվում էր ազատագրված տարածքների հանձնման հարցը, Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները ներկայացվում էին որպես զիջման կողմնակիցներ: Ինչքանով էին հիմնավոր այդ քննարկումներըՙ դժվար է ասել, սակայն այդ տիպի խոսակցություններ Հայաստանում միշտ էլ եղել են բոլոր իշխանությունների օրոք:

Այդ խոսակցությունները հատկապես ակտիվանում էին Արցախի հիմնահարցի լուծման շուրջը տարբեր ձեւաչափերի, այսպես կոչվածՙ մադրիդյան, պրահյան, կազանյան կամ այլ ֆորմատներով առաջարկների ի հայտ գալու հետ միասին: Սակայն, ժամանակի ընթացքում նույն հարցի նկատմամբ փոխվել է ՀՀ բնակչության ընդհանուր վերաբերմունքը, ինչը արտահայտվում է նաեւ նրանում, որ անկախության շրջանում մեծացած սերունդը դեմ է որեւէ զիջումի:

Այս դիսկուրսը նորից ակտիվացավ վերջին օրերին, արդեն պայմանավորված ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հայտարարությամբ, ըստ որի Արցախի հարցի լուծման համար հայկական կողմը ստիպված է լիենլու զիջել «գրավյալ տարածքները»: Այս հայտարարության շուրջ սոցցանցերում սկիզբ առած քննարկումներն ու տեսակետները մեկ անգամ եւս փաստում ենՙ Հայաստանում ազատագրված տարածքներ զիջելու տրամադրություններ չկան:

Սա իսկապես ուրախացնող փաստ է, քանի որ հայ հասարակությունը միշտ չէ, որ նման արմատական ձեւով էր տրամադրված եղել այս հարցում: Դեռեւս 15-20 տարի առաջ տարածքներ զիջելու դեմ ցանկացած արտահայտություն հանդիպում էր, հասարակության, այսպես կոչված, «առաջադեմ մտածող» մարդկանց քննադատությանը: Վերջիններս հայտարարում էին, որ այդ արմատականությունը բացառապես դեպի պատերազմը տանող ուղի է:

Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել այս թեմայով գրել, շեշտելով, որ իրականում զիջողականությունը հենց դեպի պատերազմը տանող ուղիղ ճանապարհն է, եւ որ միակ ելքը ազատագրված տարածքները բնակեցնելը, ճանապարհներ կառուցելն ու ենթակառույցներ ստեղծելն է: «ԱԶԳ» թերթում դեռ 2007թ. գրած մի հոդվածում նշել էի, որ զիջման մասին խոսելու փոխարեն պետք է կառուցել Արցախը ՀՀ-ին միացող երկու նոր ճանապարհՙ հյուսիսում եւ հարավում:

Հասկանալի է, որ Սոթք-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհը հենց այդ ծրագրի առաջին մասն էր, իսկ այս օրերին հայտի դարձավ, որ պատրաստվում ենք կառուցել նաեւ հարավումՙ Արաքսի ափով Մեղրին Արցախին միացնող նոր մայրուղի: Այս ծրագրերը ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական լուրջ ներդրում կունենան այդ տարածքների զարգացման գործում:

Ինչեւէ, եթե նախկինում, այսպես կոչված «ոչմիթիզականները» քննադատվում էին թե՛ իշխանությունների եւ թե ընդդիմության կողմից, որում հատկապես ակտիվ էին իրենց «ընդդիմադիր» հռչակած թերթերն ու լրագրողները, ապա վերջին մի քանի տարիների ընթացքում իրավիճակ է փոխվել իսկապես: Ինչպես նշեցի, անկախության շրջանում մեծացած նոր սերունդը, որի մի զգալի մասը նաեւ ծառայություն է անցել Արցախում, զանգվածաբար դարձել է «ոչմիթիզական»:

Այս սկզբունքը էլ ավելի ամրապնդվեց 2016թ. ապրիլյան բախումերի ընթացքում, երբ բնակչության մի զգալի մասը համախամբվեց թշնամուն հետ մղելու գործում եւ բոլորի համար հասկանալի դարձավ, որ իրականում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը սկիզբ է առնում հարավ-արեւելյան սահմաններիցՙ Հորադիզից եւ անցնում Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Հասկանալի դարձավ, որ Երեւանի անվտանգությունը սկսվում է Մարտակերտի, Ջաբրայիլի, Քարվաճառի դիրքերից, եւ դրանց պաշտպանությունը ողջ ազգի գործն է:

Հասկանալի է, որ այս խնդիրը ոչ միայն զգայական կողմ ունի, այլեւ ռազմավարական-անվտանգային: Ազատագրված տարածքները հնարավորություն են տալիս պաշտպանել փխրուն խաղաղությունը տարածաշրջանում եւ զսպել թշնամուն հետագա արկածախնդրություններից: Արցախա-ադրբեջանական շփման առաջնագիծը խաղաղության պարտադրման կարեւորագույն եւ անփոխարինելի պայմանն է, առանց որի գոյության ամենօրյա ռմբակոծություններն ու գնդակոծությունները սահմանամերձ գյուղերում ու քաղաքաներում շարունակական բնույթ կկրեին:

Դրա վառ ապացույցը Տավուշի սահմանամերձ շրջանն է, որի գյուղերը պարբերաբար գնդակոծվում են Ադրբեջանից: Եթե երբեւէ ուսումնասիրենք հայ-ադրբեջանական սահմանագիծը ողջ երկայնքով, ապա կնկատենք, որ միակ տեղը, որտեղ կովկասյան թաթարներ կոչվող խաժամուժը դիրքային առավելություն ունեն մեր նկատմամբ, ապա դա նախկին Նոյեմբերյանի շրջանն է: Շփման գծի մնացած ողջ երկայնքով բարձունքները վերահսկում են հայկական զինված ուժերը:

Այսինքն, որեւէ տարածքի հանձնումը կհանգեցնի նրան, որ հայկական կողմը կկորցնի մարտավարական այն առավելությունը, որը ունի իր ձեռքում պահելով բարձունքները եւ վերահսկելով թշնամու տարածքը բավականին մեծ խորության վրա: Սա նշանակում է, որ տարածքային որեւէ զիջում կբերի հայկական գյուղերի ու բնակավայրերի շարունակական գնդակոծմանը:

Սա այն իրականությունն է, որում մենք գտնվում ենք, եւ ստիպված ենք մեր քայլերն ու դիրքորոշումը հարմարացնել ա՛յդ իրողությանը, որը միայն ռազմական ու դիրքային առավելության շնորհիվ է, որ հնարավոր է պահպանել խաղաղությունը: Որեւէ զիջում կհանգեցնի թե՛ բանակի եւ թե բնակչության շրջանում տրամադրությունների անկմանը եւ հուսալքությանը, դրանից բխող հետեւանքներով:

Արդեն նախկին դեսպանի բարձրացրած հարցադրումը եւ դրա արձագանքը մեկ անգամ եւս փաստում են, որ զիջողականության կողմնակիցների թիվը գնալով պակասում է, եւ նույնիսկ այսօրվա իշխանությունները ստիպված են հաշվի նստել այս փաստի հետ: Շեշտում եմՙ այսօրվա իշխանությունները, քանի որ գիտեմ, թե նրանց մեջ քիչ չեն զիջողականության կողմնակիցները, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ նրանցից շատերը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցներն են, նաեւՙ սորոսական եւ USAID-ական ձեռնասուններ:

Սակայն, անկախության շրջանում մեծացած սերունդը դեմ է որեւէ զիջմանը, եւ այս փաստի հետ ստիպված են հաշվի նստել բոլորը, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Սա թերեւս այն կարեւորագույն ձեռքբերումն է, որը փոխում է քաղաքական իրողությունը Հայաստանում եւ այս թեմայի շուրջ ավանդական դիսկուրսըՙ զիջել թե չզիջելՙ տեղափոխում այլ հարթություն, որտեղ իշխում է սթափ դատողությունըՙ որեւէ զիջում մահվան է հավասար:

Հայ հասարակության շրջանում նման, հիմնավոր կարծիքի ամրապնդումը կհանգեցնի, վստահ եմ, նաեւ գործող իշխանությունների դիրքորոշման կարծրացմանը, ինչը կարեւոր պայման է հետագա բանակցությունների համար: Նմանատիպ տեսակետի շարունակական պրոպագանդումը կամրացնի այն տեսակետը, թե մենք ենք տերը մեր ճակատագրի եւ «հող խաղաղության դիմաց» քննարկումները ավելորդ ժամանակավաճառություն են:

Հայկական իշխանությունները, ով էլ լինեն նրանք, պարտավոր են ականջալուր լինեն ազգաբնակչության ու առաջին հերթին երիտասարդության կարծիքին, որը չի պատրաստվում խաղաղություն մուրալ զիջումերի գնով: Անկախության սերունքը իր ճակատագրի տերն է ու դրա կերտողը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ