ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետներիՙ Հայաստանից եւ արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորիՙ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ավստրիայի, Էստոնիայի, Սլովակիայի, մասնավոր, հանրային եւ ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսն ունի քննարկման երկու զուգահեռ ուղղություններՙ կորպորատիվ կառավարման, ռիսկերի եւ հսկողութան մարտահրավերները ժամանակակից աշխարհում եւ ներքին աուդիտի տեխնոլոգիական մարտահրավերները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկող բանախոսներից են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը , ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը , կրթության ոլորտը ներկայացնողՙ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը , եւ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնողՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը : Արա Չալաբյանը, Մանե Թանդիլյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հակոբ Անդրեասյանը կոնֆերանսի առաջին օրը հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարեւորությունըՙ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաեւ ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում: Կարեւորելով ներքին աուդիտի ու համապատասխանության գործառույթի կիրառումը կորպորատիվ կառավարման ոլորտումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշել է. «Ներքին աուդիտը պարզապես ռիսկերի վաղ բացահայտման մեխանիզմ չէ, որն օգնում է կանխարգելել խնդիրներըՙ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամի: Բիզնեսի տեսանկյունիցՙ ներքին աուդիտը եւ hամապատասխանությունը գործիքներ են եւ ռազմավարական միջոցՙ առաջատարի դիրքերը գրավելու եւ պահպանելու համար, ինչպես նաեւ ստեղծելու համար այնպիսի մրցակցային առավելություն, որը շատ դժվար է կրկնօրինակել»: Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարեւոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաեւ կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ եւ կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանածՙ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը: |