ԻՐԱՎԱԿԱՆ ՖՈՐՄԱԼԻԶՄԻ ԵՎՍ ՅՈԹ ՕՐ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Իրականություն չդարձավ այն կանխատեսումը, որ միգուցե Ազգային ժողովի լուծարմանը դեմ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին կընտրեն վարչապետ, այդպիսով հետաձգելով ԱԺ արձակումը առնվազն մեկ տարով, իսկ մեկ տարի հետո էլ անվստահություն կհայտնեն նրան: Փաշինյանը վարչապետ չընտրվեց, եւ եթե եկող չորեքշաբթի այս իրավական ֆորմալիզմը կրկնվի (չգիտենք` միգուցե այս անգամ Փաշինյանը չառաջադրվի), քվեարկությունից հետո Ազգային ժողովը լուծարված կհամարվի օրենսդրությամբ: Հավանական է, որ այլեւս անսպասելի որեւէ բան չի լինի, այս սցենարը կաշխատի, քանի որ ՀՀԿ-ն, չընդունված նոր Ընտրական օրենսգիրքը, Եվրոխորհրդարանում եւ ԵԱՀԿ/ժՀՄԻԳ-ի պատվիրակության հետ հանդիպմանը կարկառուն ՀՀԿ-ականների բարձրաձայնումները վկա, այլեւս կորցրել է իրականության զգացումը, եւ, չունենալով որեւէ հստակ ծրագիր, իրավիճակային-քաոտիկ քայլեր է անում` ծառերի հետեւի անտառը չնկատելով, ու եվրոպացիների մոտ մի լավ բամբասելով եւ նսեմացնելով երկիրը: Անակնկալ, մի խոսքով, հազիվ թե լինի, նստվածք է թողնում միայն էն փոքրիկ ֆարսը, որ իրավիճակը օրենքի տառին համապատասխանեցնելու համար է արվում` բեմադրության վերածելով վարչապետի հրաժարականը, վերստին առաջադրումն ու չընտրվելը: Ընդհանրապես` արդեն քաղաքական զանազան ձեռնածությունների վրա շատ ժամանակ է վատնվում, ու լիարժեք չձեւավորված նոր իշխանությունը չի կարողանում լրջորեն զբաղվել երկրին ներկայացող խնդիրների լուծմամբ, սա արդեն ուղղակի հնարավոր չէ լսել ու տեսնել: Հնարավոր չէ լսել ու տեսնել, թե ով էր ավելի լավն ու պրոֆեսիոնալը` նախկիննե՞րը, թե՞ ներկաները, որով ԶԼՄ-ները զբաղեցնում են հանրությանը, այդ թվում` պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի տեսակետները փոխանցելով: Դա պետք է վերջացնել: Նախկիններին հանրությունը մերժում է, անկախ այն բանից, որ նրանց մեջ, իրոք, կան իրենց գործի պրոֆեսիոնալները: Այդ մասին պետք է մտածեին նախկին առաջին դեմքերը, որ հարվածի տակ չդնեին իրենց պրոֆեսիոնալներին` թույլ տալով արտոնյալ անպիտաններին ամբողջովին արատավորելու համակարգը: Հիմա երկիրը երկար ու անպտուղ այս բանավեճի մեջ տեւաբար չի կարող ներքաշվել, այս Ազգային ժողովը պետք է գնա, նորը գա, որ երկիրը լիարժեք զբաղվի իր խնդիրների լուծմամբ: Ես վստահ չեմ, իհարկե, որ նոր հավաքվելիք պառլամենտը մասամբ կազմված չի լինելու նոր անպիտաններից, ինչպես որ քաղաքային ավագանու ընտրության արդյունքում եղավ, սակայն չենք կարող ընթացքը կանգնեցնել, ինչ է թե այդ նոր անպիտանները չգան: Հիմա վարչապետի պաշտոնակատարին է մնում իր ցուցակը կազմելիս որքան հնարավոր է քիչ անպիտաններ ներգրավի այնտեղ, եթե ամբողջովին չի կարող այդ անպիտաններից խույս տալ: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ու վարչապետի թեկնածուի կարգավիճակում արված Փաշինյանի հայտարարությանը` ԱԺ պատգամավորի` 100 տոկոսով բացահայտված կաշառքի գործի վերաբերյալ, սա կարելի է ՀՀԿ-ի գլխին կախված դամոկլյան սուր անվանել, որը մտածված գործի դրեց Փաշինյանը` եթե եկող չորեքշաբթի բան է ու ՀՀԿ-ն ինչ-որ խաղեր տա: Այլապես անընդհատ դատարանների վրա ճնշում չբանեցնելու մասին խոսող Փաշինյանը չէր կարող չպատկերացնել, որ սա եւս ճնշման ձեւ է իրավապահների վրա, էլ չասած որ նրա ընդդիմախոսները մատնացույց էին անելու ե՛ւ քննության գաղտնիության, ե՛ւ անմեղության կանխավարկածի խախտման պարագան այս հայտարարության դեպքում: Հուսով ենք` գոնե նոր ընտրություններից հետո այս կարգի գործելաոճը կբացառվի, որքան էլ մեծ է կոռուպցիայի դեմ պայքարողի կերպարը` վառ եւ հանրության վերաբերմունքը` տաք պահելու գայթակղությունը: Որ հայտարարությունը դամոկլյան սուր է` դրա վառ ապացույցն է թեկուզ այն, որ ԶԼՄ-ները սկսեցին մեկ տասնյակից ավելի ՀՀԿ-ական պատգամավորների անուններ շրջանառել, ում կարող էր վերաբերել Փաշինյանի ասածը: Բանը հասավ նրան, որ երեկ ՀՔԾ պետը հերքեց ամենից շատ շրջանառվող երկու անձի` Միհրան Պողոսյանի եւ Արամ Հարությունյանի` կաշառքի գործով կասկածյալ լինելը, ԶԼՄ-ներին գցելով նոր տվայտանքների մեջ: Նույն օպերայից էր նաեւ Մարտի 1-ն այնպես բացահայտելու խոստումը, որ շատերի համար քողազերծվող փաստերը նույնիսկ անսպասելի լինեն. սա թափանցիկ ակնարկ է, այո, որ Մարտի 1-ին տեղի ունեցածի մեջ շատերը կարող են թաթախված լինել, այդ թվում` այժմ չքմեղացողներն ու սուրբ ձեւացողները: Իսկ ընդհանրապես` Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթն, ինչպես միշտ, մեծ հետաքրքություն առաջացրեց եւ ամենեւին ավելորդ չէր` նկատի ունենալով մի շարք հարցերի, այդ թվում Արցախի հարցի վերաբերյալ, թարմ գնահատականները`ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով պատասխանատու Ջոն Բոլթոնի Հայաստան այցին ընդառաջ, որի հետ հանդիպման ընթացքում, ըստ արտահոսքերի, քննարկվելու է նաեւ Արցախի հարցի վերաբերյալ փոխզիջուների թեման, ինչպես նաեւ հակաիրանյան ծրագրի մեջ Հայաստանին ներքաշելու ամերիկյան ձգտումը, որին ամեն դեպքում Հայաստանից պետք է հնչի «ոչ»: Ի դեպ` երեկվա հաղորդագրություններով` Բոլթոնը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, իրավական համակարգը մաքրելու եւ կառավարության հաշվետվողականությանն ուղղված ջանքերին, անհրաժեշտ է դիտել կրկին Մինսկի խմբի ձեւաչափում Արցախի հարցի խաղաղ կարգավորումը: Միաժամանակ` Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հաղթանակով` Բոլթոնը կարգավորման հարցում վճռական քայլերի է սպասում (՞), քանի որ չկարգավորումը արտաքին ազդեցությունների դուռ է բացում, սա ասվել է Փաշինյան-Բոլթոն հանդիպումից ավելի ուշ, ասուլիսին, Բոլթոնը նաեւ թափանցիկ ակնարկ է արել, թե ամերիկյան զենքը լավն է ռուսականից: Ինչ վերաբերում է Ընտրական նոր օրենսգրքին, որի ընդունումը ՀՀԿ-ն տապալել էր, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների միացյալ ստորագրահավաքով երկուշաբթի հրավիրվելիք արտահերթ նիստում այն նորից քննարկվելու է: ԸՕ-ի վերաբերյալ ՀՀԿ-ն շարունակում է պնդել կոնսենսուսի բացակայությունն ու մի շարք այլ դրույթների հետ անհամաձայնությունները, հավանաբար հուսալով, որ հին օրենսգրքով գոնե մի փոքրիկ խմբակցություն, ի հաշիվ տեղերում դեռեւս պահպանած իր ազդեցիկ անդամների, կարող է նոր խորհրդարանում տեղ ունենալ: Սակայն չենք կարծում, որ մեր ժողովուրդն այլեւս կհանդուրժի այդ ազդեցությունների շարժիչ ուժ փողի դերակատարությունը: Այնպես որ ՀՀԿ-ի ընտրությունն է` կրկին տապալել այն երկուշաբթի եւ երկիրն ընտրությունների տանել հին օրենսգրքով, վստահ չլինելով իր վարկանիշի վրա, թե՞, այնուամենայնիվ, օգնել այն ընդունելու, միգուցե ինքն իրեն գցելով նոր ԸՕ-ով չորրորդ ուժի համար նախատեսված երկու տոկոսով արգելանքն անցնելու հնարավորության տակ եւ այդպես ներկայացված լինելով նոր խորհրդարանում: Հետաքրքական է, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԱԺ կանոնակարգի այն փոփոխությունը, ըստ որի Ազգային ժողովի նիստի ընդհատման դեպքում, խոչընդոտը չեզոքացվելուց հետո, այն կարող է շարունակվել, այդպիսով բացառելով ԱԺ լուծարումը նիստերի չկայացման հետեւանքով: Ա. Սարգսյանը նշել է օրենքի սահմանադրաիրավական խնդիրների մասին, եւ ուղարկել այն Սահմանադրական դատարան: Երկշաբաթյա ժամկետում, երբ ՍԴ-ն ուսումնասիրի օրենքը, հավանաբար Հայաստանում արդեն հին ԱԺ-ն լուծարված, իսկ ընտրությունների օրը մոտ կլինի: Առհասարակ` տարբեր առիթներով, այդ թվում` տնտեսական բովանդակության իր նախաձեռնությունների մեջ կամ Էրդողանին վերջերս հղած իր ուղերձով առավել նկատելի է դառնում իշխանության մեջ նախագահ Սարգսյանի դերակատարության առավել ընդգծման միտումը, սա մտածված է, թե՞ հենց բխում է Սարգսյանի նախաձեռնողականությունից, դեռ պարզ չէ, սակայն մոտակա գործընթացները շատ բան ցույց կտան: Ի դեպ` հոկտեմբերի 31-ին, այն օրը երբ ԱԺ արտահերթ նիստով վարչապետի ընտրության հարցը մի անգամ եւս կքննարկվի, կառավարությունը եւս մի արտահերթ նիստ է հրավիրել` 24-ժամյա ռեժիմում կքննարկվի «Համաներման մասին» օրենքի նախագիծը : Այս պահին քրեակատարողական հիմնարկներում առկա են 1920 դատապարտյալ: 1913 թվականից այս կողմ համաներում չի հայտարարվել, իսկ այս համաներումը Երեւանի 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին խորհրդարանի 100-ամյակի կապակցությամբ է: Թե որքան մարդու է դա վերաբերելու, դեռ հայտնի չէ, այն անվանում են մեծ մարդասիրական համաներում, եւ դատելով նրա դրույթներից` կարող է վերաբերել դատապարտյալների բավական լայն կոնտինգենտի: Չնայած` այս անգամ եւս դատպարտյալների հարազատների դժգոհություն կա արդեն հրապարակված նախագծի ընդգրկումից: Ասենք, որ համաներումներից հետո հանցագործությունների թվի աճ է արձանագրվում սովորաբար, իսկ ազատ արձակվածների մոտ երեսուն տոկոսը մեկ տարվա ընթացքում վերադառնում է բանտ` նոր հանցագործություն կատարելով: Եթե նայենք համաներման դրույթները եւ մոտավոր հաշվենք` միգուցե քրեակատարողական հիմնարկները կիսով չափ կբեռնաթափվեն: Վարչապետի պաշտոնակատարը, խոսելով այդ հիմնարկների վարքուբարքի մասին, ԱԺ նիստում ասել էր, թե դա մարդկանց քամելու մի համակարգ է, որտեղ որքան շատ լինեն դատապարտյալները, այնքան շատ մարդիկ ու ընտանիքներ կքամվեն: Հուսով ենք` սրան վերջ կտրվի նախ այն քաղաքականության շնորհիվ, որ խափանման միջոցը կալանքն ընտրելու սովորույթից եւ ըստ այդմ` ճնշմամբ նախաքննական ցուցմունք կորզելու գործելակերպից մերոնք աստիճանաբար հրաժարվում են, եւ բացի այդ` այժմ կնվազի նաեւ կաշառքով աչառու դատավճիռների թիվը (միամիտ չենք, որ հավատանք, թե իսպառ կվերանա): Այդպիսով` միայն իսկապես հանցագործներով համալրելով քրեակատարողական հիմնարկները, եւ, ինչպես դատապարտյալներից շատերի հարազատներն են պնդում, ոչ իրավական համակարգի (այս դեպքում` նախկին ռեժիմի) զոհերով: |