RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-26 00:04:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 4419, Տպվել է` 534, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ՞ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն մեր պետության համար: Աշխարհի թիվ մեկ գերտերությունը շարունակում է մնալ ամենաազդեցիկ պետությունը աշխարհում, հետեւաբար հետաքրքրությունը այդ պետության ու նրա արտաքին քաղաքականության հանդեպ միշտ էլ մեծ է եղել:

Վերջին օրերին նկատելի է ամերիկյան պաշտոնյաների ակտիվությունը տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում: Իրար հետեւից Երեւան այցելեցին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը, ապա Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռեբերտ Ջուլիանին, իսկ երեկՙ Սպիտակ տան ամենաազդեցիկ գործիչներից մեկիՙ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Հասկանալի է, որ այս այցելությունները պայմանավորված չեն միայն Հայաստանով եւ շատ դեպքերում դրանք տարածաշրջանային են, սակայն ստեղծվել է լավ հնարավորություն սկսելու բանակացություններ` առաջ քաշելով երկկողմ համագործակցության նոր օրակարգ, որը հավասարապես ձեռնտու կլինի թե՛ ՀՀ-ին եւ թե՛ ԱՄՆ-ին: Շատերը այս այցերը գնահատում են նաեւ որպես ճանաչողական. Վաշինգտոնը փորձում է հասկանալ «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած անձանց արտաքին քաղաքական նախասիրությունները:

Չնայած Հայաստանի նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արտաքին քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ ամերիկացիները տեղում, ինչպես ասում են, անձամբ են ուզում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Նկատենք, որ շատ լավ հնարավորություն է ՀՀ իշխանությունների համար առաջ քաշելու ու քննարկելու այն հարցերը, որոնք ռազմավարական-անվտանգային հետաքրքրություն ունեն Հայաստանի համար:

Իսկ անվտանգությունը իսկապես շարունակում է առաջնային լինել թե ՀՀ-ի եւ թե տարածաշրջանի համար: Բազմաթիվ հակամարտություններին գումարվել է նաեւ Սիրիական հիմնախնդիրը, Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները եւայլն:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականիՙ Բոլթոնի տարածաշրջանային այցը հենց կարելի է դիտարկել անվտանգության հիմնախնդիրների տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ ազգային անվտանգության համար մարտահրավեր է համարվում իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, ինչպես նաեւ Իրանը, որի միջուկային քաղաքականությունը դիտարկվում է որպես սպառնալիք Վաշինգտոնի, ինչպես նաեւ նրա ռազմավարական դաշնակից Իսրայելի համար:

ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրումը, Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը ու հատկապես միջուկայինՙ Վեցնյակի պայմանագրից դուրս գալը, իրապես լարեց իրավիճակը տարածաշրջանում: ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել Իրանի նկատմամբ սահմանափակելով ներդրումները այդ պետության նավթագազային ոլորտ, ինչպես նաեւ արգելելով այդ պետությունից նավթի գնումը այլ երկրերի կողմից:

Հետեւաբար իրանյան հիմնախնդիրը այն հարցերից է, որը հավանաբար կլինի Բոլթոնի օրակարգում ՀՀ իշխաությունների հետ քննարկման ժամանակ: Սիրիական պատերազմը նույնպես ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակում է, չնայած Թրամփը պնդում էր, որ իշխանության գալուց հետո զինուժը կհեռացնի այնտեղից, սակայն իրականությունը այլ էր, Սպիտակ տունը ստիպված է զորքեր պահել Սիրիայում:

Հայաստանի որոշումըՙ հումանիտար ներկայությունը ապահովել Հալեպում, ռուսական զորքերի հետ միասին, հարց է, որը նույնպես եղել է երկկողմ քննարկումների առարկա: Հայաստանը կարիք ունի հավասարակշռել այս իրողությունը, մասնավորապես մեծացնելով հայ խաղաղապահների ներկայությունը Աֆղանստանում եւ այլն:

Սակայն պարզ է, որ ՀՀ-ի համար հիմնական հարցը հայ-իրանական հարաբերություններն են: Գաղտնիք չէ, որ Մեղրու սահմանը ռազմավարական-անվտանագային նշաակություն ունի Հայաստանի համար: Դա այլընտրանքային այն ուղին է, որը ՀՀ-ն օգտանգործում էր անցած դարի 90-ականներին, երբ փաստացի չէր գործում հյուսիսային հայ-վրացական սահմանը:

Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ՀՀ-ի համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի ակտիվ միջնորդությամբ կնքվեց ԵԱՏՄ-Իրան նախնական պայմանագիրը, որով պետք է ակտիվանան երկկողմ առեւտրատնտեսական կապերը: Այդ պայմանագրով Հայաստանը կամուրջ է դառնում ԵԱՏՄ անդամ պետություններից դեպի Իրան եւ հակառակ ուղղությամբՙ մինչեւ 500 անուն ապրանքների տեղաշարժի համար:

Հետեւաբար Բոլթոնի հետ քննարկվող հարցերի օրակարգում առաջնային էր լինելու հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները ամերիկյան պատժամիջոցներից դուրս բերելու հարցը: Հայկական կողմը պետք է ցույց տար, որ պաշտոնական Երեւանը չի կարող սահմանափակել հարաբերությունները Իրանի հետ եւ որ այդ հարաբերություններն ու ապրանքաշրջանառությունը ոչ մի կերպ չեն վնասում ԱՄՆ ազգային անվտանգությանը տարածաշրջանում:

Հայաստանի համար գերկարեւոր է արցախյան հիմնախնդիրը, իսկ հեռացող դեսպանի հայտարարությունըՙ մտահոգիչ: Հետեւաբար Բոլթոնին տեղում պետք էր բացատրել, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է շնորհիվ ստեղծված ստատուս-քվոյի, որի խախտումը կփոխի ռազմաքաղաքական հավասարակշռությունը` հանգեցնելով նոր պատերազմի:

Երկկողմ օրակարգ մշակելիս կարեւորվում է նաեւ անվտանգության բնագավառում համագործակցության, հատկապես կրթական ու հետազոտական բաղադրիչի ներդրումը: Անվտանգության ու հատկապես ռազմավարական-անվտանգային հետազոտությունները ՀՀ-ում թերի են, իսկ իշխանափոխությունից հետո, ընդհանրապես այդ տիպի աշխատանքները էականորեն նվազել են, ինչը կարելի է մասամբ փոխարինել համատեղ ուսումնասիրություններով:

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, հատկապես վերջին տարիներին, կարելի է բնութագրել որպես լճացող: Այստեղ էական տեղաշարժ չկար, ինչը աղքատացնում ու նաեւ վտանգում է ՀՀ արտաքին քաղաքականության բազմազանությունը:

Հայաստանի համար ԱՄՆ-ը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն իր հզորությամբ, այլեւ մեծ հայկական համայնքի առկայությամբ: Գաղտնիք չէ, որ հայերի թվով ԱՄՆ-ը մեծությամբ երկրորդ պետությունն է, հետեւաբար այդ պետության հետ հարաբերությունների սերտացումը բխում է մեր շահերից:

Իր հերթին հայկական համայնքը, որը լոբբիստական աշխատանքի մեծ փորձ ունի, պետք է առաջ մղի հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման օրակարգը, որի մեջ ընդգրկի թե՛ երկկողմ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ անվտանգային հիմնախնդիրները: Հայկական համայնքի կենտրոնացվածությունը միայն Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրաՙ նեղացնում ու սահմանափակում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եւ նրան զրկում զարգացման օրակարգից: Ժամանակն է, որ հայկական լոբբիստական կառույցները ակտիվ կերպով առաջ մղեն ՀՀ շահերը դրա դրսեւորման ամբողջ լայնությամբ ու բոլոր ուղղություններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ