RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-10-26 00:04:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 4179, Տպվել է` 495, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆ. ԲԱՐԴ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ

Պ.Ք.

ԱՄՆ-ին սպասում է հաղթանակ, թե՞ ձախողում

Նոյեմբերի 4-ին ուժի մեջ կմտնեն ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները Իրանի եւ այն երկրների նկատմամբ, որոնք նրա հետ կպահպանեն առեւտրական հարաբերություններ: Վաշինգտոնը բացում է «իրանական գործի» նոր էջը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «դա կլինի կարեւոր օր, երբ ուժի մեջ կմտնեն նոր կանոններ նրանց նկատմամբ, ովքեր անհրաժեշտ են համարում տնտեսական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

Ս.թ. մայիսին Վաշինգտոնը դուրս եկավ իրանական միջուկային բազմակողմ համաձայնագրից եւ միակողմանիորեն հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում իրանական նավթի սպառողների նկատմամբ: Ամերիկյան հրատարակություններից մեկը գրում է, որ պատժամիջոցների նպատակն է «Իրանին ստիպել հեռու մնալ Սիրիայում, Եմենում եւ Իրաքում տարածաշրջանային հակամարտություններից եւ վերջ դնել սեփական բալիստիկ հրթիռների ծրագրին»:

Այս կապակցությամբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Երուսաղեմում Reuters գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ «օտարերկրյա պետությունների համար իրանական նավթի արտահանմանն առնչվող պատժամիջոցների ռեժիմից խուսափելն այսուհետեւ ավելի դժվար կլինի, քան Օբամայի օրոք»: Նա ենթադրել է, որ պատժամիջոցները զգալի ազդեցություն կունենան Իրանի տնտեսության վրաՙ կապված իրանական շուկայից խոշոր ընկերությունների հեռացման եւ պատժամիջոցների հետ կապված երկյուղների հետ: Նրա խոսքերով, առաջիկա երկու տարիներին Իրանի տնտեսության վրա շատ մեծ ճնշումներ են գործադրվելու: Միեւնույն ժամանակ, Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ միջուկային նոր գործարք կնքել Համատեղ գործողությունների ներկայիս ծրագրի փոխարեն:

Սակայն նոր համաձայնագիրը «պետք է ոչ միայն հաշվի առնի Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ ԱՄՆ-ի բոլոր երկյուղները», այլեւ կլինի չտարածման պայմանագրի մի մասը, քանի որ «իրանցիների հրթիռային ծրագրի վտանգները ավելի ու ավելի նկատելի են դառնում Եմենում, Իրաքում եւ Սիրիայում»: Այսինքն, Իրանին ներկայացվող պահանջները բավական լայնընդգրկուն ենՙ միջուկային ծրագրի դադարեցումից մինչեւ «վարքագծի փոփոխությունը Մերձավոր Արեւելքում»: Այս ուղղությամբ ամերիկյան դիվանագիտությունը եռանդուն աշխատանք է կատարում ինչպես իր մերձավորարեւելյան գործընկերների, այնպես էլ աշխարհի մյուս տերությունների հետ:

Պատահական չէ, որ իրանական թեմատիկան դարձավ Մոսկվայում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնի եւ նրա ռուս պաշտոնակցի քննարկումների գլխավոր կետերից մեկը: Գերմանական Sueddeutsche Zeitung թերթի կարծիքով, այնպես է ստացվում, որ «Բոլտոնը տվյալ հարցը քննարկում է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների սահմանափակման պայմանագրի հետ ընդհանուր փաթեթով, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի»:

Ինչպես նշում է գերմանական Die Welt թերթը, Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների սահմանափակման պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը անսպասելի չէրՙ մեջբերելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնի հետեւյալ հայտարարությունը. «Մենք չենք կարող թույլ տալ այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը կարող է տեղաբաշխել պայմանագիրը խախտող հրթիռներ, իսկ մենքՙ ոչ»: Die Welt-ի կարծիքով, պայմանագրից դուրս գալով ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես մեղավոր կողմ, քանի որ նրա ներկայացրած ապացույցներն անբավարար են: Թերթը հիշեցնում է Մեծ Բրիտանիայում Սկրիպալների թունավորման դեպքը, երբ Ռուսաստանին անմիջապես մեղավոր հայտարարեցինՙ չներկայացնելով հիմնավոր ապացույցներ: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է Ռուսաստանին դրդել դիմելու ռազմատեխնիկական հակամիջոցների: Թերթը Մոսկվայի զուսպ արձագանքը բացատրում է ռուսների վստահությամբ, որ պայմանագրից դուրս գալու դեպքում ԱՄՆ-ը տանուլ կտա, ըստ որում ոչ միայն դիվանագիտական, այլեւ ռազմական տեսակետից:

Ամեն ինչ ամփոփվում է միասնական բարդ հանգույցի մեջ: Եվրոմիությունը հավանություն չի տալիս իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն: Մոտ օրերս պետք է մշակվի նոր մեխանիզմ, որը Բրյուսելին, Մոսկվային եւ Պեկինին հնարավորություն կտա շրջանցել Իրանի հետ առեւտրի վրա ԱՄՆ-ի հաստատած սահմանափակումները: Խոսքը մասնավորապես 1996 թ. շրջափակող օրենքի մասին է, որը եվրոպական ընկերություններին արգելում էր ենթարկվել, օրինակ, Կուբայի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած պատժամիջոցներին: Եթե տվյալ մեխանիզմը իրոք գործի դրվի, ապա Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները եթե չձախողվեն էլ, ապա գոնե կմեղմացվեն:

Միեւնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ամերիկյան պատժամիջոցներից վախենալովՙ եվրոպական որոշ ընկերություններ սկսել են Իրանում սահմանափակել իրենց գործունեությունը, կարելի է արձանագրել եվրոպական գործարար աշխարհի պառակտման, առեւտրի ոլորտում գործընկերների շահերի խախտման փաստը: Բացի դրանից, որոշ փորձագետներ կարծում են, որ «պատժամիջոցները կհանգեցնեն իրանական նավթի հետ կապված մրցավազքի, ինչը ձեռնտու է արտահանողներին, բայց անհարմարություն է ստեղծում Եվրոմիության երկրների համար, որոնք նավթամթերք ներմուծողներ են եւ կարող են տնտեսապես տուժել»:

Սիրիայի հարցում Թեհրանը դաշինք է կազմել Մոսկվայի եւ Անկարայի հետ: Բրյուսելը Սիրիայի հարցում համաձայն չէ Ռուսաստանի դիրքորոշմանը, թեեւ իրանական միջուկային գործարքի առնչությամբ ռուսների կողմն է բռնելՙ մերժելով նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: ԱՄՆ-ը պատրաստ չէ Սիրիայի իրադրության վերաբերյալ համաձայնության գալ, քանի դեռ իրանական զորքերը դուրս չեն բերվել այնտեղից: Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթով հարուստ ամենամեծ տարածքը գտնվում է Վաշինգտոնի պաշտպանությունը վայելող քրդերի ձեռքին, բայց դրան կտրականապես դեմ է Թուրքիան: Պարզ է, որ նման պայմաններում իրենք եւս զանազան պատճառներով պատժամիջոցների ենթարկված Մոսկվան եւ Անկարան չեն շարժվի ամերիկյան քաղաքականության նավարկուղիով: Այս կապակցությամբ չինական «Սինհուա» գործակալությունը կարծում է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Անկարայի վրա, որպեսզի նրան ստիպի միանալ պատժամիջոցներին կամ էլ նրան կառաջարկի ինչ-որ անդրկուլիսյան գործարքներ:

Օրինակ ԱՄՆ-ը կարող է Թուրքիային ազատել ենթադրյալ սահմանափակ պատժամիջոցներից մինչեւ 2019 թ. մարտ ամիսը, երբ երկրում անցկացվելու են տեղական ընտրություններ: Բայց Անկարային դա չի բավարարում: Նա հայտարարում է, որ պատժամիջոցներ չի ձեռնարկի իր արեւելյան հարեւանի դեմ, քանի որ «Թուրքիայի տնտեսությունը կտուժի դրանից»; Բայց բանը միայն դա չէ: Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում է սահմանափակել հարաբերությունները Ռուսաստանի հետ, նախ եւ առաջՙ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, պահանջում է հրաժարվել ռուսական զենիթահրթիռային հ-400 համալիրի ձեռքբերումից: Եվ դարձյալ խնդիրը միայն սա չէ: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, Անկարան բախվում է «քողարկված սպառնալիքների», երբ նախկին բրիգադային գեներալ Նայիմ Բաբյուրօղլուի խոսքերով, Թուրքիայի հանդեպ թշնամաբար տրամադրված ուժերը փորձում են մասնատել երկիրը: Նրա կարծիքով, «ներկայումս ԱՄՆ-ի թիրախ դարձած Իրանից հետո գալու է Թուրքիայի հերթը»:

Այսպիսով, Թեհրանը սկսել են դարձնել Մերձավոր Արեւելքում լարվածության գլխավոր աղբյուրը: Իսկ ի՞նչ կլինի հետո: CBS News հեռուստաալիքի անցկացրած հարցման տվյալների համաձայն, առաջիկա երկու տարիներին իրադարձությունները կարող են զարգանալ մի քանի սցենարով:

Առաջինը ստատուս-քվոյի պահպանումն է: Վաշինգտոնը դուրս է եկել Միջուկային գործարքից, բայց Թեհրանն այնտեղ է մնում Եվրոպայի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Ստատուս-քվոյի պահպանման դեպքում Թեհրանը կպնդի, որ ԱՄՆ-ը իրենից ներկայացնում է հանցավոր վարչակարգ, մինչդեռ Իրանը կատարում է համաձայնագիրը: Երկրորդ, տնտեսական վիճակի վատացման եւ հանրային հուզումների վտանգի կապակցությամբ Թեհրանը ստիպված կլինի դիմել ամերիկացիների հետ դիվանագիտական երկխոսության եւ վերանայել միջուկային գործարքը, ինչպես դա տեղի ունեցավ ԿԺԴՀ-ի դեպքում: Երրորդ, Իրանի ներքին իրադրության ապակայունացումՙ վարչակարգի փոփոխման սպառնալիքով: Չորրորդ, Սիրիայի նմանությամբ, Իրանը ներքաշում են եւս մեկ տարածաշրջանային զինված հակամարտության մեջ, որին մասնակից կդառնան Սաուդյան Արաբիան, Իսրայելը եւ ԱՄՆ-ը:

Եվ հինգերորդ, Իրանի հետ դիմակայությունը Վաշինգտոնի համար կարող է դառնալ ձախողում: Առայժմ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ հարակից շրջաններում, ներառյալ Անդրկովկասում, աճում են ապակայունացման վտանգները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 26-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ