#Cloud-VivaCell-MTS-Ը ԹՈՒՅԼ ԿՏԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud-VivaCell-MTSՙ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայությունՙ նախատեսված մեծ, միջին եւ փոքր ընկերությունների համար: Շուկայում առաջատար ամպային պլատֆորմի, տվյալների կենտրոնների (data center) եւ հաղորդակցական ուղիների (channels) անընդհատ ընդլայնվող ցանցի համադրությունը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել կոմպլեքս խնդիրների ու տվյալների պահման ամպային լուծումներից: Այս մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ամպային ծառայությունների անընդհատությունն ապահովելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է ամպային ենթակառուցվածք, որում համադրվել են սեփական հաղորդակցական ուղիներն ու կիրառվել նորարարական տեխնոլոգիաները: Ընկերությունն իր տվյալների կենտրոնները վերազինել է տվյալների պահման առավել արդիական ու ապահով համակարգերով եւ սերվերներով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների կենտրոնը համապատասխանում է անխափան աշխատանքի ապահովման ամենաբարձր չափանիշներին, ներառյալՙ էլեկտրասնուցման ու հովացման համակարգերի գործունեության անընդհատությունը: Այսպես, համակարգի բաղադրիչներից մեկի տեխնիկական խնդիրը չի կարող խաթարել ամբողջ համակարգի բնականոն աշխատանքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ամպային լուծումների համակարգը ճկուն է եւ հարկ եղած դեպքում կարող է հեշտորեն վերաձեւվելՙ ըստ ծառայություններին առաջադրված նոր պահանջների: Բացի այդՙ համակարգը բացարձակապես անվտանգ է շրջակա միջավայրի համար եւ հուսալիՙ ամբողջովին համապատասխանելով ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ սոցիալական եւ բնապահպանական պատասխանատվության երկարաժամկետ ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամպային ծառայությունը տրամադրում է վիրտուալ միջավայրում գործող պլատֆորմ, որը թույլ է տալիս ընկերություններին մշակել, գործարկել եւ կառավարել ծրագրային հավելվածներՙ առանց սեփական ենթակառուցվածքը կառուցելու եւ սպասարկելու անհրաժեշտության: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ամպային ծառայություններից օգտվելու դեպքում ընկերությունները կարող են մի քանի անգամ նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի հետ կապված իրենց ծախսերը եւ ստանալ շոշափելի արդյունքՙ խնայելով թե՛ սեփական ժամանակը, եւ թե՛ ֆինանսական, խորհրդատվական եւ մարդկային ռեսուրսներ (ներառյալՙ ՏՏ աշխատակազմ պահելու եւ դրա շարունակական ուսուցման համար պահանջվող), եւ այլ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է մշակման եւ կառուցման ճկուն միջավայր, որը թույլ է տալիս օգտագործողներին ինքնուրույն տեղադրել ցանկացած բանՙ պարզ ամպային հիմքով հավելվածներից ընդհուպ մինչեւ բարդ, ամպային տեխնոլոգիաներով գործող, ընկերությունների համար կրիտիկական կարեւորության ծրագրեր եւ տվյալների հավաքակազմերՙ ապահովելով դրանց բարձր աստիճանի անվտանգությունը եւ հուսալիությունը: «#Cloud-VivaCell-MTS-ի գործարկումը մեր թվային ռազմավարության իրագործման ծրագրի հերթական քայլն է: Ընկերությունն աստիճանաբար ընդլայնում է իր գործունեության ոլորտներըՙ դուրս գալով բջջային եւ ֆիքսված ծառայությունների շրջանակներից դեպի ավելի նորՙ ամպային, մեծ տվյալների (Big Data), ֆինանսական եւ բանկային ծառայությունների, իրերի ինտերնետի (IoT), համակարգերի ինտեգրման եւ այլ բնագավառներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող կորպորատիվ ամպային ծառայությունները մեծ, փոքր եւ միջին ընկերություններին թույլ են տալիս ստեղծել, կատարելագործել եւ իրականացնել ծրագրերՙ շարունակական արդիականացում պահանջող ենթակառուցվածքներ ստեղծելու փոխարեն բարելավելով սեփական գործարար դիրքերը: Ակնհայտ տնտեսական խնայողությունները, ինչպես նաեւ ամպային կառավարման ճկունությունն ու պարզությունը, որոնք առաջարկում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, մեծապես կօգնեն ձեռնարկություններին ձեռք բերել մրցակցային առավելություններ եւ բարձրացնել արդյունավետությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: |