ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Միկրոէլեկտրոնիկայի հերթականՙ 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Հայաստանումՙ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Մրցույթին մասնակցող երկրների աշխարհագրությունն այդ փուլում եւս եղել է ներկայանալի. 38 մասնակիցՙ 18 երկրիցՙ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից, Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ուրուգվայից: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահումՙ հանդիսավոր երեկոյի ընթացում: Առաջին մրցանակակիր է դարձել Միլոշ Սրպսկոնՙ Սերբիայից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յե Դինգըՙ Գերմանիայից: Երրորդ մրցանակին արժանացել է Ֆաբիան Տորրեսըՙ Ուրուգվայից: 2006 թ.-ին Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում եւ ոգեւորում է մինչեւ 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարեւոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանըՙ Հայաստանում եւ մասնակից երկրներում: Այն երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբՙ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաեւ օգնում բացահայտել երիտասարդ մասնագետներիՙ ոլորտին առնչվող գիտելիքների մակարդակըՙ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով: Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, 22 երկրիցՙ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Գերմանիա, Եգիպտոս, Էկվադոր, Թաիլանդ, Իրան, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Հայաստան, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ, Վրաստան, Ուկրաինա, Ուրուգվայ եւ Ֆիլիպիններ: Առաջին փուլի 342 մասնակիցներից 88-ը ներկայացրել են մեր երկիրը: Արդեն յոթ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: «Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորներից են նաեւ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն: Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքըՙ www.microelectronicsolympiad.org |