RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



ՄՈՍԿՎԱՀԱՅԵՐ

Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2021, Տպվել է` 191, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ՆԻՍՏ ՈՒ ԿԱՑՈՎ ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՀԱՅԻ ՊԱՏԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ընթերցողին եմ ներկայացնում Ռուսաստանում ապրող եւ գործունեություն ծավալող հերթական հայրենակցիսՙ պատվախնդիր հայի, ով ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով դրսում, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է:

Ինձ վրա այդպիսի տպավորություն թողեց Աշոտ Մարտիրոսի Խաչատրյանը:


Ծնվել է 1951 թվականին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում, Մարտիրոս եւ Թամար Խաչատրյանների բազմազավակ ընտանիքում:

Աշոտի մոտ դեռ վաղ երիտասարդության շրջանում ի հայտ է գալիս գործարարության նկատմամբ սերը: Նրա վառ երեւակայությունն ու տրամաբանող միտքը մշտապես ուղիներ էր փնտրում սոցիալ-կենցաղային դժվարին պայմաններում ապրող իր հայրենակիցների հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ: Եվ հենց այդ ձգտումն ու կազմակերպչական ընդունակություններն էլ Շահումյանի շրջանի ղեկավարներին հավատ եւ վստահություն ներշնչեցին, որպեսզի Աշոտը նշանակվեր սպառողների շրջանային կոոպերացիայի նախագահ:

Իր պարտականությունները բարեխղճությամբ ու մեծ խանդավառությամբ կատարող երիտասարդի կազմակերպչական գերազանց ընդունակություններն ի հայտ եկան հատկապես Արցախյան ազատամարտի տարիներին, երբ նա որպես քաջարի հերոս Շահեն Մեղրյանի մերձավոր զինակից եւ տեղակալՙ հայրենի շրջանի ինքնապաշտպանական ջոկատներին ոչ միայն սնունդ էր մատակարարում, այլեւ զինամթերք:

Այդ ծանր, օրհասական բայց եւ բազմաթիվ սխրագործություններով լի չորս տարիներին (1988-1992 թթ.), Աշոտ Խաչատրյանը մասնակցել է մարտական բազմաթիվ գործողությունների, մահ ու ավերածություններ տեսել, որոնք նա հետագայում նկարագրել է իր հեղինակած «Իմ ժողովրդի ողբերգությունը» գրքում, որի հիման վրա նաեւ վավերագրական ֆիլմ է նկարահանվել: ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների, ազգային-ազատագրական պայքարին նրանց մասնակցության, պատերազմի դաշտում աննկարագրելի սխրագործություններ ցուցադրած հայ քաջորդիների եւ նրանց հերոսամարտերի մասին պատմող գիրքն ու ֆիլմը ընթերցվում եւ դիտվում են մեկ շնչով ու համակ ուշադրությամբ: Աշոտ Խաչատրյանի արժեքավոր պատումի մեջ ե՛ւ ցավ ու ողբերգություն կա, ե՛ւ հպարտություն ու հերոսականություն, որից պիտի դասեր քաղեն եկող սերունդները:

Պատերազմական գործողություններին մասնակցելու ընթացքում Աշոտ Խաչատրյանը չորս անգամ վիրավորվել է: Վերջին անգամ նա գրեթե հրաշքով է ողջ մնացել: 1992 թվականի գարնան սկզբին Ղարաբաղից Երեւան պարենային ապրանքներ եւ զինամթերք տեղափոխող ուղղաթիռը, որի մեջ էր նաեւ Աշոտ Խաչատրյանը, թշնամու կողմից խփվեց Քելբաջարի լեռներում: Ծագած հրդեհի ճիրաններում տասնյակ մարդիկ զոհվեցին: Հրաշքով ողջ մնացածների թվում էր նաեւ Աշոտ Խաչատրյանը, ովքեր ժամեր շարունակ մի քանի մետր ձյան եւ 40 աստիճանի սառնամանիքի մեջ մնալուց հետո փրկվեցին եւ երկար ամիսներ պահանջվեցին, որպեսզի Աշոտը ոտքի կանգներ:

Հենակներով մարտադաշտ վերադառնալու մասին խոսք անգամ լիներ չէր կարող եւ հարազատների ու ընկերների երկար պնդումներից հետո Աշոտը մեկնեց Երեւանՙ ապաքինման կուրս անցնելու:

Եվ հենց Երեւանում, 1992 թվականի հունիսի 13-ին, Աշոտ Խաչատրյանին հասավ հայրենի Շահումյանի շրջանի անկմանՙ Ադրբեջանի կողմից բռնազավթվելու աղետալի լուրը: Տեղի հայ բնակչությունըՙ շուրջ 20.000 մարդ, տարհանվել էր:

Հայրենիքի կորուստն ու հազարավոր ընտանիքների համար այդ մեծ ողբերգությունը, ինչպես Աշոտ Խաչատրյանը հետո գրել է «Իմ ժողովրդի ողբերգությունը» գրքում, քաղաքական անմաքուր խաղերի արդյունք էր:

Թյուր կարծիքներ կան, որ Շահումյանն ընկել է առանց պայքարի: Դա սուտ է, քանի որ շահումյանցիները ուղիղ 1000 օր դիմակայել են բլոկադային, «Կոլցո» օպերացիային, ԽՍՀՄ փլուզմանը, ադրբեջանա-ռուսական ՕՄՈՆ-ի հարձակումներին, հայ կուսակցական խաղերին...

Սփյուռքի մեր հերոս տղաները, տեղացի եւ Հայաստանից ժամանած ինքնապաշտպանական ջոկատները պինդ էին պահում Շահումյանի պաշտպանությունը...

«Ամենացավալին այն է, որ մենք այսօր լռում ենք հայրենիքի կորստի, Արցախ աշխարհի հյուսիսային դարպասները կյանքի գնով պաշտպանողների եւ շահումյանցիներին դավադրաբար դավաճանելու մասին»,- գրում է գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանը Աշոտ Խաչատրյանի գրքի առաջաբանում:

Ճակատագրի կամոք 1992-ի ամռանը Աշոտ Խաչատրյանը հայտնվում է Մոսկվայում: Այստեղ նրան մեծ փորձություն էր սպասվումՙ ամեն ինչ նորից սկսելու, ոտքի կանգնելու, ինքնահաստատվելու, հմուտ գործարարի իր փորձը, տաղանդն ու գիտելիքները ի ցույց դնելու եւ հաջողությունների հասնելու դժվարին փորձությունը, որի համար տքնաջան ու ջանադիր տարիներ պահանջվեցին:

Եվ ահա կամային բարձր հատկանիշներով օժտված ու պրպտուն մտքի տեր եւս մեկ հայի փայլուն օրինակ, թե ինչպես կարելի է հայրենիքից հեռու, օտար ափերում գործարարությամբ զբաղվել եւ հասնել աննախադեպ հաջողությունների:

Այսօր արդեն Աշոտ Խաչատրյանը ռուսաստանյան ճանաչված ու հեղինակավոր շրջանակներում հարգված եւ հայտնի անուն է, հաջողակ բիզնեսմեն, հասարակական գործիչ եւ բարերար: Ռուսաստանում ապրող 100 հայտնի հայերի ցանկում նա վաղուց իր արժանի տեղն է զբաղեցրել վերին հորիզոնականում: Եվ մեծ սրտի ու հոգու տեր մեր հայրենակիցը երբեք միայնակ չվայելեց իր հաջողությունների պտուղները: Նա իր ծաղկուն բիզնեսի շուրջը հավաքեց եւ աշխատանքներում ներգրավեց իր ընկերներին, ծանոթներին, համագյուղացիներին:

Աշոտ Խաչատրյանի բարեգործության շրջանակները բավականաչափ ընդգրկուն են: Նա եւ իր երկու տղաները մի քանի տարի առաջ դպրոցի նոր մասնաշենք կառուցեցին Արցախի Հանրապետության Նոր Կարաչինար գյուղում: Բացի այդ, Արցախի բանակին են նվիրել տրակտոր եւ թրթուրավոր ամենագնաց մեքենա: Իսկ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ծանր ու օրհասական օրերին, երբ մեր մարտիկները կենաց-մահու մարտեր էին մղում շփման գծի ամբողջ երկայնքով, չուշացավ օգնությունը. բառացիորեն մի քանի օրում Խաչատրյանների կողմից տեղ հասավ ու բանակի տրամադրության տակ դրվեց շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակըՙ «ՈւԱԶ» մակնիշի սանիտարական մեքենաներ: Անմասն չմնացին նաեւ մարտերի հերոսներըՙ նրանցից երկուսը ստացան Խաչատրյանների կողմից հատկացված անձնական նվերներՙ «Նիվա» մակնիշի մարդատար ավտոմեքենաներ: Օրեր անց նաեւ տեղ հասան «Ուրալ» մակնիշի եւ «Կամազ» մակնիշի զինվորական մեքենաներ: Եվ դա բոլորը չէ: Բանակի համար ձեռք են բերվել եւ ուղարկվել կապի միջոցներ եւ ժամանակակից զինվորական հեռադիտակներ:

Անուշադրության չի մատնվել նաեւ մարտական գործողությունների հետեւանքով բնակավայրերը հարկադրաբար լքած խաղաղ բնակչությունըՙ մի բեռնատար հագուստ է ուղարկվել: Այդ ամենից զատՙ Արցախում նորոգվել եւ բարեկարգվել են բազմաթիվ ավտոճանապարհներ, կառուցվել է ծննդատուն, որպեսզի մանկան ճիչերով լցվի այդ կարեւորագույն հաստատությունը, Արցախ աշխարհում շատանան ծնունդներն ու շենանա հայրենի եզերքը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին մեծ գումար փոխանցելուց զատ, հայրը եւ երկու որդիները գումարային փոխանցումներ են կատարել նաեւ մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մարտիկների բուժման, ինչպես նաեւ ժամանակակից մարտական հանդերձանք ձեռք բերելու նպատակով:

Բարեգործություններն ու նվիրատվություններն ինքնանպատակ չեն Աշոտ Խաչատրյանի եւ նրա զավակների համար: Աստվածահաճո այդ գործունեությունը նրանք անում են սիրով, սրտի կանչով, առանց պարտադրանքի, անում են անաղմուկ եւ առանց ավելորդ թմբկահարումների:

Լինելով չափազանց պատրաստակամ ընտանիք եւ ապրելով Ռուսաստանում, հայրը եւ որդիները չեն կարող անտարբեր մնալ Հայրենիքի մտահոգությունների նկատմամբ, ուստի մշտապես ակտիվ ու նախաձեռնող են հայրենի եզերքի շենացման նախաձեռնություններում եւ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Արցախը բարեկարգելու գործում:

ԼՂՀ զարգացման եւ կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ բարեգործական գործունեության համար Աշոտ Խաչատրյանն արժանացել է մի շարք պարգեւների, ինչպես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, այնպես էլ բազմաթիվ կազմակերպությունների կողմից:

«Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել այստեղ եւ վայելել մեր աշխատածի պտուղները, քանի որ մեր արյան մեջ կա մեր պապերի խստագույն պատգամըՙ աշխարհի որ ծայրում էլ լինենք, չմոռանանք մեր ինքնության մասին, հայրենանվեր գործերով, մեր նիստ ու կացով բարձր պահենք հայի պատիվն աշխարհում»,- ասում է Աշոտ Խաչատրյանը:

Եվ ես համոզված եմ, որ նրա կերպարն ամբողջացնելու համար վաղուց արդեն կենսակերպ դարձած այս մեկ նախադասությունն էլ բավական է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ