130 ԻՆՔՆԱՍՊԱՆ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Դեռեւս քաղաքական կոչվող կյանքի պատկերն ամբողջական չի լինի, եթե չխոսենք վերջին մի բացահայտման մասին: Վերջերս վերահսկիչները հայտնաբերեցին, որ ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի այգիներում ոռոգում է արվել ջրօգտագործման ձախ ճանապարհով, առանց վճարելու, իսկ Արարատյան դաշտի գյուղացիական տնտեսություններն, այդպիսով, զրկվել են ջրից: Գիտեք, այս բացահայտումը հիանալի է, բայց անկեղծ չէ, քանի որ Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ չիմանա` գազը, լույսը, ջուրը միշտ էլ փողատերերը տասնակի ավել օգտագործել են, տասնակի պակաս վճարել: Եթե ստուգող կառույցները կամք դրսեւորեն եւ սկսեն բոլորին ստուգել, ապա ջրի ապօրինի միացումներ կհայտնաբերեն բոլոր ավտոլվացման-գորգալվացման կետերում, բոլոր մեծ այգիներում, բոլոր խոշոր ջրօգտագործողների մոտ`քանի որ տարիներ ձեւավորված տխուր ավանդույթով ավելի էժան է եղել ջրի հսկիչին կամ տարածքային պատասխանատուին կաշառելով` տասնյակ անգամ պակաս վճարելը եւ արդյունքում էժան ինքնարժեքով մեծ շահույթ ունենալը: Նույն կերպ որ լավ փնտրեք` կգտնեք գազի ապօրինի միացման բազմաթիվ կետեր` միլիոն դոլարանոց առանձնատներից սկսեք, արտադրություններով ավարտեք, սա եւս անդրադառնում է ընդհանուրիս մուծած սակագնի վրա: Նույնը էլեկտրաէներգիայի սակագնին է վերաբերում` ում հայտնի չէ հոսանքի «լեւի գծեր» անվանումը, որը մինչեւ հիմա էլ իրականություն է, չնայած վերջին տարիներին համեմատաբար պակաս չափով: Միայն ինչ արժե իրավապահների կողմից «Վյոլիա ջրի» կողմից չինովնիկներին Փարիզ ճամփորդությամբ կաշառելու մեխանիզմի բացահայտումը, որի սակագինն էր թանկացել: Հիմա խնդիր է դրված ընդհանրապես, սկզբունքորեն բան փոխելո՞ւ, թե՞ միայն քաղաքական նպատակահարմարությունից դրդված բացահայտումների` հասկանանք, քանի որ նախընտրական ժամանակի ու մոտիվացված հասցեատիրոջ համընկնում կա: Եվ, իհարկե, քաղաքական նպատակահարմարություն մենք կտեսնենք այնքան, որքան ժամանակ որ կտեսնենք կոռումպացված պաշտոնյաների առկայությունը նաեւ նոր իշխանությունում, անգամ` ի դեմս հեղափոխականի դիմակ հագածների, որոնց տակ հիշողությունը փորփրողները գտնում են նախկին իշխանության առանցքային դեմքերի սանիկներին, բաջանաղներին եւ որդիներին: Դա շատերին մտածել է տալիս, որ հեղափոխությունն այնքան էլ հեղափոխություն չէ, այլ ինչ- որ մեկի անսպասելի նախագիծը, որին խորքային փոփոխությունների առումով ոչ ոք պատրաստ չէր եւ չէ: Ինչ է կատարվում քարոզարշավի մեկնարկից կես ամիս առաջ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրառումներ է անում իր էջում եւ խոսում նախկին իշխանության սխալներից.«Բայց արդյոք իշխանության անցնցում հանձնելու պատասխանը պետք է լիներ լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատույունն ու սեփականության վերաբաշխումը»: Ուրիշ բանի պայմանավորվածություն է եղե՞լ: Համենայնդեպս` Վիգեն Սարգսյանը, Գագիկ Մինասյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Մարգարիտ Եսայանը խոսում են ՀՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու եւ ընդդիմադիր դաշտը խորհրդարանում ներկայացնելու մասին: Իրական ընդդիմության խնդիրն, իրոք, ամենահրատապն է հիմա, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրը նոր խորհրդարանում լուծվելու է: Ի տարբերություն վերը նշված գործիչների` գործընթացներին հետեւող մեր անաչառ հայացքով` ՀՀԿ-ն ճիշտ կաներ թայմ-աութ վերցներ ու այս անգամ չմասնակցեր ընտրությանը, քիչ ավելի ներքեւ կբացատրենք, թե ինչու: «ՀՀԿ-ն խորհրդարանում չի լինի, որ մի հատ էլ ընդդիմություն լինի», ասում է նոր խորհրդարանի ընդդիմադիր տեղերին հավակնող «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը : Բայց ինքը` Մարուքյանը, իր «Լուսավորով» հանդերձ, արդյոք լինելո՞ւ է, քանի որ ընդդիմության համար նախատեսված տոկոսն առաձգական չէ: «Քաղաքացիական պայմանագիրը», չնայած մարդկանց պակասին, այդպես էլ չուզեցավ աջակից «Հանրապետությանն» ու «Լուսավոր Հայաստանին» համոզել` ներառնելու իր ցուցակներում, թույլ տալով իրական ընդդիմությանը դրսեւորվելու եւ խորհրդարան գնալու: Այդպիսով` մասամբ նախկին իշխանության սխալները կրկնվում են, երբ խորհրդարանում ընդդիմությունը նշանակովի էր, այդ թվում`ընդդիմություն էր նշանակվել ԲՀԿ-ն: Հիմա, փաստորեն ընդդիմությունը ծածկելու, կրկնում ենք` ծածկելու հայտ են ներկայացնում «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» (հավանաբար դաշինքով), «Ծառուկյան» դաշինքը, «Սասնա ծռերը» եւ այդ պատճառով ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միգուցե չհայտնվեն խորհրդարանում: Այսինքն` նոր իշխանությունն էլ է ուզում աշխատել (իսկ մեր բնորոշմամբ` թմրել) առանց իրական ընդդիմության: Էլ չասած, որ այս երկսայրի սուրը կարող է ուղղվել նաեւ «Լուսավոր Հայաստանի» կողմը` նրան խորհրդարան չթողնելու ուղերձով. հենց «Լուսավոր Հայաստանը» կարող է խորհրդարան չանցնել`Փաշինյանի անբարյացկամության պատճառով, մի Մանե Թանդիլյան ունեն, որ իր թաղամասում բարձր ռեյթինգ ունի, նա էլ նախարար է, ու շատ հանգիստ կարող է առաջադրվել ՔՊ ցուցակներով (համենայնդեպս` «Լուսավորի» Հայկ Կոնջորյանը ժամանակին զգաց վտանգը եւ թռավ ՔՊ): Բացի այդ էլ` հին Ընտրկան օրենսգրքով չորս քաղաքական ուժ պետք է հայտնվի խորհրդարանում, դրանցից մեկն, անշուշտ «Ծառուկյան» դաշինքն է լինելու, մնացած երկու տեղի համար մեծ կոնկուրս է, այդ թվում` ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համար ներառյալ: Հասկացա՞ք ողջ տրագիկոմիզմը: Ընդ որում` եթե ՀՅԴ-ն չհայտնվի խորհրդարանում, դրանից այդ կուսակցությունը չի վերանա եւ անելիքից չի զրկվի, այլ, ընդհակառակը, միգուցե վերանայի իր աշխատաոճը: Իսկ ահա ՀՀԿ-ն կոչնչանա, քանի որ այն որպես իշխանական կուսակցություն էր ուռճացել, ինչպես հիմա ՔՊ-ն է ուռճանում զանազան պատեհապաշտներով: ՀՀԿ-ում, իրոք, կան այնպիսի պրոֆեսիոնալ եւ բազմափորձ մարդիկ, ինչպիսին օրինակ Գագիկ Մինասյանն է, կամ նորերից-չկոռումպացվածներից մի քանիսը, իսկ փորձն ու գիտելիքը կարողություն եւ ունեցվածք են, որ տվյալ դեպքում ՀՀԿ-ի կորուստով երկիրն է կորցնելու: Իհարկե, ՀՀԿ-ի սխալները բազում են, տասնամյակով մենք ինքներս ձայն բարբառո հանապատի մատնացույց ենք արել դրանք, այնպես որ ՀՀԿ-ի արժանի մարդիկ պետք է նեղանան ՀՀԿ-ի անարժաններից, որ վատնեցին-փոշիացրին իրենց ստեղծած ներուժը: Մնում է նոր իշխանություններն այդ սխալները չկրկնեն, չնայած դրա հավանականությունն ամեն անցնող օրվա հետ առավել նվազական է դառնում: Վերադառնալով ԸՕ-ին եւ վարկանիշային թեկնածուների խնդրին` մենք սրբագրում ենք ինքներս մեզ` այս կարգը հիմա շուռ է գալու բոլորի դեմ, բացի «Քաղպայմանագրից», կամ որ նույնն է` «Իմ քայլը» դաշինքից, որովհետեւ զանգվածային ընտրողը անունների չի նայելու, նրան Նիկոլի անունից բացի ուրիշ անուն չի հետաքրքրում: Իսկ մնացած կուսակցությունների ռեյտինգավորները տեղերում անգամ հասարակությանը երեւալու բարդույթ են ունենալու: Նույնիսկ «Սասնա ծռերի» դեպքում է այդպես լինելու` նրանց արածի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով: Իսկ մտահոգությունները, թե ծրագիր պետք է առաջարկել ընտրողին, ֆլան-ֆստան` սա պարզապես մնացել է անցյալում ու ոչ մոտ ապագային է հասցեագրված, որքան էլ կուզեինք, որ այդպես չլիներ, որովհետեւ կարծես արտաքնապես քաղաքակիրթ ազգ ենք ու հավակնում ենք Ասիան ու Եվրոպան միմյանց կապողի դերին, սակայն իրականում ամենապարզունակ մղումներով ենք առաջնորդվում սովորաբար: Այ մարդ, ո՞վ է բան լսելու, բացի Նիկոլի` կաշառակերներին պատժելու, փակելու, փռելու ճառերից, ո՞վ զահլա ունի Խոսրովի «ինստիտուցիոնալ» դատողությունները լսելու: Մարդիկ միանգամից ընկալել են սեւի ու սպիտակի կարծրատիպերը` Նիկոլն ու իր ուժն առայժմ սպիտակ են (առայժմ` շեշտենք), մնացածը` սեւ, ու վերջ, էս է միակ «գաղափարախոսությունը»: Անուններ, ցուցակներ, եսիմ ինչ` երկու-երեք տոկոս նշանակության տիրույթում են, անգամ ՔՊ-ից բացի այլ ուժի անցումը խորհրդարան կախված է Նիկոլի` համակրանքով կամ հակակրանքով նետված բնորոշումներից: ՀՀԿ-ն, իհարկե, սկզբունքորեն կարող է ընդդիմություն լինել, եթե` ա/ գտնի այն քաջ մարդկանց, որոնք կհամաձայնեն ռեյթինգայինով առաջադրվել եւ տեղերում ընտրողների աչքին երեւալ, բ/ եթե իշխանությունն իրական ընդդիմություն ունենալու սցենար ունենար մտքում: Երկրորդը չկա` իշխանության հաշվարկներում կարծես թե ՀՀԿ-ին խորհրդարան թողնելու հակվածություն չկա, առաջին մեր նշած պայմանի դեպքում էլ` հավանաբար իշխանությանն իրապես դեմ տրամադրվածների պակաս չի լինի տեղերում, բայց նրանք հազիվ թե ուզենան կամիկաձեի թիկնոց հագնել: Մեր նշած երկու պայմաններին հակառակ իրավիճակն է ՀՀԿ-ի համար հիմա, խորհրդարանում հայտնվելու նրա հնարավորությունը զրոյի եւ մեկի միջակայքում է: Իսկ թե ինչ հավակնություններ ունի ՀՀԿ-ն, դա այս պահին էական չէ, քանի որ միգուցե նրան տակից համակրողներ, հեղափոխական օրակարգից դժգոհների պակաս չկա, իրոք, բայց նրանք բոլորն ապրում են այս հասարակության մեջ, ունեն ազգականներ եւ ընկերներ, որոնցից նույնպես կախված կլինի, թե պատրաստ են նրանք հոսանքին հակառակ գնալ եւ խորհրդարանում իրոք իշխանությանն ընդդիմադիր բեւեռ ձեւավորել: Պատահական չէ, որ ՀՀԿ-ն տեղերում առաջադրվող վարկանիշային թեկնածուներ չի կարողանում գտնել` 130 ինքնասպան (13 տեղամասերում առաջադրվելիք ցուցակների առաջին տասնյակները) գտնելը միշտ էլ դժվար է, միգուցե մի տասն-տասնհինգը գտնվեն, բայց ոչ` 130: Եւ ոչ միայն ՀՀԿ-ն, նման խնդիր ունեն բոլորը, ու միայն ՔՊ-ն չունի այդ խնդիրը, քանի որ այդ կուսակցության վարկանիշային թեկնածուն բոլոր տեղերում ներկայանալու է Նիկոլ Փաշինյանի դեմքով: Մանավանդ` ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանն էլ հաստատեց, ասելով, թե փորձելու են այս ընտրությունները վերածել վարչապետի ընտրության` քարոզարշավին վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ: Այնպես որ` այս ընտրություններում, իրոք, վճռվում է ՀՀԿ-ի անհետանալու կամ ընդդիմադիր իրական բեւեռ ձեւավորելով` հաջորդ հերթական կամ արտահերթ (ոչինչ հնարավոր չէ բացառել) ընտրությանը վերբեռնված ներկայանալու շանսը: Այն վերբեռնումը, որը տարիներ թույլ չտվեց ՀՀԿ-ի վերնախավին մակաբուծված կրիմինալ ֆինանսական շրջանակը: |