RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2018-11-24 03:27:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1222, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈԼԹՈՆԻ ԴՂՐԴՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերջերս այցելեց Մոսկվա եւ Կովկաս: Ռուսաստանի պաշտոնական այրերի եւ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներում նա անսովոր զսպվածություն դրսեւորեց, այն աստիճան, որ MSNBC-ի հաղորդավար Ռեյչլ Մեդոուն իր ծրագրում ծաղրուծանակի ենթարկեց նրան: Բայց հենց ժամանեց Կովկաս, վերագտավ իրեն բնորոշ կոշտ, ինքնավստահ ու ռազմատենչ դիմագիծը: Նրա առաքելությունը հստակ էր բոլորին, բայց քողարկված էր իբր խաղաղություն եւ կայունություն հաստատելու նպատակով էր այցելում տարածաշրջան: Նրա խոսքերն ու գործողություններն, այնուամենայնիվ, կասկած չէին թողնում, որ նա եկել էր քաղաքական պառակտում առաջացնելու:

Նրա առաքելությունը երկսայր էր. առավել մեկուսացնել Ռուսաստանին եւ իր իսկ բնորոշմամբՙ «սեղմել», ծանր դրության մատնել Իրանին, կարծես միայն ամերիկյան միջամտությունն էր պակասում է՛լ ավելի թեժացնելու համար իրավիճակը կովկասյան տարածաշրջանում:

Իր ուղեւորության ընթացքում Բոլթոնն այցելեց Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, յուրաքանչյուր երկրում փորձելով է՛լ ավելի ընդգծել իր պառակտիչ առաքելության տարրերը:

Վրաստանում նա կրկնեց, որ ՆԱՏՕ-ում անդամակցելու այդ երկրի հարցը դեռեւս քննարկման ընթացքում է, որովհետեւ կապված է Ռուսաստանին մեկուսացնելու գլխավոր հարցի հետ: Ի դեպ, նման քաղաքականությունը հակասում է ԱՄՆ նախագահ Ռեյգանի եւ Խորհդային Միության գլխավոր քարտուղար Գորբաչովի միջեւ կնքված համաձայնությանը, որտեղ նշված էր, որ ՆԱՏՕ-ն այլեւս սպառնալիքներ չի առաջացնի Ռուսաստանի սահմաններում, քանի ցուրտ պատերազմը մեղմացել էր:

Իրականում, ենթադրվում էր, որ սառը պատերազմի ավարտով, ՆԱՏՕ-ն, որպես կառույց, դառնում է հնացած, ժամանակավրեպ, ինչպես Վարշավայի Ուխտը: Բայց հենց Խորհրդային Միությունը խորտակվեց, եւ Մոսկվան կորցրեց իր երբեմնի հզորությունը, երկու գերպետությունների միջեւ ստորագրված համաձայնությունը կորցրեց իր ուժը, եւ ՆԱՏՕ-ն դարձյալ սկսեց սպառազինվել մի նոր սառը պատերազմ մղելու նպատակադրությամբ:

Բացի Ռուսաստանի սահմանները օղակելուց, կառույցը մտադիր է եվրոպական երկրներին վերցնելու իր հսկողության տակ: Չնայած Ռուսաստանն արդեն իսկ վերածվել է երկրորդ կարգի մի երկրի, նրա դեմ սպառնալիքը դեռեւս շարունակվում էՙ արդարացնելու համար ՆԱՏՕ-ի վերազինումն ու ընդարձակումը:

Բոլթոնը մանրակրկիտ հաշվարկել էր իր հայտարարությունները: Վրաստանին ու Ադրբեջանին նա դասեց ռազմավարական դաշնակիցների շարքում, մինչ Հայաստանին համարեց առաջնային հետաքրքրությունների երկիր: Այդ բնութագրումներով նա փաստորեն վարձահատույց էր լինում նախ Վրաստանինՙ պաշտպանելու համար Ռուսաստանին մեկուսացնելու ամերիկյան քաղաքականությունը, եւ երկրորդ Ադրբեջանինՙ պաշտպանելու համար Աֆղանստանում Ամերիկայի ռազմական նկրտումները եւ Իսրայելի հետ գործընկերությունը:

Հայաստանը նպաստավոր գործողություններով աչքի չէր ընկել, որ արժանանար գովասանքի կամ վարձատրության: Նրան առաջարկվեց օժանդակել Մ. Նահանգների իրանյան քաղաքականությանը:

Բոլթոնը նաեւ անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, Մ. Նահանգները առաջ էր քաշելու երկու կողմերին գոհացնող կարգավորում: Հաշվի առնելով Հայաստանում իր առաքելությունն ավարտող դեսպան Ռիչարդ Միլզի սադրիչ հորդորները տարածքների միակողմանի հանձնման առնչությամբ. կարելի է եզրակացնել, որ Մ. Նահանգները ինչ-որ կասկածելի մի գործարք է նախատեսում իրականացնել: Չնայած Բոլթոնը մանրամասներ չբացահայտեց, սակայն Երեւանում ենթադրություններ սկսեցին հնչել, որ ղարաբաղյան կարգավորումը կարող է տեղի ունենալ ի գին տարածքային զիջումների: Հասարակ մարդիկ եւ նույնիսկ որոշ քաղաքագետներ հավատացած են, որ առնվազն նման բովանդակությամբ առաջարկ ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ընթացքում: Բոլթոնը հազիվ էր հեռացել Երեւանից, երբ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Փաշինյանի արտաքին քաղաքականությունը բնութագրեց «աղետալի»:

Կոնգրեսի ընդունած «Ազատության պաշտանության» օրենքի երկարամյա 907 հոդվածի (որն արգելում էր ամերիկյան զենք վաճառել Ադրբեջանին) վերանայմանն ուղղված Թրամփի կառավարության առաջիկա որոշմանն անդրադառնալով, Բոլթոնը կարծես ռումբ պայթեցրեց: Բանն այն է, որ կոնգրեսի որոշումը շրջանցելու իրավունք ունի միայն նախագահը, եւ իրարհաջորդ նախագահները օգտվել են այդ իրավունքից: Այժմ էլ Թրամփը մտածում է չեղարկել կոնգրեսի այդ որոշմնագիրը:

Ամերիկացի պատվիրակը է՛լ ավելի բարդացրեց խնդիրը, երբ Հայաստանին առաջարկեց ամերիկյան զենք գնել: Այդ առաջարկն էլ երկսայր էր. առաջինով փորձ էր արվում հավասարակշռություն մտցնել եւ դրանով արդարացնել Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելը, իսկ երկրորդովՙ փակել Հայաստանի վրա ազդեցություն գործելու Ռուսաստանի գլխավոր աղբյուրը: Նա շատ լավ տեղյակ էր, որ Հայաստանը ի վիճակի չէ գնելու Ամերիկայից այդ զինատեսակները, պարզապես մի քանի պատճառներով, որոնցից մեկը դրանց աներեւակայելի բարձր գներն են: Հայաստանը Ռուսաստանից զենք գնում է արտոնյալ գներով, որովհետեւ ՀԱՊԿ-ի անդամ է: Իսկ Հայաստանում գտնվող ռուսական զինվորական բազան այդ զենքերի օգտագործման այսպես կոչված ծառայողական կենտրոնն է: Ամենակարեւորը սակայն այն է, որ զենքերի ձեռքբերումը Ռուսաստանից Մ. Նահանգներին փոխելու դեպքում Հայաստանը քաղաքական նշանակալի շրջադարձ է կատարելու, որը հղի է ծանրագույն հետեւանքներով:

Բոլթոնը չշրջանցեց նաեւ իրանական հարցը, որը դարձել է Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության հիմնաքարը: Նա արդեն քանիերորդ անգամ կրկնեց այն հանկերգը, որ Իրանը դարձել է «ահաբեկիչների կենտրոնական բանկը», որ նա խառնվում է Սիրիայի գործերին եւ հռետորական այլ խոսքերը, որոնք սովորական են դարձել: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիա առաքված ամերիկյան զենքը նույնպես, ի վերջո, հայտնվում է ահաբեկիչների ձեռքերում, որոնք Իրաքը, Լիբիան, Եմենը եւ Սիրիան արյունախառն ավերակների են վերածել:

Բոլթոնը գովաբանեց Փաշինյանին եւ նրա թավշյա հեղափոխությունը, ավելացնելով, որ այժմ նա ավելի մեծ լիազորություններով կարող էր իրականացնել իր քաղաքականությունը: Նրա խոսքերի մեջ նկատելի էր նուրբ ակնարկն այն մասին, թե Հայաստանը պետք է մասնակցի Իրանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներին, հաշվի առնելով, որ Իրան-Հայաստան սահմանը խստագույն ճնշումների է ենթարկվելու Մ. Նահանգների կողմից: Նա նաեւ առաջարկեց, որ Հայաստանը արտաքին աշխարհի հետ հարաբերակցի Վրաստանի տարածքով, քաջ գիտակցելով, որ Վրաստանը քանիցս ապացուցել է, որ վստահելի գործընկեր չէ եւ ընդհանրապես խոչընդոտում է Հայաստանի կապերն արտաքին աշխարհի հետ:

Այսպիսով Հայաստանի միակ երկու գործընկերները գտնվում են Վաշինգտոնի թշնամական դաշտում: Սառը պատերազմն ընդդեմ Ռուսաստանի սաստկանում է, մինչ թեժ պատերազմն ընդդեմ Իրանի ռադիոլոկացիոն տեսադաշտում է:

Բավական ժամանակ երկրի երեսից սրբելու սպառնալիքներից հետո, նախագահ Թրամփին հաջողվեց հակասությունները վերացնել Հյուսիսային Կորեայի հետ եւ ստիպել նրա առաջնորդին բանակցությունների սեղանի շուրջ նստել: Եթե նա նույն գործելաոճն է օգտագործում Իրանի հարցում, ապա հույս հայտնենք, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենալու: Այլապես աղետալի հետեւանքներն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, անխուսափելի են լինելու:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ