ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԵՏ Հ.Ծ., (Արմինյն Միրոր-Սփեքթեյթր) Անգլիական «Գարդիան» թերթի լրագրողներ Էնդրու Ռոթն ու Հարիետ Շերվուդը տեղեկացնում են, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին քաղաքական նկատառումներով (Ուկրաինայի հետ կապված) որոշել է խզել կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ: Վերջինս համարվում է առաջավոր հեղինակություն ուղղափառությունը դավանող աշխարհի 300 միլիոն հավատացյալների շրջանում: Պատճառը Կոստանդնուպոլսի գահակալՙ Բարթուղիմեոս Ա.ի որոշումն է, որով ինքնագլուխ (ավտոկեֆալ) գործելու իրավունք է շնորհվում Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն, որը մինչ այդ ենթարկվում էր Ռուս եկեղեցուն: Եթե որոշումը չվերանայվի, ըստ լրագրողների, կատարվածը մեծ հարված է Ռուս հզոր ու հարուստ եկեղեցուն եւ է՛լ ավելի է խորացնում Ուկրաինայի հետ տարակարծությունները: Մոսկովյան պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների պետ մետրոպոլիտ Հիլարիոնը հույս է հայտնել, որ Կոստանդնուպոլսում կվերանայեն նման դիրքորոշումը: «Մինչ այդ մենք չենք կարողանալու հարաբերություններ պահպանել այդ կենտրոնի հետ, որը գտնվում է պառակտման եզրին», հայտարարել է նա: Ստամբուլում ուղղափառ հատավացյալների թիվը չի գերազանցում երեք հազարը, մինչդեռ Ռուսաստանում դրանք մեծամասնություն են կազմում եւ հզոր իշխանություն ունեն: Պատրիարք Կիրիլը շատ մոտիկ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ, որին «Աստծո հրաշքն» է համարում: Ուկրաինայի կառավարությունը երկար ժամանակ էր պայքարում եկեղեցու ինքնագլուխ գործելու իրավունքը ստանալու համար, որպեսզի առավել ընդգծեր խզումը Ռուսաստանից: «Դա մեր եվրոպամետ եւ հանուն Ուկրաինայի համար մղված քաղաքականության մաս է կազմում», նշել էր նախագահ Պորոշենկոն վերջերս եւ ուկրաինական եկեղեցու հանդեպ Ռուսաստանի վերահսկողության կորուստը համարել «Երրորդ Հռոմի անկումը», հաշվի առնելով, որ Մոսկվան միշտ էլ ձգտել էր այդ բնագավառում եւս ունենալ գլոբալ տիրապետություն: Հայտնի է, որ Հռոմեական կայսրության բաժանումից (395) հետո, քրիստոնեական եկեղեցին կազմակերպորեն սահմանազատվել է հռոմեական եւ հունական մասերի, որոնց 1054-ի բաժանումից հետո հռոմեական եկեղեցին կոչվել է կաթոլիկական, իսկ բյուզանդականըՙ ուղղափառ: |