ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, 6.11.2018թ. Մեծարգո խմբագիր, Մի նրբազգաց հարց եմ ուզում բարձրացնել, բայց երկմտում եմ, մի քանի անգամ սկսել եմ գրել, բայց ընդհատել եմ: Այսօր «գայլի սիրտ» առա եւ խնդրում եմ, եթե նպատակահարմար կգտնեք, այս երկտողս հրապարակեք: Ասեմ, որ միտումս միայն դրական է, միայն սրտցավ ու ժամանակին համահունչ: Որ մեր լեզուն աղավաղվում է, գիտեմՙ ճար չկա, դա հավանաբար թե՛ ժամանակի, թե՛ մոտ 30 տարի առաջ փոխված կացութաձեւի (ֆորմացիա) արդյունք է. թող գիտնականները որոշեն: Ցանկությունս Ձեր հայեցողությանն եմ թողնում: Ո՞վ պետք է մեր նոր վարչապետին (պաշտոնակատարին) հուշի, ասի, թե հավաքագրել բառի իմաստը որն է: Հավաքագրվում է մարդը, գաղափարի շուրջ, արտագնա աշխատանքի, ցավոքՙ նաեւ ահաբեկչության, չիչխան ու մասուր հավաքելու եւ այլն: Գումարը, փողը, եկամուտը, գիտական նյութը կամ որեւէ տվյալ չի հավաքագրվում, այն հավաքվում է: Հավելեմ, որ բազմաթիվ անճշտություններՙ հանդրակացարան, տուժվել, վիճվել, որը որ, եւ այլ սխալների դեպքում բառը աղավաղվում է, բայց իմաստը չի փոխվում: Հավաքագրելու դեպքում բառն այլ իմաստ է ստանում: Վստահ եղեք, որ տողերիս հեղինակը այնքան միամիտ չէ, որ կարծի, թե այս ռեպլիկով սխալը կուղղվի: Ոչ, այդ սխալը կմնա ու կամրանա, բայց շատ կուզենայի, որ սխալը ուղղի Նիկոլ Փաշինյանըՙ վարչապետը, քանի որ դա կնշանակի, որ նա ոչ թե անսխալական է, այլ բոլոր նորմալ մարդկանց նման կարող է սխալվել, բայց, ոչ շատերի նման, իր սխալը կարող է ուղղել: Եթե վերը նշված ցանկությունս իրականանա, մեր լեզուն կհարստանա ոչ միայն «դուխով»-ով, այլեւ «Никол так держать»-ով: |