RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 907, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ. ԿԻՍԱՎԵՐ ՏԱՐԱԾՔԸ ԼՔՎԱԾ Է

Տարբեր մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են զգալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքը: Ամռանն իրականացված շրջայցի ընթացքում, սահմանված չափորոշիչներով, ծրագրում ընդգրկվել էր նաեւ Սերոբյանների ընտանիքը:

Կիսավեր տարածքը, որում առանց ամուսնու երեխաներ է մեծացրել երիտասարդ տանտիրուհինՙ Վալյան, տարիներ առաջ գուցե լիարժեք տուն է եղել: Առանց տղամարդու հոգատար ձեռքերի մնացած հին տան պատերն ու տանիքը, սակայն, օրեցօր խարխլվել են: Խոհանոցը վերածվել է խորդանոցի, ննջասենյակը կահավորվել է անձրեւոտ ու ձնառատ եղանակին առաստաղից կաթոցը հաշվի առնելով:

Երիտասարդ մայրն իր զավակների հետ երկար ու ծանր փորձությունների ճանապարհով է անցել: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը մնացել է արտերկրում, իսկ ընտանիքի բեռըՙ Վալյայի ուսերին: Բարի մարդկանց կողմից անհատույց, սակայն ժամանակավոր տրամադրված տարածքը տարիներ շարունակ ծառայել է որպես հնարավոր միակ կացարան: Օրվա մեծ մասն աշխատող կինը շարունակաբար ջանքեր է գործադրել փլուզման վտանգ ներկայացնող այգու ծածկը, խոնավությունից բորբոսնած սենյակի պատերն ու հերթական ձմեռը հաղթահարելու միտքը:

«Երբ ամուսինս աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնեց, հույս կար, որ մի օր հաջողած կվերադառնա, ու մեր բնակարանի խնդիրն էլ կլուծվի: Շուտով, սակայն, մարեց ոչ միայն տուն ունենալու, այլեւ նրա վերադարձի հույսը: Հասկացա, որ մենակ եմ մեծացնելու զավակներիս եւ պետք է արժանապատիվ անեմ դա: Ցավոք, ինչքան էլ ջանասիրաբար էի աշխատում, տուն ունենալու նպատակն անհասանելի երազանք էր մնում»,- ասել է Վալյան:

Առանց բնակարանի եւ օգնող ձեռքի մնացած երիտասարդ կինը մի քանի տեղ է աշխատելՙ հոգալով ոչ միայն չորս երեխաների օրվա հացի, այլեւ նրանց կրթության խնդիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ընտանիքը Նոր Գեղի գյուղում բնակարանամուտ է նշել:

Առաջին հյուրերը եղել են աջակցողներըՙ նոր կյանքի մեկնարկ տալով լավատեսության հույսը սրտում փայփայող, ուժեղ կնոջ ընտանիքին:

«Երբ լսեցի այս ընտանիքի պատմությունը, երկու զգացողություն ունեցա. տխրեցի իրենց ապրած դժվարություների համար, բայց ուրախացա, որ չեն կոտրվել: Միշտ զարմացել եմ ասֆալտը ճեղքած նուրբ ծիլ տեսնելուց: Այդ երեւույթն ունի իր բացատրությունը. կյանքը շարունակելու ձգտումը մեզ դարձնում է ուժեղ: Երեխաներին մենակ մեծացնելու պատասխանատվությունը չի թուլացրել այս ընտանիքի մորը: Ուզում եմ հավատալ, որ նոր բնակարանում այս ընտանիքը նոր հաջողություններ կունենա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Միշտ չէ, որ մեր շրջապատում կարող ենք հանդիպել մարդու, ով այդքան տոկուն եւ լավատես է մնացելՙ պայքարելով կյանքի հոգսերի դեմ: Ընտանիքի մորՙ Վալյայի տեսակը ուժեղ մարդու մարմնավորումն էՙ ապագայի հետ կապված բազում լուսավոր երազներով»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ