ԱՎԵԼԻ ՔԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ Թաթուլ գյուղի խարխլված ու խոնավ կիսակառույցներից մեկը դարձել է նոր ու հարմարավետ բնակարան ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով շարունակում են նպաստել ոչ միայն սոցիալական կարեւոր խնդիրներից մեկի լուծմանը, այլեւՙ ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը: Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում ապրող Մկրտչյանների ընտանիքը տարիներ շարունակ մնացել է խարխլված ու խոնավ պատերով, առանց տանիքի կիսակառույցի մեջ: Ամբողջովին բորբոսնած պատերը կարող էին առողջական լուրջ խնդիրներ առաջացնել ընտանիքի համար: Կրած վնասը, տանտիրուհու խոսքերով, եղել է ֆինանսական. տարիներ շարունակՙ վնասվել է զգեստապահարանների սառած պատերին կպած հագուստը: Վոլոդյան ՙ ընտանիքի հայրը, հիշում է, որ կնոջ եւ երեխաների հետ, ստիպված է եղել ապրել խոնավ ու ցուրտ մի կիսակառույցում, որտեղ բացակայել են բնակարանային տարրական պայմանները: Սոցիալական պայմանների պատճառով, տասը տարի շարունակ, կիսակառույց տունը մնացել էր անավարտ: Շուրջ կես տարի առաջ, գործընկերների աջակցությամբ, Մկրտչյանների կիսակառույցում շինարարական աշխատանքներ են սկսվել: Տուֆով պատվել են պատերը, կառուցվել է տանիքը, սանհանգույցը, ներսում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ժամանակավոր տանիքով պանելային շինությունն այժմ հարմարավետ տուն է դարձել: Գործընկեր կառույցների թիմերը դարձյալ այցելել են Մկրտչյաններին, սակայն այս անգամՙ բնակարանամուտին մասնակցելու նպատակով: «Երկար տարիներ ապրել ենք պանելային շինությունում. պատերը բարակ ու խարխլված, իսկ տանիքը հին ու վնասված: Տաք ու հովիցՙ ամբողջ տան պատերը խոնավացել ու բորբոսնել էին: Ծրագրում ընդգրկվելուց հետո, գիշեր-ցերեկ աշխատել եմՙ մեկ օր շուտ աշխատանքներն ավարտին հասցնելու մղումով: Հիմա արդեն ունենք ամուր տանիք, տաք ու հարմարավետ բնակարան, իսկ խոնավությունը, կաթացող տանիքն ու բարակ պատերը մնացին անցյալում: Անչափ շնորհակալ եմ այս մեծ աջակցության համար»,- ասել է Վոլոդյան: Համագործակցության շնորհիվ, գործընկեր կազմակերպությունների ջանքերով լուծվել է ավելի քան 160 ընտանիքի բնակարանային խնդիր: Ծրագրի շնորհիվ կառուցվում է ոչ միայն ամուր հիմք, ամուր տանիք, այլեւՙ հուսալի ապագա: «Անչափ կարեւոր եմ համարում այս ծրագիրը. այն իր մեջ ունի ոչ միայն սոցիալական, այլեւՙ առողջապահական բաղադրիչ: Այն կիսակառույցը, որտեղ տարիներ շարունակ ապրել է այս ընտանիքը, առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող էր դառնալ. բորբոսնած պատերը միայն պատերի արտաքին տեսքը չեն վնասում: Ուրախ եմ, որ հերթական ընտանիքին հաջողվեց հաղթահարել տարիների խնդիրը: Այսօր ինձ առավելապես հետաքրքրում է նրանց տրամադրության դրական փոփոխությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը: Մարդը պատրաստ է վերելքի, երբ վաղվա հեռանկարն անորոշ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Ուրախալի է Մկրտչյանների հետ միասին կիսել այս երջանկությունը, եւ նրանց հայացքներում տեսնել հավատՙ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողած է, քանի որ տարեցտարի կարողանում ենք էլի ավելի շատ ընտանիքների պարգեւել այսպիսի երջանկություն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: |