ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորներ, Միհրան Հակոբյանի ներկայացմամբ, երկու նախագիծ էին լուծարված խորհրդարանի օրակարգ բերել: Մեկով Հավաքների ազատության մասին օրենքը լրացնելով` նախաձեռնվում է եկեղեցապատկան տարածքներում խախտումներով եւ կրոնական անհանդուրժողականությամբ ուղեկցվող հավաքների չեզոքացումը, մյուսով` պետական պահպանության ենթակա պետության առաջին դեմքերի ցանկում նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի ներառումը, իհարկե ` վերջինիս ցանկությամբ: Այս երկու նախաձեռնություններին էլ կառավարությունը չէր աջակցում` առաջինի դեպքում մարդու իրավունքների սահմանափակման խնդիր տեսնելով, երկրորդի դեպքում օրենսդրությունը մատնացույց անելով, որը թույլ է տալիս վարչապետին` անհրաժեշտության դեպքում պահպանություն տրամադրել կաթողիկոսին, նրան պետական պաշտոնյա չդասելով: Հետաքրքրական է, թե արդյոք Աստծո աջակցությունը վայելող հոգեւորականին որքանո՞վ է անհրաժեշտ պատգամավորական-օրենսդրական աջակցությունը, թեեւ այստեղ պետության վերաբերմունքի խնդիր, իրոք, կա: |