RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1271, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՀԻՇԵՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Պ.Ք.

Սայքս-Պիկոյի նոր համաձայնագի՞ր

Առաջին աշխարհամարտի ավարտման առիթով Փարիզ ժամանելու նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարեց, «որ Մերձավոր Արեւելքի սահմանների վերաձեւումն անընդունելի է, իսկ տարածաշրջանի բաժանմանը վերաբերող Սայքս-Պիկոյի նոր համաձայնագրի ընդունումը կարեւոր նշանակություն ունի ինչպես Եվրոպայի անվտանգության համար, այնպես էլ տարածաշրջանի նկատմամբ հարգանքի տեսակետից»:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության մասնատման վերաբերյալ գաղտնի բանակցությունները վարվել են 1915 թվականից: Համաձայնագիրը հրապարակման ենթակա չէր: Այն մշակել էին անգլիացի եւ ֆրանսիացի դիվանագետներ Մայքլ Սայքսը եւ Ֆրանսուա Ժորժ-Պիկոն: Փաստաթղթի համաձայնՙ Օսմանյան կայսրությունը պետք է բաժանվեր դաշնակից երեք տերությունների միջեւ: Ֆրանսիացիներին ստանձնելու էին ներկայիս Սիրիան, Լիբանանը: Ավելի բարդ էր Մոսուլի հարցը, որին հավակնում էր Փարիզը: Անգլիացիները սկզբում զիջեցին, բայց հարցը կրկին բարձրացվեց, եւ, վերջին հաշվով, Առաջին աշխարհամարտից հետո տարածքը ենթակա դարձավ Անգլիային: Ավելի ուշ, օսմանյան տարածքների բաժանմանը միացավ Իտալիան, որին մի պատառիկ հատկացրին արդի Թուրքիայի հարավում: Որոշակի պայմաններ կային Բաղդադի երկաթգծի առնչությամբ. ֆրանսիացիները ստանում էին իրենց հատվածը, անգլիացիներըՙ իրենցը:

Ռուսաստանում բոլշեւիկների իշխանության գալուց հետո իրադրությունն արմատապես փոխվեց: 1917 թ. նոյեմբերին բոլշեւիկյան կառավարությունը հանդես եկավ ընդդեմ գաղտնի պայմանագրերի: Սայքս-Պիկոյի համաձայնագրի տեքստը հրապարակվեց եւ բնությագրվեց որպես ժողովուրդների թիկունքում նյութված իմպերիալիստական դավադրություն, բռնակցման, ռազմատուգանքի քաղաքականություն եւ այլն: Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից եւ դադարեց լինել Անտանտի տերությունների համաձայնագրի մասնակիցը: Իսկ ժամանակակից Թուրքիայի սահմանները հայտարարվեցին երկրի խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտ»: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է Էրդողանը վերստին անդրադառնում Սայքս-Պիկոյի համաձայնագրի նմանությամբ Մերձավոր Արեւելքին վերաբերող նոր համաձայնագրի խնդրին:

Այսպես կոչված «արաբական գարունը», Սիրիայի ճգնաժամի մեջ Թուրքիայի ներքաշումը հանգեցրին այն բանին, որ երկիրը սկսեց իրեն թուլացած զգալ, ի հայտ եկավ Թուրքիայի սահմանների մոտ ԱՄՆ-ի օգնությամբ քրդական պետության ստեղծման հնարավորություն: Ըստ որում, քրդական գործոնը երկրի վրա ազդում է երկուՙ իրաքյան եւ սիրիական կողմերից, թեեւ Մերձավոր Արեւելքում խաղացողների մեծամասնությունը խոսում է սահմանների անխախտելիության գերակայության մասին: Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արտացոլում է գտել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Էրդողանը կասկածներ ունի, թե ամենքը կկարողանան մինչեւ վերջ պահպանել այդ դիրքորոշումը: Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա, եթե անտեսենք, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ բազմամյա համագործակցության փորձ ունենալով, շարունակում է Եփրատից արեւելք քրդերի պետական կազմավորման ձեւավորումը, ինչը հղի է Մերձավոր Արեւելքը կրկին ազդեցության ոլորտների բաժանելու վտանգով:

Անկարան նման հնարավորությունը համարում է առավել իրականՙ կարծելով, որ աշխարհում կան թուրքերի հանդեպ վրեժխնդրությամբ լցված ուժեր: Թուրքիան այսօր հայտնվել է հորձանուտի մեջ, չափազանց բարդ ու խճճված պատմական միջավայում: Պատահական չէ, որ Foreign Policy in Focus-ի ամերիկացի փորձագետները վերջերս հանդես եկան այն բացահայտ կանխատեսմամբ, թե Իրաքի եւ Սիրիայի հավանական մասնատումը կարող է հանգեցնել առնվազն վեց փոքր պետությունների ստեղծմանը, որոնք միատարր կլինեն էթնիկական եւ կրոնական կազմով: Ուստի այս կապակցությամբ Էրդողանի մտահոգությունը միանգամայն հիմնավորված է թվում, քանզի նա հասկանում է, որ Թուրքիային հասցրել են այն կետիին, որի հիման վրա կարելի է ամեն տեսակ կենտրոնախույս սցենար խաղարկել Մերձավոր Արեւելքում:

Թուրքիան Սիրիայի հարցում դաշն է կնքել Ռուսաստանի եւ Իրանի հետ, բայց, չցանկանալով լիովին խզել կապերը ԱՄՆ-ի հետ, օգտագործում է երկու գերտերությունների միջեւ զուգակշռության քաղաքականության հնարքները: Ստեղծված իրավիճակում Անկարային մնում է միայն ցուցադրել դիվանագիտական մանեւրման արվեստը եւ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությունը: Բայց հիմա արդյոք ամեն ի՞նչ է նրա ձեռքին, հարց է տալիս Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում որեւէ երկրի խնդիրները այս կամ այն կերպ անդրադառնում են հարեւան պետությունների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ