«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱ». ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 2 ՀԱՅ ԹՅՈՒՐԻՆԳԻԱՅՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հայկական լրատվամիջոցներին արդեն ծանոթ գերմանացի հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգն ու Լուդվիգ Քենդցիան նոյեմբերի 21- ին MDR- ի ռադիոեթերում, ինչպես նաեւ ռադիոհեռուստաընկերության կայքէջում իրազեկում են, թե « ամիսներ տեւած հետաքննությունից հետո Թյուրինգիայի երկրամասային քրեական վարչությանը հաջողվել է «հայկական մաֆիային» հարված հասցնել»: Երեքշաբթի օրըՙ նոյեմբերի 20-ին, ի թիվս այլոց ձերբակալել են երկու անձանցՙ 26- ամյա Կարո Ս- ին եւ 31- ամյա Արթուր Զ- ին, որ ըստ հրապարակման, ներկայացված են փոխված անուններով: Հիշյալ անձինք, ըստ կասկածների, կլանի անդամ են, եւ առերեւույթ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող այս այրերը, հավանական է զբաղվել են նաեւ թմրանյութի առեւտրով էլ: Քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 35 կգ մարիխուանա: Թյուրինգիայի իրավապահ մարմիններին նրանք անծանոթ չեն, 2014- ի հուլիսին Էրֆուրտում հայկական երկու կլանների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության վայրում նրանք էլ ներկա են եղել, հաղորդում են հետաքննող լրագրողները: 4 տարի առաջ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ արձակվել էր 20 եւ ավելի կրակոց, երկու տղամարդ ծանր վիրավորվել էր: Ձերբակալվածները, ըստ տեղեկատու վերոնշյալ աղբյուրի, քրեական անցյալ ունեն, 10 տարի առաջ արդեն հայտնի են դարձել Էրֆուրտի փողոցներում: Հայաստանից եւ Ադրբեջանից տասնյակից ավելի տղամարդկանց միավորած խումբը, որ «Ջոկեր» անունն էր կրում, ամենայն հավանականությամբ զբաղված էր ենթադրյալ բիզնեսովՙ ռեկետ, կողոպուտ, թմրանյութի առեւտուր: Վերոնշյալ երկու անձինք խմբավորման առաջնորդողների համարում ունեն: «Ջոկերը» տարիներ անց կազմաքանդվում է, բայց հիշյալ երկու անձինք քրեական հանցաշխարհը չեն լքում, գրված է հետաքննության մեջ: Էրֆուրտի 2014- ի դեպքերը դատարանը դեռ քննում էր, երբ 2016- ի հունիսին նոր հաշվեհարդար գրանցվեց. գիշերային ակումբներից մեկի առջեւ «հայկական մաֆիայի» ենթադրյալ խմբի անդամները հարձակվել են մոլդովական կլանի անդամների վրա, նրանց թվում է եղել նաեւ Արթուր Զ-ն: Այս լուրը փորձում ենք գտնել այլ ԶԼՄ-ներում: «Թյուրինգեն 24» առցանց լրատուն խուսափում է «հայկական մաֆիա» ձեւակերպումից, փոխարենը լրացնում մեզ ծանոթ լրագրողների հաղորդումը, թե առգրավված 35 կգ մարիխուանան հայտնաբերվել է երեք անձանց մոտՙ երկու հայի եւ մեկ գերմանացու, որ 47 տարեկան է: Բացի թմրանյութից առգրավվել է նաեւ մեծՙ հնգանիշ գումար: Գերմանացու ձերբակալման մասին վերջին լրատու աղբյուրը չի նշում: Ձերբակալված երկու հային դեռ մեղադրանք չի առաջադրվել: Կհետեւենք զարգացումներին: Այս առիթով ընթերցողներին առաջարկում ենք կարդալ նաեւ «Հայ Սփյուռքը թիրախում» վերնագրով հոդվածը 7-րդ էջում: |