ԻՉԱԿԻՆ ՁԱԽ ՈՒՆՔԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԵՎ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Հայաստանում հնդկական կինոյի սիրահարները շատ են: Հենց սիրահարները, ոչ թե նայողները: Միշտ են շատ եղել: Ավելին, հնդիկ դերասանները մեր երկրում, ննջասենյակներում ու հուշատետրերում պաստառ ունենալու մակարդակի պաշտված են: Մարդ գիտեմ, որ մինչեւ հիմա քնում է Միթհուն Չակրաբորտի հայացքի տակ, չնայած «Դիսկո պարողը» ֆիլմի Ջիմին արդեն շուրջ 70 տարեկան է: Բայց այսօր Հայաստանում ամենահայտնի հնդիկ աստղերից մեկը Թինա Դաթան է: Իմիջիայլոց քչերը գիտեն, որ Իչակիի անունը Թինա Դաթա է: Վերջերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ Թինան վթարի է ենթարկվել, բայց Իչակին շարունակում է ամեն երեկո հայաստանցիների տներն այցելել, որոնք անկախ տարիքից, սեռից ու քաղաքական կամ այլ կողմնորոշումներիցՙ ուշադիր հետեւում են Իչակիին, լացելով նրա հետ, ժպտալով նրա հետ, սիրելով ու ատելով նրա հետ: Մաղթենք, որ Իչակին քիչ լացի ու հաճախ սիրի, որ հայաստանցիների մեծամասնությունն էլ նույնն անի, ու մի շատ կարեւոր հարցի պատասխանենք: Եթե Հայաստանում համապետական ընտրությունները տեղի ունենան հնդկական սերիալի ժամին, դրանց մարդ կմասնակցի՞, դե այսինքնՙ ընտրությունները կհամարվե՞ն կայացած: Ավելի հետաքրքրական հարց կա. եթե Հայաստանում մարդիկ գնում են ընտրությանՙ մտքում վերլուծելով Իչակիի փիլիսոփայական խոհը, ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Եւ վերջին հարցը, որին կարող եք չպատասխանել. Ժողովրդավարությունը Հայաստանում լա՞վ բան է, նկատի ունեմ հիմա, երբ մարդկանց մեծ մասին սեփական սառնարանի պարունակությունից շատ հետաքրքրում է Իչակիի հայացքի նշանակությունն ու աչքերի փայլը: Ու մարդիկ մեղք չունեն: Մեր կյանքն այնքան գորշ է, որ գույնզգույն որեւէ բան տեսնելիսՙ գամվում ենք, կապ չունի այդ գույները մեզ ո՞ւր են տանում, ինչի՞ց են զրկում, որտե՞ղ են նետում: Նետում, փակում, շղթայում: Մենք այնքան ենք սովոր շղթաներին, որ թռչելու փորձ անողներին խելագար ենք կոչում, անուղեղ, ոչ թե խենթ իմաստով: Հայացքներս երկնքին հառածՙ ազատության փոխարեն, փրկություն ենք տեսնում, վստահ, որ Երկիրը տանջվելու հասցեն է, իսկ Երկինքըՙ վայելքի: Հույսներս շռայլորեն վանել ենք մեզանից հեռու: Մեր հարցերի ու ծախսերի հոգացող ենք նշանակել բոլորին, բայց ոչ մեզ: Մենք այդքան ժամանակ չունենք, որ հասկանանք, թե ո՞ւր կորան ծովերը, միլիոն ու կես կյանքերն ու տները, ինչպե՞ս հաղթեցինք պատերազմում, բայց մի թուղթ չունենք, որ դա ապացուցի: Մենք այլ գործերով խառն էինք, երբ սկսեցին ընտրություն կեղծել ու հիմա չենք էլ հիշո՞ւմ, թե ո՞վ էր առաջինը, հիմնադիրը: Մեզանից շատերը դեռ զմայլված են դոշին փայլող ոսկե մեդալով, որը կախել է Տիգրան Մեծը ու չեն տեսնում, որ Հայաստանն այլեւս այնքան հող չունի, որքան հողատու: Մենք Մարաստան ենք տեսել, Հռոմին ենք հաղթելՙՙ մեկ-մեկ, ու հիմա Իչակի ենք նայում: Իչակին կապ չունի՞... Համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանի բնակչության մեծ մասի ձայնով ձեւավորվելու է նոր իշխանությունը, իսկ Հայաստանի բնակչության մեծ մասը գիտի, որ երբ Իչակին ձախ ունքը բարձրացնում է վերեւ, ուրեմն լացելու է, երբ աջն է բարձրացնումՙ ուրեմն երգելու է: Մերժելուց առաջ կարեւոր է հասկանալ ինչը, հակառակ դեպքում մերժելը կդառնա բնավորություն եւ մենք բոլորս կդառնանք Մերժվածները: |