ՊՐՈՖ. ՀԱՆՆԻԲԱԼ ՏՐԵՅՎԻՍԸՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հ.Ծ. Պրոֆ. Հաննիբալ Տրեյվիսը Մայամիի Ֆլորիդա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոսներից է: 1999-ին Հարվարդի իրավաբանական ֆակուլտետը գերազանց ավարտած պրոֆեսորը հեղինակն է վերջերս լույս տեսած «Ասորիների ցեղասպանությունը: Մշակութային եւ քաղաքական ժառանգություններ» գրքի: Ունի հրատարակված բազմաթիվ հոդվածներ ցեղասպանության եւ միջազգային իրավունքի վերաբերյալ: Դասախոսություններ է կարդացել ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Հարյուրամյակի ծրագիր հիմնադրամի եւ Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի հովանավորությամբ կազմակերպված միջոցառումներում: Մորական նախնիները Հաքյարիի եւ Ուրմիայի ավանդական ասորական շրջանների բնակիչներից են եղել: Իր բացատրությամբ Հաննիբալ անունը սեմական ծագում ունի եւ նշանակում է «Բաալի (Աստծո) ողորմածությամբ»: Հարգարժան պրոֆեսորը հոկտեմբերի 27-ին Ուոթերթաունի հանրային գրադարանում խոսել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում քրիստոնյաների (ասորիներ, հույներ, հայեր) եւ եզդիների դեմ օսմանյան թուրքերի եւ քրդերի իրագործած ցեղասպանությունների մասին, տեղեկացնում է անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը : «Փախստականների վիճակը եւ ցեղասպանության օրենքը: Ասորիներ, հայեր, հույներ եւ եզդիներ» վերնագրով դասախոսության ընթացքում, կազմակերպված Մասաչուսեթսի ամերիկա-ասորիների ասոցիացիայցի (ՄԱԱԱ) կողմից, Տրեյվիսն անդրադարձել է նաեւ ներկա ժամանակաշրջանում Իրաքի եւ Սիրիայի ասորիների, եզդիների եւ հայերի դեմ կատարվող կոտորածներին, այս անգամ իսլամիստ ջիհադիստների կողմից: Հաքյարիի տարածաշրջանում (հարավարեւելյան Թուրքիա) 1843-ին մոտ 10 հազար ասորիներ սպանվել եւ վաճառվել են որպես ստրուկներՙ օսմանյան բանակի եւ քրդական ցեղերի կարգադրությամբ: 1890-ականներին հայերից բացի, ըստ Տրեյվիսի, մոտ 25 հազար ասորի է կոտորվել: Իսկ համաշխարհային առաջին պատերազմի օրերին մոտ 250 հազար ասորի է սպանվել: Ասորիներն այդ եղեռնը «սեյֆո» են անվանում, որ նշանակում է «թուր», արաբերեն «սեյֆ» բառից: Եզդիներն իրենց համարում են որոշակի, կամ յուրահատուկ էթնո-կրոնական խմբավորում: Նրանք խոսում են կուրմանջի (քրդերենի տարբերակ) լեզվով: Նրանք էլ են ենթարկվել ջարդերի 20-րդ դարում: Ներկայիս ապրում են հիմնականում Իրաքում եւ Սիրիայում: Նաեւ Հայաստանում: Դավիթ Բոյաջյանը միջոցառման վերջում հանդիպում է ունեցել ՄԱԱԱ-ի նախագահ Նինոս Հաննայի (հոր նախնիները դիյարբեքիրցի, մոր նախնիներըՙ խարբերդցի) եւ պրոֆ. Սարգոն Ջորջ Տոնապետի (Ռոուդ Այլենդի համալսարանից, հոր նախնիներըՙ Խարբերդից) հետ եւ առաջարկել նրանց ավելի սերտ համագործակցել հայկական համայնքի հետ: |