G-11 ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ես չգիտեմ, թե ընտրությունների մասնակից 11 ուժերը կլինե՞ն արդյոք անկեղծ, ասելով, թե որն ի՞նչ նպատակով է ուզում մտնել խորհրդարան: Օրինակՙ ՔՊ-ն կունենա՞ այնքան «դուխ», որ Հայաստանում մնացած ժողովրդին հավաքի Հանրապետության հրապարակում ու ասիՙ սիրելի ազգ, մենք ուզում ենք մտնել խորհրդարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Միայն ա՛յդ պատճառով, ուրիշ նպատակ չունենք, ծրագիր էլ, ռազմավարություն էլ: Կամ ԲՀԿ-ն կգտնի՞ արդյոք հզորություն, որ հավաքի ամբողջ ժողովրդին Գագիկ Ծառուկյանի գործարաններից եւ հիմնարկներից ու ասի. սիրելի ժողովուրդ, մենք ուզում ենք խորհրդարան մտնել, քանի որ Գագիկ Ծառուկյանն է այդպես ուզում: Զուտ այդ պատճառով, ուրիշ նպատակ չունենք, ծրագիր էլ, ռազմավարություն էլ, առհասարակ մենք այնպիսի կուսակցություն ենք, որ միշտ անում ենք այն, ինչ ասում է պարոն Ծառուկյանը: Իսկ Սասնա Ծռե՞րը, կունենա՞ն այն զենքը, ներողություն, համարձակությունը, որ ամբողջ ժողովրդին մի սենյակում գերի վերցնեն ու ասեն. սիրելիներս, մենք իրականում ուզում ենք մտնել խորհրդարան, քանի որ երազում ենք Հայաստանում Նյուրնբերգյան դատավարություն սկսել, մենք էլ դառնանք երդվյալ ատենակալ ու Աստծու գործը մեր վրա վերցրածՙ սրան-նրան պատժելու որոշումներ կայացնենք: Կամ Լուսավոր Հայաստանը կասի՞ արդյոք, որ սիրելի ժողովուրդ, իրականում մենք չէինք մասնակցի ընտրություններին, եթե Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն պետք չլիներ: Ու քանի որ ՀՀԿ-ն չնայած գահընկեց է եղել, բայց դեռ սարսափելի է, որոշվել է, որ մենք ենք լինելու ընդդիմությունը: Ի դեպ, ՀՀԿ-ն: Ես հասկանում եմ, որ ընտրություններում միշտ հաղթելուց հետո առնվազն հետաքրքրական է գոնե մեկ անգամ զգալ պարտության համը, բայց մի՞թե պարտությունը կարող է ձգտում լինել եւ կա՞ արդյոք ձեր ցուցակում մեկը, որը վստահ է, որ հաղթելու եք: Իմիջիայլոց, վերջին տասը տարում երկրի իշխանության համար... 5 հոգով խորհրդարան մտնելը հաղթանակ չէ: Լավ, իսկ Դաշնակցությո՞ւնը: Հասկացանք, որ դարից ավել մեր կողքին քայլում է, բայց հասկանալի չէ՞, որ եթե հինավուրցությունը քաղաքական կատեգորիա լիներ, ապա մենք հիմա Հայ դատի գրասենյակ չէինք ունենա, քանի որ հանգիստ թեյ կխմեինք Վանի մեր տանը, Վանի կամ Մուշի, Մուշի կամ Կարսի... Մենք, նկատի ունեմ այս անունով կուսակցությունների դաշինքը, կլինե՞ն անկեղծ ու կհայտարարե՞ն, որ սիրելի ժողովուրդ, մենք կանք, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեզ չտեսավ ու հիմա մեծ հույս ունենք, որ դուք մեզ կտեսնեք, բայց եթե նույնիսկ չտեսնեք, մեզ այնքան տեսնողներ կան, մանավանդ ազատ դեմոկրատական արեւմուտքում... Եւ վերջապես, ինչո՞ւ, ՕԵԿ: Այսքանը, ընտրությունների մյուս մասնակիցներն էլ հավանաբար ուզում են, որ Հայաստանի ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՄԱՄԲ ունենանք ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ու ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ: Ասում ենՙ հաճելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը: Ձեզ հաճելի օրեր եմ մաղթում: Չվախենա՛ք: |