«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔ-2»-Ի ՇՆՈՐՀԻՎ ԱՆԿԱՐԱՆ ԿԿԱՊՎԻ ԵՎՐՈՊԱՅԻՆ Պ.Ք. Ռուս-թուրքական հեռագնա ռազմավարական գործընկերություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս մեկօրյա այց է կատարել Ստամբուլ, որտեղ իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեսակոնֆերանսի ռեժիմով, մասնակցել է «Թուրքական հոսք-2» գազամուղի ծովային հատվածի ավարտման արարողությանը: Իրադարձությունը մեկնաբանող գրեթե բոլոր թուրք փորձագետները գազամուղի ծովային հատվածի ավարտումը անվանել են պատմական իրադարձություն: Ահա որոշ ընդհանուր տեղեկություններ գազամուղի նախագծի մասին: «Թուրքական հոսք-2»-ը սկիզբ է առնում Անապա քաղաքի շրջանում եւ թուրքական ափ դուրս գալիս Կիյիկյոյումՙ Ստամբուլից մոտ 100 կմ հեռավորության վրա: Այն անցնցում է Սեւ ծովի հատակով, խողովակաշարի ծովային մասի երկարությունը կազմում է 930 կմ, Թուրքիայի տարածքում ցամաքային հատվածի երկարությունը 180 կմ է: Նախագիծը գնահատվում է 7 մլրդ դոլար: Խողովակաշարի առաջին գիծը նախատեսված է թուրքական շուկային գազ մատակարարելու համար, երկրորդըՙ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի համար: Գծերից յուրաքանչյուրի արտամղման հզորությունը կազմում է տարեկան 15,75 մրդ խորանարդ մետր գազ: Սպասվում է, որ գազամուղը շահագործման կհանձնվի 2019 թվականի վերջերին: «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է թուրք փորձագետների գնահականը: Առաջին, «Թուրքական հոսք-2»-ը առնվազն հիսուն տարով ամրագրում է Անկարայի եւ Մոսկվայի ռազմավարական գործընկերությունը գազի մատակարարումների ոլորտում: Տնտեսական եւ արտաքին քաղաքական հետազոտությունների թուրքական կենտրոնի հաշվետվության համաձայն, գազամուղը մի կողմից կապահովի բնական գազի նկատմամբ Թուրքիայի կարիքները, որոնք մինչեւ 2035 թվականը կհասնեն 71,8 մլրդ խորանարդ մետրի: Մյուս կողմից խողովակաշարը կստեղծի 13,5 հազար հավելյալ աշխատատեղ, ինչպես նաեւ բնակչության եկամուտների 100 մլն դոլար եւ ազգային եկամտի 500 մլն դոլար աճ: Նախագիծը Թուրքիայի արեւմուտքում բնական գազով կապահովի այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Ստամբուլը, Բուրսան, Կոջաելին, Իզմիրը եւ կնպաստի երկրի էներգետիկայի հետագա զարգացմանը: Երկրորդ: Նախագիծն անմիջականորեն կապում է Թուրքիայի եւ Ռուսաստանի էներգահամակարգերը, հանգեցնում ռուսական գազի վիթխարի պաշարների հետ թուրքական բաշխիչ ցանցի միավորմանը: Եթե հաջողվի համաձայնության հասնել Թուրքիայից դեպի Եվրոպա «Թուրքական հոսք-2»-ի գազի մատակարարման հարցում, ապա երկիրը Մերձավոր Արեւելքում կդառնա խոշորագույն էներգետիկ հանգույց, Արեւելքը Արեւմուտքին կապող կամուրջ, Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի կարեւոր հանգուցային էներգետիկ կետ, ինչը կտրուկ կմեծացնի եւ կամրապնդի երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը: Երրորդ: Անկարան տեղի չտվեց Վաշինգտոնի ճնշմանը եւ չհրաժարվեց այդ նախագծից: Նա չի վախենում մասնակից դառնալ Ուկրաինայի դեմ ուղղված խաղին, քանզի հասկանում է, որ մոտ ժամանակներս այդ երկիրը, ինչպես որ Մոլդովան, Ռումինիան եւ Բուլղարիան, կհանվի բնական գազի տարանցման պետությունների ցանկից: Այլ կերպ ասած, Անկարան պատրաստ է մասնակցել լուրջ ու լայնընդգրկուն աշխարհաքաղաքական խաղերի, որոնք տեղի կունենան տարածաշրջանային ինտեգրմանը Ռուսաստանի մասնակցության սցենարի իրականացման արդյունքում: Ի դեպ, Պուտինն այդ մասին խոսեց Ստամբուլում կազմակերպված միջոցառման ժամանակ: Չորրորդ: Թուրք փորձագետները միեւնույն ժամանակ զգուշացնում են, որ Անկարան պետք է պատրաստ լինի հետ մղելու ԱՄՆ-ի պատասխան հարվածները, որոնք, նրանց կարծիքով, առավելագույնս կխոչընդոտեն դեպի Եվրոպա «Թուրքական հոսք-2»-ի ներթափանցմանը: Այս կապակցությամբ վերհիշում են նույնիսկ էներգետիկայի ոլորտի ամերիկացի փորձագետ Ուիլյամ Էնգդալի կարծիքը, որը վերջերս թուրքական Turkiye հրատարակության էջերում նշել է, որ Ռուսաստանից դեպի Թուրքիա եւ այնտեղից էլ Եվրոպա գազի նոր մատակարարումները ոչ միայն ուժեղացնում են Մոսկվայի ազդեցությունը Թուրքիայում, այլեւ «պառակտում են Եվրոպան»: Էնգդալը չի բացառում, որ ամերիկացիները կփորձեն հեղաշրջում կատարել Թուրքիայում եւ եվրոպական որոշ երկրներում: Հինգերորդ: Ի դեպ, այդ մասին գրում է նաեւ լեհական Nowe Panstwo հրատարակությունըՙ մատնանշելով Եվրոպայի համար «Հյուսիսային հոսք-2»-ի եւ «Թուրքական հոսք-2»-ի աշխարհաքաղաքական (կողային ներկալման) նշանակությունը: Ըստ որում ակնարկվում է, որ ժամանակն է, որպեսզի Լեհաստանը հասկանա Ռուսաստանի գազային քաղաքականության կարեւորությունը, ինչպես դա անում է Թուրքիան: Իսկ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությունը գտնում է, որ «Թուրքական հոսք-2»-ի գործարկումից հետո Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը կհայտնվի Բեռլինի եւ Անկարայիՙ որպես ռուսական գազ տարանցողների ձեռքին: Պուտինի եւ Էրդողանի համար ստամբուլյան հանդիպումը հինգերորդն էր ընթացիկ տարում: Երկու ղեկավարների միջեւ հաստատվել է քաղաքական վստահության անհրաժեշտ մակարդակ: Մոսկվայում հասկանում են, որ Անկարան դժվար թե Արեւմուտքին զիջի քաղաքական եւ աշխարհաքաղաքական նոր որակը, տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խնդիրների լուծմանը մասնակցելու եւ դրանք ինքնուրույնաբար լուծելու, նոր ընդհանուր դիրքերի հասնելու հնարավորությունը: Թերեւս ստեղծվում է Ռուսաստան-Թուրքիա նոր աշխարհաքաղաքական պատկեր եւ ուրվագծվում է որոշակի բեկումնային պահ: Հավանաբար Վաշինգտոնում նույնպես հասկանում են, որ դրանով իսկ ԱՄՆ-ին փորձում են մղել երկրորդ պլան: |