Ո՞Վ ԵՎ Ե՞ՐԲ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Շաբաթվա ընտրական թոհուբոհի մեջ երկու բան, այնուամենայնիվ, ինձ ուրախացրեց` որ լուծարված խորհրդարանի արդեն նախկին ղեկավար Արա Բաբլոյանը սթափ գտնվեց ու կոչ արեց ընտրարշավի մասնակից քաղաքական ուժերին Արցախի հարցը չշահարկել, եւ որ` Գերմանիայում Անգելա Մերկելը հավասարը-հավասարին ընդունում էր Արմեն Սարգսյանին , ու կադրերը խոսում էին այն մասին, թե Սարգսյանի մարդկային-մասնագիտական որակները գրանցվում են երկրի վարկանիշի օգտին: Այլապես ընտրական փոխհրաձգության եւ կուսակցական բաստիլացման մեջ` մի պահ մոռանալու էինք, որ Հայաստանն ինստիտուցիոնալ կառույցների պետություն է: Առաջինի մասով ասենք, որ իսկապես` ինչու պիտի ժամկետանց կամ նորաթուխ գործիչները շահարկեն Արցախի հարցը, հանգիստ թողեք այն, տասնյակ տարիների ընթացքում արդեն վաղուց հասկացվել է, որ հողերը տալու-չտալու խոսակցությունը միշտ սկսվում է այն պահին, երբ ավարտվում են հանրությանը դուր գալու մյուս վիճարկումները: Վերջ տվեք, վաղուց պարզ է, որ Արցախի հարցում ոչ մի ղեկավար կամ քաղաքական ուժ չի կարող միայնակ եւ ժողովրդի կամքին հակառակ բան որոշել: Լեզվական սայթաքում թույլ տված Սասուն Միքայելյանին էլ ասեք` ոչ թե միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանի ավարտական քննության սայթաքում է ինքը թույլ տվել, որ տեղում ուղղվի ու գնահատականի վրա չազդի, այլ քաղաքական գործչի պատվանդանից պոկվել-ընկնելու, որն ուղղես-չուղղես` երբեմն արդեն ուշ է լինում: Այնպես, ինչպես քաղաքապետի «տվըցվում է»-ի դեպքում, երբ կլինի պահ , երբ այդ կերպ հայոց լեզուն տրորելը չի ներվի, քանի որ Կարգին հաղորդման դերասան չէ ասողը հիմա, այլ` քա-ղա-քա-պետ, այնպես էլ մյուս դեպքերում պետք է «Իմ քայլի» հարյուրավոր դրոշակակիրները մտածեն` իրենց ասածն ու արածն ազդում են իրենց վարկանիշի վրա, ու մեն-մի Նիկոլ չի կարող բոլորին եւ ամեն ինչ ժամանակին ուղղել: Մանկապարտեզ չի, մտածեք, նոր խոսեք, թե չէ կմնաք ձեր սխալների տակ: Հետաքրքրական է, որ Սասուն Միքայելյանի այն ասածին, որով հեղափոխության հաղթանակը գերադասվել էր արցախյան հաղթանակից, դրան հաջորդած փաշինյանական մեկնաբանություններին Արցախից հնչել էին կոշտ գնահատականներ: Դրանց երեկ անդրադարձ է արել Նիկոլ Փաշինյանը , հորդորելով Արցախի նախագահինՙ կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որպեսզի նրանք Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսքը մեկնաբանելու փոխարեն զբաղվեն իրենց գործով: Սա, իհարկե, ենթատեքստ պարունակող զգուշացում է, քանի որ Արցախին են կապված եւ այնտեղ ազդեցություն ունեն Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները... Իսկ ընտրարշավում, իրոք, քիչ ուրախացնող բան կա, տեղ-տեղ այն վերածվում է ինքնանպատակ հակադրության` մի կողմ թողած ընտրողին էլ, նրա խնդիրներն էլ, երբեմն տպավորություն է, թե միայն սեփական ճիշտն ապացուցելու տղայական մղումն է բացարձակացվում, այնքան որ ինքնամոռացության մեջ են ընկնում կողմերը միմյանց փնովելիս: Այս ընտրարշավի գլխավոր ինտրիգն, ինչպես եւ կանխատեսվում էր, խորհրդարանի ընդդիմադիր 30 տոկոսի ֆավորիտին ի հայտ բերելն է, քանի որ «Իմ քայլի» մեծամասնություն լինելու իրավունքը կամ հնարավորությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում: Ուրիշ բան, որ «Իմ քայլն» ավելի տպավորիչ արդյունք է ակնկալում` անկախ հետագայում մանդատների նախապես հայտնի թվից: Սակայն հատկանշական է, որ «Իմ քայլը» նախապես գծած սեւ-սպիտակ սխեմայից այդպես էլ դուրս գալու փորձ չարեց, որն ընտրարշավի ժամանակ առավել առարկայացավ`ակամա գործոն դարձնելով թվում էր անցյալ դարձած ՀՀԿ-ին: Գիտակցված, թե բնազդորեն` չգիտենք: Ինչպես ասում են` հակագովազդի գովազդային ազդեցությունն առավել գործուն է: «Իմ քայլն» ու Հանրապետականը միմյանց հասցեագրված քարոզարշավ են տանում` այդպիսով կարեւորելով մեկը մյուսին եւ անտեսելով ու լուսանցք մղելով բոլոր մյուսներին: Դա անգամ երեւում է «Լուսավոր Հայաստանի» մի շարք բարձրաձայնումներից, թե իրենք պոպուլիստական գոռոցների դաշտում չեն: Ճիշտ է, Հանրապետականն, այնուամենայնիվ, կամերային, իսկ տեղերում ստվերային քարոզարշավ է անում` վերջին դեպքում աշխատելով օգտագործել բոլոր թաքնված հնարավորությունները, սակայն նա զրկված է տեղային հանդիպումներից, քանի որ բաց հանդիպումները կարող են վերածվել անցանկալի տեսարանների` հանգուցյալ Վահան Հովահաննիսյանի ասած դալաններում կատարվելիքի մոտիվներով: Այնպես որ` ՀՀԿ-ին մնում են լրատվամիջոցները, հեռուստաէկրանն ու ֆեյսբուքը: Արդյոք իսկապես ՀՀԿ-ն շանս ունի խորհրդարանի ընդդիմադիր հատվածին տեր կանգնելու: Մինչեւ քարոզարշավի սկսվելը` մենք կարծում էինքՙ ոչ, նկատի առնելով հանրության բացասական վերաբերմունքն այս ուժի նկատմամբ, հիմա երբեմն կասկածելու առիթներ ենք ունենում` Նիկոլ Փաշինյանի առավելապես ՀՀԿ-ին ուղղված քարոզարշավի հանգամանքով պայմանավորված: Ասում են`մրցակցին գործոն դարձնելու ամենաստույգ ճանապարհը նրան ուռճացնելն է, մանավանդ տեղերում հներից դեռեւս վախենալու մասին հենց վկայում է Փաշինյանը: Ի դեպ` խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը լինելու հավակնության մասին բացահայտ ասել են ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Սասնա ծռերը»: Վերջինիս լիդերներից Վարուժան Ավետիսյանի , Գարեգին Չուգասզյանի ծրագրային ելույթները լսողը ակամա հարց է տալիս, լավ, այս մարդկանց ինչ ճանճ էր կծել, որ նրանք զենքով էին փորձում իշխանափոխություն անել: Ասելը` հա, բայց ով նրանցից կստանա այդ երկրորդ տեղը` քարոզարշավի առաջին շաբաթվա վերջին պարզ չէ դեռեւս: ԲՀԿ-ն այդպիսի բան չի ասում` Գագիկ Ծառուկյանն ասում է` ինչ կտաք-տվեք, մենք նույն կերպ մեր գործերը շարունակելու ենք, դեռ ավելացնում է, թե պետք է օգնել Փաշինյանին: Մեկ -երկու ուժ ԲՀԿ-ին նույնացնում են մարտիմեկյան կոալիցիայի հետ` նշելով, որ խանգարելու են այդ կոալիցիայի հին ուժերին խորհրդարանում հայտնվել: Անգամ` «Մենքի» Արամ Սարգսյանը չի ասում, որ իրենք պետք է լինեն խորհրդարան անցնող երկրորդ ուժը: ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Հերմինե Նաղդալյանի ինքնաբացարկն ասում է, որ կա՛մ նա սթափ է գնահատել Հանրապետականի հնարավորությունը, կա՛մ աշխատել են նրա դեմ եղած կոմպրոմատները: Եթե քարոզարշավի մնացած յոթ օրում այս նույն երկու պատճառով այլ ինքնաբացարկներ լինեն` միգուցե այս հարցում առավել հստակություն լինի: Առայժմ ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյանն ուզում է միայն «Իմ քայլի» ղեկավարի հետ բանավիճել` սա եւս վերը նշված սխեմայի համատեքստում է: Ճիշտ է, Փաշինյանը խոսել էր բոլոր 11 ուժերով ուղիղ եթերում բանավիճելու մասին, սակայն եթե դա վերածվելու է մյուսների զուտ ֆիզիկական ներկայությամբՙ 2-ի հակադրության, ինչպես որ Հանրայինի եթերում ականատես ենք եղել արդեն այս 2 ուժերի այլ ներկայացուցիչների պարագայում, ավելի լավ է երկուսով առանձին բանավիճեն իրոք: Որպեսզի մյուս ուժերին չդնեն անհարմար դրության մեջ: Բացի այդ` շոուն այդպես լիարժեք կլինի: Նիկոլ Փաշինյանի` լարվածության առումով վերուվար կորով ընթացող ընտրարշավը նույնպես հարցեր է ծնում: Նա համատեղում է անհամատեղելին` զանգվածների առաջնորդին ու պետության մարդուն. ե՛ւ հեղափոխական պաթոսն է պահպանել, ե՛ւ ասֆալտին փռելու, վզներից բռնած` դուրս շպրտելու սպառնալիքներ է տեղում, ե՛ւ բյուջեն, հատկապես ռազմականը, թալանածի վերադարձով համալրելու մասին է խոսում: Նա թեւերը փռել է իր ողջ թիմի վրա, առանց հոգնելու սրբագրում է նրանց սխալները, սակայն պարզ է, որ ողջ թիմին ծածկել նա չի կարող` հանրությունը Արայիկ Հարությունյանից , Արարատ Միրզոյանից , մասամբ` Լենա Նազարյանից այն կողմ չի ճանաչում նրա թիմակիցներին, ու ոչ ոք չգիտի, թե ինչ անակնկալ է մատուցելու մեզ նոր խորհրդարանի 67 մանդատի տիրապետող (մեծ մասմաբ անհայտ) «Իմ քայլ»ական մեծամասնությունը, ով է ասելուՙ «տվըցվում է», ով է պահելու ինտելեկտուալ գիծը, ով է նորանոր հիասթափություններ մատուցելու հանրությանը: Իհարկե, անհասկանալի է նաեւ ՀՀԿ ցուցակի առաջատարներից Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե իրենք ծրագրային պայքար են ուզում տանել, մինչդեռ Փաշինյանը շեղում է պայքարը դեպի հայհոյանքների մրցավազքի դաշտ. առնվազն Հանրային հեռուստատեսությամբ Շարմազանովն ինքը կրթության նախարարի հետ ծրագրային խոսակցության հնարավորությունը վերածեց անկառավարելի բղավոցների, նա ու իր գործընկերները «մենք ու դուք»-ի սխեմայից այդպես էլ դուրս չեն գալիս: Բացի այդ` հանրությունը հիմա այնպիսին է դարձել, որ ուզում է ավարտին հասցնել իշխանափոխությունը, ուրիշ որեւէ ծրագիր չի ուզում լսել, ու սրանում, անշուշտ, մեղավոր է քսան տարի ծրագրերից խոսող, իսկ գործելակերպով հակածրագրային ՀՀԿ-ական իշխանությունը: Այնպես որ` սեպը` սեպով: Իսկ որ Շարմազանովը ակնարկում է այլ կուսակցություններին` ոտքի տակ չընկնել, քանի որ ՀՀԿ-ի գաղափարական պայքարը Փաշինյանի դեմ է, 6 անգամ կարծիք փոխող «քաղաքական դամբուլիզմի» ներկայացուցիչների հետ չէ. նախ սա բարձր պաշտոնյայի բառապաշար չէ, երկրորդ`բարիկադավորման դասական գործելաձեւ է: Ի դեպ` հավանաբար ոտքի տակ ընկնող որպես նկատի ունի Փաշինյանին օգնելու հակված Ծառուկյանին, միգուցե նաեւ ՀՅԴ-ին, բոլորին հիշեցնելով, որ ՀՀԿ-ի դռների մոտ նախկինում բոլորը հերթ էին կանգնում: Իսկ մենք էլ հիշեցնենք հայտնի խոսքը` առաջինների վերջինը դառնալու, եւ ընդհակառակի մասին: Բոլոր մյուս ուժերին մնացել է ավելի նեղ միջանցք` միմյանց դեմ պայքարելու, «Իմ քայլից» բացի` բոլոր մյուսներին սեւացնելու համար, որ իրենց տարածքն ազատվի, ինչպես որ նրանք թաքնված կամ հենց հստակ անում են երբեմն: «Սասնա ծռերն» էլ լրացուցիչ ջանում են չեզոքացնել «Իմ քայլի» հետ ակամա հակադրությունը, որ հրապարակորեն դրսեւորվեց նոր խորհրդարանն անցումային տեսնելու նրանց տեսակետի համար: Անցումային, թե ոչ` հիմա ոչ ոք չի կարող ասել, դա կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ նոր կառավարությունը երկրի հարցերը կլուծի կամ չի լուծի, քանի որ դեկտեմբերի 9-ին պոպուլիզմի ժամանակը կավարտվի, կսկսվի աշխատելու ժամանակը: Թե չէ ընտրարշավ տանել, երբ դեռ հեղափոխական վարկանիշը մեծ անկում չի ապրել, երբ կողքիդ է ՀՔԾ-ն` իր ակտիվությամբ, երբ վախեցած միլիոնակերները Նիկոլի ելույթների արդյունքում միլիոնները կամովին պետությանը վերադարձնելու հայտարարություն են անում, երբ Ռոբերտ Քոչարյանին փակելու ուրվականը ներկա է օդում, իսկ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից կալանվածներ կան, երեւի թե այնքան էլ դժվար չէ: Ավելի դժվար է չսնել ատելության ու բաժանման մթնոլորտը, առարկայապես մատնացույց անել իրական համակարգային փոփոխություններ, ճշմարտությունն ասել այն մասին, որ պետությունը պետք է կառուցել ոչ թե հարայ-հրոցով կամ հեղափոխական բառապաշարով, այլՙ հանգիստ-հավասարակշիռ-մտածված-կշռված, ու դրա համար հռետորաբանություն-մտայնություն պետք է փոխվի: Որ արդյունք կարելի կլինի գրանցել համերաշխության, եւ ոչ բացասման, օրենքի բացարձակ, եւ ոչ ընտրովի կիրառության պայմաններում: Ով պետք է համերաշխություն հաստատի Հայաստանում, որի մասին հաճախ են խոսում արդեն անգամ նորերը: Ասում են` գողացածը պետք է վերադարձնեն, բայց թալանողների ընտանիքները հասարակական պարսավանքի չպետք է արժանանան, անցումային արդարադատության մասին արդեն զգուշավոր են արտահայտվում, հանդուժողականությունն ու սերն առաջին պլան մղելուց են ակնարկում: Միմյանց թշնամացնող, վրեժխնդրություն բորբոքող այս քարոզարշավից, սոցիալական ցանցերում միմյանց ոչնչացնելուց անմիջապես հետո մի՞թե դա հնարավոր է: Հետաքրքրական է, որ քարոզարշավի ընթացիկ քննությունը բռնելու հետ մեկտեղ` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքին պետք է ուղղի իր այն բացթողումը, որն առաջացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթացում, երբ հարցը վերածվեց Հայաստանի եւ Բելառուսի դիմակայության: Սա եւս մի քննություն է, որը Նիկոլը պիտի հանձնի` մինչեւ դեկտեմբերի 9-ը, ընդ որում` այս անգամ միայն Փաշինյանից չի կախված ամեն բան, այլ այն հանգամանքից, թե ինչպես կպահի իրեն Ռուսաստանը: |