ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆԸ ՋԻՄ ՉԱՆԳԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ Հ.Ծ. Արարայի ճակատամարտի (Պաղեստին, հոկտեմբեր, 1918) փայլուն հաղթանակի 100-ամյակի առթիվ, Թեքեյան Մշակութային միության լոսանջելեսյան մասնաճյուղի հովանավորությամբ նոյեմբերի 18-ին Ալտադենայում (Կալիֆոռնիա) տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի գործադիր տնօրեն եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ բոստոնաբնակ Արամ Արքունը : Նա խոսել է ՀԲԸՄ-ի Ամերիկայի կենտրոնական հանձնաժողովի անդամ, ամերիկյան բանակի կապիտան եւ ամերիկահայ կամավորական ջոկատի հրամանատար Ջիմ Չանգալյանի արկածալից կյանքի մասին: Չանգալյանը 1.200 հայ զինվորների հրամանատարն էր եւ մաս էր կազմում 4000-անոց Հայկական լեգեոնին: Ծնվել էր Տիգրանակերտում 1879-ին: Պատերսոնից (Նյու Ջերսի) երեք այլ հայերի հետ ծառայել էր ամերիկյան բանակում Իսպանիայի դեմ մղված պատերազմում: Քսան տարի անց նրա առաջնորդությամբ Նյու Ջերսին դարձել էր Հայկական լեգեոնի զինվորների մարտական պատրաստվածության գլխավոր կենտրոնը: Չանգալյանը հայտնի է որպես ՌԱԿուսակցության ամենաակնառու առաջնորդներից մեկը, որը ծառայել եւ տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաեւ հայոց եկեղեցում: Եղել է Նյու Յորքում Սբ. Վարդան մայր տաճարի կառուցման հանձնաժողվի անդամ եւ արձագանքելով Հայ եկեղեցու առաջնորդների կոչին դիմել է իր մարտական ընկերներին ասելովՙ «Եկած է ժամանակ, որ... լրացնենք այն կռիվը, որ մղեցինք Արարայի գագաթին» եւ մասնակցել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հանգանականության կազմակերպմանը: Վախճանվել է Նյու Ջերսիում 1947-ին: Ի դեպ հայ լեգեոնականների դերը Արարայի ճակատամարտում ըստ արժանվույն է գնահատել մարշալ Ալենբին գրելովՙ «Նրանք կռվեցին փայլուն կերպով եւ մեծ բաժին ունեցան հաղթանակում»: |