RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2402, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԶԱՆԱՆՈՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տպավորություն ունեմ, որ Երեւանի կենդանաբանական այգում իսկական գազանանոց է: Ամեն դեպքում միայն գազանանոցում զեբրն ու կոկորդիլոսը չէին դիմանա: Երկուսն էլ չկան, զեբրի դեպքում պարզել ենՙ թունավորվել է, կոկորդիլոսի հարցում դիահերձման պատասխանը դեռ չկա, կամ գուցե կա, պարզապես կոկորդիլոսի բարեկամներին չեն ուզում նեղացնելՙ բորբոքելով նրանց վիշտը: Թե ի՞նչ է իրականում կատարվում մեր կենդանաբանական այգում, դժվար է ասել: Գազանանոցի նախկին աշխատողները պնդում են, որ այգու նոր տնօրենը կենդանիներից բան չի հասկանում, այգու նոր տնօրենն էլ ասում է, թե ավանդույթի համաձայն, երբ փոխվում է Երեւանի քաղաքապետը, կենդանաբանական այգու տնօրենին էլ են ուզում փոխել: «Նոր Հայաստան, նոր տնօրեն» սկզբունքով:

Հատկանշական է, որ տնօրենը չի ասել, թե քաղաքապետի փոփոխությունից հետո այգու տնօրենին հատկապես ո՞վ է ուզում փոխել, այգու աշխատողնե՞րը, թե՞ բնակիչները: Ըստ գործող տնօրենիՙ կոնկրետ զեբրի թունավորումը դավադրություն է իր դեմ: Դե, այսինքն գազանանոցում Դյումայի Ֆրանսիայի արքունական բարքերն են, զեբրն էլ շատ կարեւոր կերպար է, համարյա Ասկանիո, ինքն էլ գուցե կարդինալ Ռիշելյեն է, չնայած ավելի ճիշտՙ արքա Լյուդովիկոս 13-րդը, քանի որ թունավորման գործում Ռիշելյեն էր հմուտը:

Եթե լուրջ, ապա այս պատմությունը մի ուշագրավ կողմ ունի: Բանն այն է, որ եթե այգու նախկին աշխատողները ճիշտ են ասում, որ նոր տնօրենը չի հասկանում կենդանիներից, ավելի ճիշտՙ կենդանիներին, այդ պատճառով էլ նրանք հերթով անկում են, ապա տնօրենը պարտադիր պետք է ոչ միայն հեռանա, այլեւ կենդանաբանական այգի մտնելու իրավունքից զրկվի: Բայց, եթե տնօրենն է ճիշտ ասում, որ այգու աշխատողները նենգ դիտավորությամբ թունավորել են զեբրին ու շարքից հանել կոկորդիլոսին, ուրեմն կենդանաբանական այգու աշխատողները պետք է զրկվեն այգի մտնելու իրավունքից, քանի որ եթե անգամ հասկանում են կենդանիներին, ապա սպանում են նրանց, ինչը քրեական օրենսգրքով չգիտեմ, բայց Աստվածաշնչով դատապարտելի արարք է:

Ստացվում է, որ կենդանաբանական այգում գազաններ կանՙ ամեն դեպքում: Ի դեպ, նրանց արքայի մասին: Ես հասկանում եմ, որ մեկ արու առյուծի համար երկու էգի ներկայությունը համարյա երկնքի թագավորություն է: Բայց եթե ուսումնասիրել եք առյուծներին, ապա պետք է իմանաք, որ նրանց ընտանիքներում բոլոր հարցերի պատասխանատուն, բացի անվտանգությունից, էգն է: Այսինքն արու առյուծը միայն հոգում է սեփական ընտանիքի անվտանգության մասին, ուրի՞շ.... քնում է:

Ըստ առյուծագետներիՙ արու առյուծը կարող է քնել օրը մինչեւ տասը ժամ եւ ավելի: Ավելի հստակՙ եթե ընտանիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում, արուները կարող են քնելՙ որքան ուզում են: Հիմա, ենթադրենք Երեւանի կենդանաբանական այգում ապրող մեկ արու եւ երկու էգ առյուծները ընտանիք են: Ապրում են հատուկ իրենց համար կառուցված կացարանում, որտեղ բացի իրենցից ոչ մեկը չկա, նույնիսկ մեկ բորենի: Արու առյուծը ինչո՞ւ պետք է արթնանա, այսինքն զարթնի, որ ի՞նչ անի...

Կենդանիներից հասկանալը լավ բան է: Մանավանդ, երբ շուրջբոլորը գազանանոց է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ