RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



100 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)

ԵԶԴԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով շատ միջոցառումներ, այդ թվում նաեւ գիտաժողովներ տեղի ունեցան եւ մեծ թվով հրապարակումներ եղան: Դրանցում քննարկվեցին 1918-1920 թթ. երկուսուկես տարիների ընթացքում գոյատեւած հանրապետության պատմությանը վերաբերող տարբեր հիմնախնդիրներ: Լուսաբանվեցին մի շարք կարեւոր հարցեր: Տողերիս հեղինակն էլ իր համեստ ներդրումն է բերում այդ գործընթացում: Շարունակելով` այս անգամ կներկայացնեմ կարեւոր մի իրադարձություն, որը խոսուն վկայություն է Հայաստանի Առաջին հանրապետությունում ազգային հարցի դրվածքի, մասնավորապես հանրապետության տարածքում բնակվող փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի մասին:

Երկրում տեղի ունեցող մեկը մյուսից կարեւոր իրադարձությունների (պետականության վերակերտում, հայոց բանակի ստեղծում, համալսարանի եւ մի շարք կրթամշակութային օջախների հիմնում եւ այլն) շարքում նշանակալի իրադարձություն էր նաեւ եզդիների առաջին համագումարը, որը տեղի է ունեցել 1920 թ. սեպտեմբերի 21-ին Ալեքսանդրապոլում: Հայտնի է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի նման եզդի ժողովրդի համար էլ «քանդումի, արիւնի, սուգի ու տեղահանութեան տարիներ եղան» («Հայաստանի ձայն» թերթ, թիվ 141 , 21. 09. 1920): Սակայն եզդի ժողովուրդն էլ հայերի նման կարողացավ մի կերպ գոյատեւել, «անոնք ալ թողին իենց հայրենի շէն գիւղերն ու աւանները, թշնամու սուրէն հալածական լեցուեցան Կովկաս» եւ Հայաստանի հանրապետության հռչակման օրվանից նրանք էլ դարձան ՀՀ քաղաքացիներ:

Ի պատիվ եզդի ժողովրդի ընդգծենք, որ որպես ՀՀ քաղաքացիներ նրանք էլ կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում եւ գործուն մասնակցություն ունեցան մեր ռազմական պայքարին: Հայ ժողովրդի խորը գնահատանքին արժանացած Ջահանգիր աղայի «թուով փոքրիկ, բայց քաջարի մարտիկներու հերոսական կռիւները, մեծ օժանդակութիւն ցոյց տուին մեր սահմաններու պաշտպանութեան եւ մեր ու Եզիդի ժողովրդի ֆիզիքական գոյութեան պահպանման գործին մէջ» (նույն տեղում): Հատկապես կարեւոր դերակատարություն ունեցավ նախկինում Բերկրիի շրջանում բնակվող Զուկրի ցեղերի համադաշնության Մանդիկի ցեղի առաջնորդ, Վանի գավառի 12 եզդիաբնակ գյուղերի ղեկավար Ջահանգիր Խատիֆովը (ի դեպ` պարզվում է ՀՀ Ազգային Արխիվում ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել Ջահանգիր աղայի վերաբերյալ): Մարդ, որը դեռեւս Օսմանյան կայսրության շրջանում աջակցում էր հայ ֆիդայիներին, նրանց ռազմական եւ նյութական օգնություն տրամադրելով եւ որի մասին Թովմա Նազարբեկովը նշել է. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլեւ նշանավոր հերոսների անունների հետ միեւնույն շարքում»: (Ա. Նազարյան, Հայկական զորամասերի կազմավորումը Կովկասյան ռազմաճակատում (1914-1918 թթ., Ե., 1999):

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում` 1915 թ., Ջահանգիր աղան իր ազգակիցների հետ միասին գալիս է Արեւելյան Հայաստան եւ բնակություն հաստատում Ապարանի Ջառջառիս գյուղում: Իսկ Կովկասյան ճակատի փլուզումից հետո Ջահանգիր աղայի ձիավորները գործում էին հայ կամավորական կորպուսի կազմում: Այնուհետեւ նրանք մասնակցել են 1918 թ. տեղի ունեցած Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերին եւ հայկական զորքերի հետ փակել թուրքերի ճանապարհն ու նրանց հետ շպրտել Ալեքսանդրապոլ: Այդ մարտերին Ջահանգիր աղան կարողացավ միավորել եզդիական ուժերը եւ 2000 հոգանոց հեծյալ ջոկատով մասնակցել ճակատամարտի ողջ ընթացքին: Հայկական հեծելազորի զգալի մասը կազմում էին Ջահանգիր աղայի եզդիական միավորումները: Ի դեպ, Ջահանգիր աղայի հարսանիքի քավորը զորավար Անդրանիկն էր եւ նրանց միջեւ եղել են երկարատեւ անկեղծ բարեկամական հարաբերություններ: Այնպես որ հայ-եզդիական բարեկամությունը լավագույնս շարունակվեց նաեւ հայոց պետականության վերականգման տարիներին, որի դրսեւորումներից մեկը եղավ հենց եզդիների հիշյալ համագումարը:

«Համագումարը պատմական պահ է եզդի ժողովրդի համար,-կարդում ենք թերթերից մեկի տեղեկատվության մեջ,- առաջին անգամն է, որ եզիդիներն առիթ ունեն հավաքվելու եւ խորհելու իրենց ժողովրդի ազգային զարգացման եւ առաջադիմության մասին»: Ազգային վերածնությունը թերթի կարծիքով եզիդի ժողովրդի համար նոր պիտի սկսվեր. «գրերու գիւտէն յետոյ իրենց լեզուն պիտի բարգաւաճի, պիտի ծաղկի ազգային գրականութիւնը եւ այլն» («Հայաստանի ձայն» թերթ, թիվ 141 , 21. 09. 1920), որովհետեւ նույնպիսի վերածնություն ցանկացող եւ իր հողն իր արյունով պաշտպանող է այն ժողովուրդը, որի հետ կողք-կողքի ապրում են եզդիները: Հեռու չէ այն օրը,-գրում էր թերթը, երբ վերջ էին գտնելու բոլոր տառապանքները եւ հայ ու եզդի ժողովուրդները Միացյալ Հայաստանի մեջ ձեռք-ձեռքի շարունակելու էին ստեղծագործ աշխատանքները` հանուն ազատ ու բարգավաճ հայրենիքի:

Համագումարին ներկա էին ՀՀ տարբեր վայրերից ընտրված 16 պատգամավորներ: Նախագահ ընտրվեց Լազոն (Ղազարյան Հակոբ Գրիգորի, 1869, հին Բայազետ - 1926, Թիֆլիս), հայ գրող, մանկավարժ: Նա կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետեւ զբաղվել ուսուցչությամբ: Թիֆլիսում աշխատակցել է տարբեր պարբերականների: Հայտնի են Լազոյի «Գուլե», «Ֆերո», «Յա դաստ» «Խունխոր», «Թասիբ», «Քուրդ Զասմի պատմությունը» ստեղծագործությունները, որոնք արտացոլում են քուրդ եւ եզդի ժողովուրդների կյանքը, կենցաղը, հայ եւ քուրդ ու եզդի ժողովուրդների բարեկամությունը: Լազոյի սցենարով նկարահանվել է «Զարե» ֆիլմը: 1921 թ. Լազոն կազմել է քրդական նոր այբուբեն, հրատարակել «Շամս» այբբենարանը: Լազոն բացման խոսքում նշում է, որ «եզիդը Հայաստանն ընդունել է միշտ իբրեւ իւր հայրենիքը եւ իւր լաւագոյն որդիների արիւնը չի խնայել պաշտպանելու այն» («Հայաստանի ձայն», թիվ 148, 3.10.1920), իսկ հայը նույն եղբայրական վերաբերմունքով է պատասխանել դրան: Լավագույն ապացույցը պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցած այդ համագումարն էր:

Համագումարում ելույթ է ունենում նաեւ Շիրակի նահանգապետ Կարո Սասունին եւ շեշտում, որ կառավարությունը ոչ մի խտրականություն չի դնում երկու ժողովուրդների միջեւ: Ընթերցվում են Վեհափառի, եզիդի մեծ հովվապետ Միր Իսմայիլի կոնդակները, կառավարության ողջույնի հեռագրերը: Այնուհետեւ հերթով քննարկվում են օրակարգի հետեւյալ հարցերը` «Հայաստանի կառավարութեան վերաբերմունքը դէպի եզիդիները եւ եզիդիների վերաբերմունքը դէպի Հայաստանի կառավարութիւնը, եզիդիների կրթական գործը, տնտեսական դրութիւնը, ներգաղթի խնդիրը եւ Ազգային խորհրդի ընտրութիւնները» («Հայաստանի ձայն», թիվ 148, 3. 10. 1920): Հետո ելույթ է ունենում եզդիների ղեկավարներից Ուսուֆ Բեկովը : Վերջինս հատուկ ընդգծում է Լազոյի բարեգործական ծառայությունները` «Շամս» որբանոցի բացումը, որտեղ պատսպարվել էին 6000 եզդի որբեր, առաջին մայրենի այբբենարանի հորինումը եւ այլն ու առաջարկում է Շամսի նշան տալ նրան: Այնուհետեւ ընտրվում է երեք հոգուց բաղկացած Ազգային խորհուրդ Լազոյի գլխավորությամբ եւ դրանով համագումարն ավարտվում է:

Ամփոփելով նշենք, որ խորհրդահայ պատմագիտությունը արել է ամեն ինչ Հայաստանի Առաջին հանրապետության պատմությունը եւ մասնավորապես նրանում գործած իրավահամակարգը սեւացնելու համար: Իհարկե, բացասական դրսեւորումներ եղել են, սակայն եղել են նաեւ այնպիսի իրողություններ, որոնք այսօր էլ պատիվ կբերեն շատ պետական համակարգերի: Դրանցից մեկն էլ իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեծահոգի եւ մարդասիրական անվերապահ վերաբերմունքն էր, որի առհավատչյան էր նաեւ հիշյալ համագումարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ