RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2193, Տպվել է` 226, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

Պ.Ք.

Արցախի հակամարտության կարգավորման առնչությամբ զգացվում է բարդ ու բազմաշերտ գործընթաց, որի տարրերը կարոտ են վերլուծության եւ իմաստավորման: Օրերս Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը «Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները. ձեւավորել ապագան» թեմայով կոնֆերանսում «անսպասելիորեն» արծածեց Ստեփանակերտի թեման ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Քալինը հայտարարեց, որ Անկարան հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք վերաբերում են տվյալ հակամարտությանը, որ Թուրքիան տվյալ հարցում սերտորեն համագործակցել է Ռուսաստանի հետ, բայց ինչ-ինչ ուժերի միջամտության պատճառով գործընթացը ձախողվել է: Ըստ որում, թուրք նախագահի մամլո քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը հսկայական դեր է խաղում ԵԱՀԿ Մինսկի խմբում, բայց խումբը դեռ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքները տալ, ինչի հետեւանքով հակամարտությունը մնում է սառեցված:

Միեւնույն ժամանակ նա իր դատողությունների մեջ ներառել է հետաքրքրական դրույթ. «Թուրքիան որեւէ կանխակալություն չունի Հայաստանի նկատմամբ»: Այդպիսով Անկարան ազդակ է հղում Երեւանին, Բաքվին, ինչպես նաեւ Ռուսաստանին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Բայց ի՞նչ ազդակ է դա, եւ ի՞նչ է թաքնված դրա հետեւում: Նախ հարկ է նշել, որ Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ, կկարողանար համանախագահի կարգավիճակ ստանալ այն դեպքում, եթե վավերացներ 2007 թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որոնք նախատեսում էին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ երկու երկրների սահմանների բացում:

Բայց դա տեղի չունեցավ: Ակնհայտ դարձավ, որ Անկարան Արցախի հակամարտության մեջ բռնել է Բաքվի կողմը եւ չի կարող հանդես գալ միջնորդի դերում: Հակամարտության կարգավորմանն ուղղված թուրքական ինչ-որ առաջարկությունների մասին սկսեցին խոսել միայն տասը տարի անցՙ 2017 թվականի աշնանը, երբ նախագահ Էրդողանը անձամբ խոստացավ այդ խնդիրը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սոչիում: Թուրք ղեկավարը մասնավորապես հայտարարում էր, որ «հակամարտության լուծման բանալին Պուտինի ձեռքին է, եւ վերջինիս ցանկության դեպքում հարցը հեշտությամբ կլուծվի»: Հենց այդ ժամանակ էլ Էրդողանը երկու անգամ հայտարարեց, թե Թուրքիան կարգավորմանն ուղղված ինչ-որ նախաձեռնողական առաջարկություն ունի: Այս կապակցությամբ ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի շատ փորձագետներ միաձայն հայտարարում էին, թե Թուրքիան անհրաժեշտ է համարում վերադառնալ խնդրի կազանյան կարգավորմանը, քանի որ վայելում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու երկրների անվերապահ աջակցությունը: Բայց Էրդողանն ինչո՞ւ պիտի դա աներ:

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը առավել ճշմարտանման է համարում թուրքական Strategic Outlook հետազոտական կազմակերպության Կովկասի գծով փորձագետ Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուի դատողությունները: Վերջինիս կարծիքով, խոսքը հակամարտության կարգավորման նպատակով Մինսկի խմբին զուգահեռ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափի ստեղծման մասին է: Ենթադրվում էր, որ Անկարան կներկայացնի կարգավորման փաթեթի նման մի բան, որը կնախատեսեր նաեւ Երեւանի հետ նրա հարաբերությունների կարգավորում, ինչը տրամաբանական կլիներ: «Ես Պուտինին կոչ արեցի ավելի շատ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամատության կարգավորմանը: Նա ինքն էլ է այդ կարծիքին, սակայն, ըստ իս, առանձնակի հույսեր չի փայփայում կողմերի բռնած դիրքի պատճառով», Էրդողանի խոսքերն այսպես է մեջբերել թուրքական Haberturk հարթակը: «Ես նրան հիշեցրի հինգ շրջանների ազատման վերաբերյալ ընդունված որոշումը եւ այն, որ հայկական կողմը պետք է հեռանար այդ տարածքից»: Ռուսական կողմը լուռ մնաց:

Միեւնույն ժամանակ, Մերձավոր Արեւելքի հետազոտման գծով թուրք փորձագետ Օյթուն Օրհանը ենթադրություն է անում. «Էրդողանը փորձել եւ փորձում է ինտեգրվել ղարաբաղյան աշխարհաքաղաքական մեխանիզմին, որպեսզի այն օգտագործի իր համար կարեւոր ուրիշ խնդիրների լուծման նպատակով (Սիրիայում եւ Իրաքում քրդերի հետ)ՙ վերականգնելով Լենինի եւ Աթաթուրքի ժամանակների հարաբերությունները Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիաՙ գումարած Հայաստան ձեւաչափով»:

Բայց սաՙ բառի նեղ իմաստով: Լայն իմաստով Անկարան կփորձի Մոսկվային Լեռնային Ղարաբաղին «կապել» այնպես, որ կաշկանդվի քրդական ուղղությամբ նրա մանեւրելու կարողությունըՙ միեւնույն ժամանակ Բաքվին դրդելով փնտրել փոխզիջումային լուծումներ: Այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Պատահական չէ ամերիկյան EurasiaNet հրատարակության այն հիշեցումը, որ էթնիկապես մերձավոր Ադրբեջանն ու Թուրքիան թեեւ սերտորեն համագործակցում են ռազմական ու տնտեսական ոլորտներում, «քեմալական Թուրքիայի եւ խորհրդային Ռուսաստանի դաշինքը Ադրբեջանի առաջին հանրապետության անկման գլխավոր պատճառն էր»:

Հիշեցնենք, որ Անկարայի հետ առանց նախապայմանի հարաբերությունները կարգավորելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Թուրքիայում նրան լսեցին եւ, ըստ Օզտարսուի, ուղերձը գնահատեցին որպես պատրաստակամություն առանձին-առանձին աշխատելու հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության վրա եւ սկսեցին հաշվարկել հավասարումը լուծելու հնարավորությունը մի քանի անկախ փոփոխական անհայտներով, ինչպիսիք են Անկարայի արտաքին քաղաքականությունը եւ Բաքվի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների քաղաքականությունը:

Հետո Էրդողանի ակնհայտ թույլտվությամբ հնչեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդրըմի հայտարարությունը. «Եթե Հայաստանը դադարի պահանջներ ներկայացնել Թուրքիային եւ եթե անկեղծորեն ցանկանում է նոր էջ բացել Թուրքիայի հետ իր հարաբերություններում, ապա Անկարան կարող է քննության առնել այդ առաջարկությունները»: Պատահական չէ, որ եվրոպացի փորձագետները սկսել են բարձրաձայն դատողություններ անել հայ-թուրքական հարաբերություններում երկրորդ գծի դիվանագիտության գործոնի, երկու երկրների փոխհարաբերությունների կարգավորմանն ուղղված ոչ պաշտոնական ջանքերի մասին, որոնց նպատակը պետք է լինի Անդրկովկասի անվտանգության եւ կայունության ապահովումը, առավել խոր տարածաշրջանային համագործակցության պայմանների ստեղծումը, առեւտրի խթանումը եւ այլն:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը տված հարցազույցում հայտարարել է DemosEUROPA վերլուծական կենտրոնի լեհ թյուրքագետ Ադամ Բալցերը , Անկարայի համար Երեւանի հետ կապված խնդիրը ոչ թե Արեւելքի, այլ Արեւմուտքի հետ հարաբերությունների խնդիր է: «Եթե հայաստանյան օրակարգում երկու հարց կաՙ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ Արցախը, ապա Թուրքիայի առջեւ ծառացած են քրդական հարցը, Կիպրոսը, հարաբերությունները Եվրոմիության հետ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը եւ այլն», ասել է Բալցերը: «Այս ամենը սահմանափակում է Թուրքիայի իշխանությունների մանեւրելու հնարավորությունները: Անկարան բացել է միանգամից մի քանի ճակատ եւ պետք է զգույշ լինի, քանզի մեկ սխալ որոշումը կարող է փչացնել ամեն ինչ»:

Մի խոսքով, Էրդողանի մամլո քարտուղարը իր հայտարարությամբ փորձում է պարզել իրավիճակը: Ռուսաստանցի մի շարք փորձագետների կարծիքով, Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի խնդիրը կարող է ապասառեցվել որոշակի արտաքին ուժերի միացման միջոցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ