RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4113, Տպվել է` 223, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊՐԵՆՔ ՈՒ ՀԻՇԵՆՔ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Սպիտակի երկրաշարժըՙ փաստերով եւ մեկնաբանություններով

Այսօր 1988 թ. դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է: Ու նաեւՙ այդ դաժան աղետի զոհերի հիշատակի օրը:

Սպիտակի երկրաշարժն աշխարհում բացառիկներից էՙ ոչ թե իր ուժով, այլ ընդգրկած տարածքում առկա բնակչության համեմատ մարդկային զոհերի մեծ տոկոսային հարաբերությամբ, ապա եւ երկարաժամանակյա բազմակողմ, խորն ուսումնասիրվածությամբ: Ուժեղ երկրաշարժը, կախված իր ազդեցության չափից, տարերային աղետներից այն մեկն է, որը կարող է խեղել, կաթվածահար անել կյանքի բոլոր ոլորտները: Դրա մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունն ու ներկայացումը կարեւոր է յուրաքանչյուր հաջորդ սեյսմիկ իրադարձությանն առավել պատրաստ դիմակայելու, հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու համար: Սպիտակինը բոլոր կողմերով մանրամասն ուսումնասիրվել է 40-ից ավելի երկրների մասնագետների կողմից, դրա մասին բոլոր այս տարիների ընթացքում գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվել ֆիլմեր, բավականին նյութեր են տեղադրվել համացանցում: Վաղուց անհրաժեշտություն կար հավաքելու, համակարգելու ու մեկնաբանելու այդ ամենի մեջ առավել կարեւորը, ինչպես ոլորտի մասնագետների, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ սովորական քաղաքացիների համար:

Այդպիսի ծավալուն աշխատանք կատարել է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի հիմնադիր, նախկին երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը , պատրաստելով եւ վերջերս «Գիտություն» հրատարակչությունում լույս ընծայելով «Սպիտակի 1988 թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիրք-ալբոմը:

Գիտահանրամատչելի, երկլեզվյան (հայերեն եւ անգլերեն) այս հրատարակությունում ընդգրկված են 110-ից ավելի լուսանկարներ, մեծ թվով փաստացի տվյալներ, 50-ից ավելի քարտեզներՙ մասնագիտական մատչելի մեկնաբանություններով, ներառելով Սպիտակի աղետի հիմնական բնութագրերը, սեյսմաբանական ու երկրաբանական հետեւանքները, կորուստները, փրկարարական ու բժշկական օգնության եւ այլ աշխատանքները, երկրաշարժի գոտու վերականգման ու վերակառուցման գործընթացի բացթողումներն ու կարեւոր արդյունքները:

Մեր հանրապետության հյուսիսն ու հյուսիս-արեւմուտքը ցնցած 7,0 մագնիտուդ հզորությամբ, 9-10 բալ ուժգնությամբ տարերքից, ըստ հայտնի պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազար մարդ: Որոնցից մոտ 17 հազարը կամ երկու-երրորդից ավելինՙ այդ գոտու ամենամեծ բնակավայր Լենինական (Գյումրի) քաղաքում:

Ըստ էության, եղել է 35-45 վայրկյան ընդհանուր տեւողությամբ երեք հիմնական ցնցում: Երկրաշարժը, սկսվելով Սպիտակ քաղաքի մոտ, նախ տեղափոխվել է դեպի հարավ-արեւելք, մոտենալով Վանաձոր քաղաքին (երեք ցնցումներից համեմատաբար թույլը, Հալավար գյուղի մոտ), ապաՙ դեպի հյուսիս-արեւմուտքՙ Ձորաշեն գյուղի դիմաց, մոտենալով Լենինականին եւ Ստեփանավանին: Ըստ պնդումների, Լենինականում հիմնական ավերածություններն ու զոհերը եղել են հենց այս ամենաուժեղ ցնցման հետեւանքով: Գրքում բերված տվյալներովՙ երկրաշարժից ընդհանուր առմամբ 50 հազար մարդ հաշմանդամ է դարձել, 1 մլն աղետյալ բնակչությունից 514 հազարըՙ անօթեւան... Ուղղակի նյութական կորուստները գնահատվել են 14 մլրդ, իսկ Համաշխարհային բանկի 2017 թ. գնահատումներով դրանք կազմել են 15-20 մլրդ ԱՄՆ դոլար:

Մասնագետները նշում են, որ երկրաշարժն ինքնին աղետ չէ, այն այդպիսին դառնում է դրան պատշաճ պատրաստ չլինելու եւ մեծաքանակՙ հատկապես մարդկային զոհերի պատճառով: Որպես դրա վառ վկայություն բերվում է մերինի մագնիտուդը նույնիսկ մի փոքր գերազանցողՙ 1989 թ. Լոմա Պրիետայի (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) երկրաշարժը, որից զոհվել է ընդամենը 64 մարդ... Սպիտակի աղետը դառը դաս էր մեզ համար, որը ստիպեց ի վերջո ստեղծել ամբողջ երկրի տարածքն ընդգրկող սեյսմիկ պաշտպանության գործող համակարգ, նրա միջոցով ձեռնամուխ լինել մի շարք առաջնահերթ ու մշտապես կարեւոր խնդիրների լուծմանը: Ինչպես բազմիցս ասվել է, ողբերգության պատճառ դարձած հիմնական սխալներն ու բացթողումներն էին հանրապետության տարածքի մեծ մասի սեյսմիկ վտանգի թերագնահատումը, հատկապես բազմաբնակարան շենքերի նախագծման, շինարարության եւ շահագործման ժամանակ թույլ տրված կոպիտ սխալներն ու շինարարության ցածր որակը, աղետին արագ արձագանքման ու դիմակայման հարցում անպատրաստ լինելը հատկապես առաջին օրերին, երբ մեծ էր մարդկանց փրկելու հնարավորությունը: Աղետից հետո եւ հաջորդող տարիներին այս ամենի ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել, կազմվել են սեյսմիկ միկրոշրջանացման, սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման նոր քարտեզներ, դրան համապատասխան վերանայվել են շինարարական նորմերը, նաեւ պատրաստվել են համապատասխան փրկարարական, բժշկական կադրեր եւ այլն:

Գիրք-ալբոմում ներկայացվում է նաեւ երկրաշարժի գոտու վերականգնման-վերակառուցման ուղղությամբ կատարված ընդհանուր առմամբ հսկայածավալ աշխատանքը, որը, ցավոք, խիստ ձգձգումներով է իրականացվել ԽՍՀՄ փլուզման, ծագած արցախյան պատերազմի, տեւական շրջափակման, երկրի տնտեսական դժվարությունների պատճառով եւ ըստ էության դեռ լիարժեք չի ավարտվել: Այս գործում թույլ տրված սխալների ու բացթողումների թվում հեղինակը նշում է այն, որ չմշակվեց աղետի գոտու վերականգնման ու վերակառուցման համալիր ծրագիրՙ միջազգային փորձի հաշվառումով, ֆիզիկական վերականգնումը չզուգորդվեց տնտեսական վերակառուցմամբ, վերջինս հետաձգվեց ու այդպես էլ չիրականացվեց, պետական հոգածությունից ու պահպանումից դուրս մնացին ԽՍՀՄ հանրապետությունների հատկացրած մեծաքանակ շինարարական տեխնիկան ու ստեղծված շինարարական բազաները, որոնք թալանվեցին ու փոշիացան: Աղետի գոտուն չտրվեցին հարկային, մաքսային, բանկային արտոնություններ, որպեսզի զարգանար տնտեսությունը, կանխվեր արտագաղթը:

Բերված են տվյալներ տարբեր բնակավայրերում կորսված բնակֆոնդի, կրթական, առողջապահական, այլեւայլ հաստատությունների շենքերի, կառույցների վերականգնման վերաբերյալ: Հանրապետության նախորդ իշխանությունը հայտարարում էր, որ աղետի գոտում բնակարանաշինության խնդիրն ի վերջո լուծված է, ինչը նշում է նաեւ Ս. Նազարեթյանը: Սակայն մասնավորապես Գյումրիում այսօր դեռ 2800 տնակների գոյությունը, որոնցից մեծ մասում մարդիկ շարունակում են ապրել, լուրջ ուսումնասիրության ու լուծումներ գտնելու խնդիր է մնում նոր իշխանության համար:

Գրքում բերված են նաեւ սեյսմիկ պաշտպանության ոլորտի մի շարք հրատապ խնդիրներ, որոնցից են հանրապետությունում մինչեւ 1989 թ. կառուցված, սեյսմիկ խոցելիություն ունեցող շենքերի ու կառույցների, այդ թվում հինգ եւ բարձր հարկերի 4500 բնակելի ու որոշակի թվով դպրոցական շենքերի սեյսմակայունության մակարդակի բարձրացումը կամ դրանց ապամոնտաժումը, առկա ջրամբարների պատվարների սեյսմակայունության մակարդակի բարձրացումը, բազմաբնակարան շենքերի շահագործման կանոնների խստացումը, կենսապահովման ու այլ կարեւոր օբյեկտներում, գծերում ավտոմատ վաղ ազդարարման համակարգերի տեղադրումը եւ այլն:

«Մեր բոլորի նպատակը մեկն է,- օրեր առաջ Գյումրիում այս հույժ արժեքավոր գիրք-ալբոմի շնորհանդեսի ժամանակ ասաց պրն Նազարեթյանը,- այնպես անել, որ այլես երկրաշարժը չվերածվի ողբերգության»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ