RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 4199, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹՈՒՄՈՆ»ՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏԸ, ՄԵԾ ԵՐԿԻՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական ԶԼՄ- ների ուշադրության առանցքում խորհրդարանական ընտրություններն են

Գերմանական լրատվամիջոցներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Հայաստանը պահել են ամենօրյա ուշադրության կենտրոնում. մագնիսն անշուշտ խորհրդարանական ընտրություններն են, որ գրելու բազմաշերտ թեմա են հուշում, երբ տեղում ես: ԶԼՄ- ների ամենատպավորիչ շեշտադրումը թերեւս սա էՙ մեր սահմաններով փոքր պետությունը, որում 3 միլիոն բնակիչ կա, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, սփյուռքի 7- 10 միլիոնի ներուժը հավելելով, գլոբալ դառնալու ուղին է բռնել: Դեկտեմբերին Հայաստան այցելած թղթակիցներն անշուշտ մոռացության չեն մատնում նաեւ երկրաշարժի 30 տարինՙ նկարագրելով, թե Գյումրիում տնակային պայմաններում դեռ մեծաթիվ մարդիկ են գոյատեւում, հիշատակում են մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», հաղորդում դեկտեմբերի 9- ի խորհրդարանական ընտրություների հետ հույս կապող մեր երիտասարդության մասին:

Տեղի սղության պատճառով անդրադառնում ենք դրանցից մի քանիսինՙ հնարավորինս հակիրճ:

Մարի Իլլները «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» դեկտեմբերի 2- ի համարում Երեւանից գրում է «Թումո» կենտրոնի մասինՙ զրուցելով տեղի սաների, ուսուցիչների, հիմնադիրների հետ: «Նոր, մեծ ՏՏ ազգ դառնալու ճանապարհին» վերնագրյալ ծավալուն հոդվածում հեղինակը շեշտադրում է, թե փակ սահմաններ ունեցող, աշխարհաքաղաքական լարված տարածաշրջանում գտնվող, նվազ քանակությամբ արտահանվող ապրանքատեսակներ ունեցող երկրիՙ աշխարհին ուղղված նոր հայտը ՏՏ զարգացմամբ մեծ աշխարհ դուրս գալն է:

ԽՍՀՄ փլուզումից հետո աղքատ երկիր, ԼՂ հակամարտություն, կոռուպցիա, ով կարողանում, լքում էր երկիրը, բայց «Թումոն» մնալու պատճառ ու նպատակ է, գրում է «ՖԱՑ»- ըՙ հավելելովՙ այն ավելին է ձգտում լինել, քան սոսկ կրթավայրը: 2011- ին Երեւանում բացված անվճար մեդիա կենտրոնը 12- 18 տարեկան ավելի քան 14 000 պատանիների ՏՏ կրթություն է ապահովում: Թերթն անդրադառնում է նաեւ կանցլեր Մերկելիՙ կենտրոն կատարած օգոստոսյան այցին ու ոգեւորությանը: «Մաթեմատիկոսների, շախմատիստների ազգից» ավելի քան 600 գործարար ՏՏ ոլորտում ակտիվ ներգրավում ունի, նրանց մեկ երրորդըՙ արտասահմանյան ընկերություններում: Ստարտափերի երիտասարդ հեղինակները մայիսյան հեղափոխության հետ հույս են կապումՙ «ապագան ավելի շուտ է մերձենում մեզ, քան ակնկալում էինք», երիտասարդների կարծիքն է ներկայացնում «ՖԱՑ»-ը: Հայաստանի հայացքն դեպի ուր ուղղելՙ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա հարցին, նրանք մի պատասխան ունենՙ մեր երկրին:

Դեկտեմբերի 1-ին «Բայրիշե ռունդֆունկ»- ը «Հայաստանը վերագտնում է իրեն» վերնագրված ռեպորտաժում նույն թեման լուսաբանելով նախ նկատել է տալիս, թե ՏՏ ոլորտի զարգացման հետ հույս կապող նոր Հայաստանը ԽՍՀՄ- ի «Սիլիկոնյան հովիտն էր» արդեն, եւ սա վերադարձ է ակունքներինՙ հեղափոխության հետ հույս կապող ՏՏ մասնագետների նորոգ մեկնարկով: Երկիր կառավարող 40- ը չբոլորած նախարարներն իրենց քաղաքական ընդդիմադիրների հետ հանդիպումները տրամադրում են ուղիղ եթերովՙ իրենց որդեգրած արմատական թափանցիկությանը հակադրելով նախորդներիՙ խնամիբարեկամական, կոռուպցիոն տնտեսական համակարգին, հաղորդում է ռադիոմեկնաբանըՙ ռեպորտաժի ավարտին, կարծես հուշելով, թե դեկտեմբերյան ընտրությունից հետո պարզ կդառնաՙ կհաջողե՞նք մեր ճանապարհին, օրինակ կդառնա՞նք այլոց համար:

Դեկտեմբերի 2- ին կիրակնօրյա եթերում Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, «թավշյա հեղափոխությամբ» ժողովրդավարացման ավելի մեծ հույս փայփայող մեր երկրի քաղաքական ներկային անդրադարձավ նաեւ գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ իր դիտարժան «Եվրոպական հանդես» հաղորդման եթերում: Բիրգիթ Վիրնիչի Երեւանից պատրաստած 5 րոպեանոց ռեպորտաժում նույն «հերոսն» էՙ «Թումո» կենտրոնն իր սաներով, սփյուռքից Հայաստան վերադարձած ուսուցիչներով, որ երկրի մտքի թռիչքն իրականացնող, նրա սահմաններն անսահման դարձնողն են: Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» քաղբանտարկյալ էր Գեւորգ Սաֆարյանը, նա ընտրություններում հայտ ներկայացրած իր կուսակցությամբ («Սասնա ծռեր») Սփյուռքի աջակիցն է ուզում դառնալ ապագա խորհրդարանումՙ նրանց գործարարության համար քաղաքական բարենպաստ հենարան ստեղծելով օրենսդրական դաշտում: Հայաստանը սպասման, մեկնարկի, շարժման ճանապարհին է, եզրափակում է հաղորդման հեղինակը:

Գերմանական ԶԼՄ- ների մեջ մայիսից ի վեր առանձնանում է «Դոյչլանդֆունկ»- ն իր Հայաստանի հանդեպ անօրինակ ուշադրությամբ: Ինչպես «հեղափոխության» ժամանակ ամեն օր եթերում թարմացնում էր Հայաստանի մասին լրատվությունը, այնպես էլ հիմաՙ նոյեմբերի վերջից Քրիստոֆ Քերսթինգի քննախույզ հայացքով անդրադառնում է մեր երկրի անցյալին ու ներկայինՙ քաղաքական ու պատմական դիտանկյունից, իր վերլուծությանը զուգահեռելով կենդանի շփումները, զրույցները տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ