RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3726, Տպվել է` 214, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Վերլուծաբան

Աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային տոնը, որը կապված է պետականության կայացման հետ կամ ազգի համար ունի կարեւոր նշանակություն: Տարբեր երկրներում այն տարբեր կերպ է կոչվումՙ Հանրապետության օր, Ազատագրության օր, Երկրի օր եւ այլն: Ղազախստանում, ինչպես եւ շատ այլ երկրներում, դա Անկախության օրն է, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 16-ին: Այս տարիՙ արդեն 27-րդ անգամ: Հետադարձ հայացք գցելով հարկ է նշել, որ անկախությունը, որի մասին երազում էր ղազախ ժողովուրդը, ղազախստանցիների համար միանգամայն անսպասելի եղավ: Այն ժամանակՙ 1991թ., ԽՍՀՄ փլուզմամբ նորանկախ 16 պետություններն ակնհայտորեն անպատրաստ գտնվեցին ինքնուրույնությանը եւ, կարելի է պնդել, որ հընթացս կարգավորում էին կենսական ռազմավարությունները, զարգացման ուղղությունները, եւ դա անում էր նաեւ Ղազախստանը: Այն միտքը, որ այդ պետությունը, որտեղ անցյալ դարի 90-ական թվականների սկզբում կանգ էին առել գործնականում բոլոր գործարարները, էլեկտրականությունը տրվում էր ընդհատումներով, ճիշտ այնպես, ինչպես որ վճարում էին աշխատավարձերը, կարող է կարճ ժամկետներում հասնել ինչ-որ բարձր արդյունքների, այն ժամանակ հանդիպում էր ինչպես քաղաքացիների, այնպես էլ արտասահմանյան փորձագետների հոռետեսությանը: Իսկապես քիչ էին մարդիկ, ովքեր հավատում էին այդ երկրի հնարավոր հաջողությանը: Չէ՞ որ տնտեսության մեջ առկա հիմնախնդիրներից բացի երկիրն ուներ այլ, փորձագետների կարծիքով «խոցելի» տեղեր: Դրանցից մեկը հայտնի խորհրդագետ, ԱՄՆ նախագահի խորհրդատու Զբիգնեւ Բժեզինսկու կարծիքով Ղազախստանի բազմազգությունն էր համարվում. «Փլուզում էթնիկ անկայունության արդյունքում»: Դա՛ էր ամերիկյան փորձագետը կանխատեսում Ղազախստանի համար դեռ 90-ական թվականներին:

Հակառակ այն ժամանակվա նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումներին, Ղազախստանն ընդամենը երկու տասնամյակում վերածվեց իր ոտքերի վրա ամուր կանգնած, վստահորեն զարգացող եւ միջազգային գործընթացներում խորապես ինտեգրված պետության: Այսօր այդ երկիրն աշխարհին ցուցադրում է ազգամիջյան խաղաղության եզակի օրինակ: Այդտեղ խաղաղորեն եւ համերաշխորեն ապրում են ավելի քան 100 էթնոսների եւ 18 հարանվանությունների ներկայացուցիչներ: Այսօր դա, իրավամբ, քաղաքականապես կայուն պետություն է հզոր տնտեսական ներուժով: Արդեն այսօր այդ երկիրը դարձել է տարածաշրջանային ինտեգրման ընդունված լոկոմոտիվՙ ներգրավելով արտասահմանյան ուղիղ ներդրումների բազմամիլիարդ հոսքեր:

Այս ամենը հաշվի առնելովՙ արդեն ավելի ուշ Զբիգնեւ Բժեզինսկին արձանագրում էր հետեւյալը. «Ընդունում եմ, որ բավականաչափ ուշադրություն չեմ դարձրել Ղազախստանին: Բայց այն պահին ես չէի գտնում, որ Ղազախստանը նոր իրողություն է իրենից ներկայացնում Կենտրոնական Ասիայում: Եվ չկա որեւէ կասկած, որ անկախության ձեռքբերումով Ղազախստանը խորհրդանշում է մեծ առաջընթաց իր տնտեսական զարգացման մեջ տարածաշրջանում իր տեղի փնտրտուքով, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների կարգավորման գործում»:

Իրապես, այդ համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածը Ղազախստանի համար հավասարվեց մի մեծ դարաշրջանի հետՙ հաջողությունների թվով: Փորձենք հասկանալ, թե ի՞նչն է այդ հաջողության պատճառըՙ նշելով ամենաառանցքային, մեր գնահատմամբ, դիրքորոշումները:

Առաջինը եւ անվիճելիորեն ամենակարեւորը պետության մոտ ռազմավարության առկայությունն է: Այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը համոզված է, որ թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը հաջող զարգացման համար անհրաժեշտ են ա) ապագային դրական կերպար, բ) իհարկե դեպի այն տանող իրատեսական ծրագիր:

Ղազախստանը հստակ գիտեր, թե դեպի ուր է շարժվում արդեն սկսած 90-ական թվականներից: Այսպես, 1992թ. հրապարակվեց «Ղազախստանիՙ իբրեւ ինքնիշխան պետության կայացման ու զարգացման ռազմավարությունը»: Արդեն այնտեղ սահմանված էին զարգացման հիմնական կողմնորոշիչները մոտակա տարիներին: 1997թ. ընդունվեց երկարաժամկետ մասշտաբային փաստաթուղթ, որը կոչվում էր «Ղազախստան-2030»: Այդ փաստաթղթում արդեն սահմանված էր երկարաժամկետ եւ կոնկրետ տեսլականը, թե ինչպիսին պետք է դառնա երկիրը եւ ինչ ցուցանիշների պետք է հասնել դրա համար: Ընդ որում ցուցանիշները դրվել էին այնպես, որ դրանց իրականացմանը կրկին շատ քչերն էին հավատում: Սակայն դրանց հիմնական մասը հաջողվեց կենսագործել արդեն տասական թվականների սկզբին: Սահմանված 33 տարիներից 16-ի ընթացքում պետությանը հաջողվեց լուծել ահռելի բարդության խնդիրներ: Արդեն 2012թ. հայտարարվեց, որ գործնականում բոլոր նպատակները, որոնք նշված էին 2030 Ռազմավարության մեջ, իրագործված են եւ հենց նույն տարում երկրին ներկայացվեց նոր փաստաթուղթ 2050 թվականի տեսլականով: 2050 Ռազմավարության հավակնոտ ցուցանիշներին հասնելու հարցում հոռետեսներն արդեն շատ ավելի քիչ էին: Ակնհայտ է, որ ռազմավարական ծրագրի առկայությունը ցանկացած պետության սկզբունքային առավելությունն է այն պետությունների նկատմամբ, որոնք այդպիսին չունեն: Կարեւոր է նշել, որ Ղազախստանի ռազմավարական փաստաթղթերը մշտապես լրացվում են ավելի մասնակի փաստաթղթերով, որոնք, փաստորեն, գործողությունների ճշգրտող ծրագրեր են:

Երկրորդՙ սկզբունքորեն կարեւոր ուղղությունը, որի շնորհիվ Ղազախստանը թռիչք իրագործեց, զարգացման հիմքում երկրի կրթության եւ ինտելեկտուալ ներուժը դնելն է: Այս ոլորտում ծրագրված քաղաքականության արդյունքները տալիս են իրենց որակական պտուղները:

Վերադառնանք կրկին 1990-ական թվականների սկիզբ: Իրավիճակը երկրում մոտ է ընկճախտայինի: Այդ ժամանակ երկրի ղեկավար Նազաբաեւը որոշում է ընդունում զանգվածային կերպով երիտասարդությանը ուղարկել աշխարհի լավագույն համալսարաններ պետական բյուջեի հաշվին: Նրա նպատակը երկրի տնտեսության առաջատար ճյուղերի համար լավագույն կադրերի պատրաստումն էր: Ոչ բոլորն էին այդ երկրում այդ պահին հասկանում նման որոշման ռազմավարական կարեւորությունը, եւ դա հասկանալի էր: Չէ՞ որ երկրում փաստորեն փող չկար:

Անցել է 25 տարի: Շնորհիվ այդ նախագահական ծրագրի, որը կոչվել էր «Բոլաշակ» (Ապագա), կրթություն են ստացել եւ պատրաստվել համարյա 11 հազար մասնագետներ: Նրանք այսօր հաջողությամբ ներդնում են համաշխարհային լավագույն պրակտիկաները երկրի տարբեր ոլորտներում: Իսկ այդ ծրագիրը կրթական քաղաքականության լոկ մեկ տեսանկյունն էր: Վերլուծությունը ցույց է տալիս, որ կրթության հիմնահարցն առաջին իսկ օրերից պետական քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն էր: Այդ ոլորտի ֆինանսավորման ծավալները աճում են առ այսօր: Ամբողջ երկրով մեկ բացվում են գերժամանակակից դպրոցներ, գործում է «Նազարբաեւ համալսարանը»ՙ համաշխարհային մակարդակի ԲՈՒՀ-ը, որն աշխատում է ժամանակակից միջազգային ակադեմիական չափանիշներին համապատասխան եւ ակադեմիական ազատությունների սկզբունքներով: Մի խոսքով, կրթության այսպիսի շեշտադրում ունեցող երկիրն ունի մեծ ապագա եւ վաստակած արդյունավետ ներկա:

Երրորդը, ինչը կուզեինք շեշտադրել, երկրի բացությունն է գործարարության եւ ներդրողների համար: Աշխարհի զարգացած երկրների ԹՈՓ 30-ի մեջ մտնելու ցանկությունը ստիպում է Ղազախստանին մշտապես կատարելագործել սեփական օրենքների գործողության մեխանիզմերը եւ ստեղծել պայմաններ երկրի զարգացման մեջ բիզնեսի ակտիվ մասնակցության համար: Դա էլ դարձնում է այդ երկիրն ավելի ու ավելի գրավիչ ժամանակակից արտասահմանյան ներդնողների համար: Այս 27 տարիների ընթացքում երկիր են մտել ավելի քան 300 միլիարդ դոլար ուղիղ ներդրումներ, իսկ դա Կենտրոնական Ասիայի երկրներ մտած բոլոր ներդրումների համարյա 70 տոկոսն է:

Թերեւս, հենց դա էլ Ղազախստանի հաջողության առանցքային բաղադրիչն է: Ընդ որում, այնուամենայնիվ, թվարկված ամեն ինչից ամենագլխավոր դերն իրապես պատկանում է երկրի առաջնորդինՙ Ն. Նազարբաեւին: Չէ՞ որ ակնհայտ է, որ առանց պետության առաջին դեմքի քաղաքական կամքի, խելքի եւ ահռելի հետեւողականության նման արդյունքների հասնելն ուղղակի անհնար է: Ինչ վերաբերում է Ղազախստանի զարգացման հեռանկարներինՙ մասնավորապես տնտեսությանը, ապա առանցքայինը, որ այստեղ պետք է իմանալ այն է, որ երկիրը աստիճանաբար հեռանում է հումքային կախվածությունից եւ արդեն համարյա տասը տարի առաջ սկսել է շեշտադրել ինդուստրիալ-ինովացիոն զարգացումը: Եվ դա այն դեպքում, երբ երկիրը փորձագետների գնահատականներով, աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցնում բնական հարստությունների պաշարներով: Մենդելեւի աղյուսակի 110 տարրերից նրա ընդերքում հայտնաբերված է 99-ը, հետազոտված է 70-ը, իսկ արդյունահանվում եւ օգտագործվում է 60-ը: Դրանց օգտագործումը մեծապես օգնել է Ղազախստանին կայացման տարիներին, սակայն այսօր Աստանան հետեւողականորեն հեռանում է հումքային կախվածությունիցՙ այն փոխարինելով վերամշակող արդյունաբերության զարգացմամբ: Այդ նոր ոլորտն արդեն այսօր դառնում է արդյունաբերության մեջ զարգացման դրայվերը եւ ցուցադրում է դրական դինամիկա:

Բացի ներպետական աշխատանքից, Ղազախստանն ակտիվ գործունեություն է ծավալում արտաքին ուղղությամբ: Այս երկիրն այսօր հանդիսանում է գործնականում բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունների անդամՙ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԻԻՀԿ-ի, ԱՀԿ-ի, ՀՇԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՏՀԶԿ-ի եւ այլ միավորումների: Նրա նախագահությունը արդյունավետ է անցել ազդեցիկ միջազգային կազմակերպություններում, որպիսիք են ԵԱՀԿ-ը, ԻՀԿ-ը, ՀՇԿ-ը, ԱՊՀ-ը, ՀԱՊԿ-ը, ԱՎՄՓԽ-ը, Թյուրքական խորհուրդը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Երկիրն իր սեփական հարթակում կազմակերպում է համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարներ, հանդես է գալիս իբրեւ արդյունավետ միջնորդ միջազգային հակամարտությունների կարգավորման գործում:

Այս ամենի համադրությունը դրական տպավորություն է ստեղծում երկրի մասին: Նման հաջողությունները հաշվի առնելովՙ ակնհայտ է դառնում, որ անկախ զարգացման 27 տարին միայն սկզիբն է մեծ ապագայի եւ այդ երկրի էլ ավելի տպավորիչ հաջողությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ