ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՆՑՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Գյումրեցի Հովհաննիսյանների ընտանիքը, 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, երեք տասնամյակ ապրել է փայտյա ինքնաշեն կացարանում: Բազմանդամ ընտանիքի հայրըՙ Մարտինը, համերկրացիներից շատերի նման, փորձել է ինչ-որ լուծում գտնել, երբ զգացել է, որ ժամանակավոր կացարանից դուրս գալու նպատակը հեռու է իրականություն դառնալուց: Խոնավությունից քայքայված կացարանին ամեն կերպ տան տեսք տալու նրա փորձերը, սակայն, ձախողվել են: Իսկ նոր տուն կառուցել չի հաջողվելՙ սոցիալական պայմանների պատճառով: Երեք տասնամյակ է պահանջվելՙ միայն պատերն ու տանիքը կառուցելու համար: Ժամանակավորից երկարաժամկետ բնակավայրի վերածված փայտե կացարանը մնացել է ընտրության միակ հնարավորությունը: Ընթացիկ տարվա գարունն ավետաբեր է եղել Հովհաննիսյանների համար. ընտանիքին ընդգրկվել է գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Կամավորության սկզբունքով համախմբված թիմերը Մարատի հետ շինարարություն են սկսելՙ նրա երազանքն իրականություն դարձնելով: Նոր եւ կոմունալ բոլոր պայմաններով ապահովված բնակարանում հյուրընկալվել են աջակցող կազմակերպությունների ղեկավարները: «Որեւէ գործում յուրաքանչյուրը պետք է ունենա հենման կետ: Մեկի համար դա կարող է լինել հույսը, մյուսի համարՙ վճռականությունը, երրորդի համարՙ կամքը: Կարեւոր չէ, թե երազանքների իրականացման ճանապարհին ով ինչ կընտրի: Կարեւորը դրանցից մեկի առկայությունն էՙ սկսած գործում: Մեզ համար, իբրեւ կազմակերպություն, կարեւոր է մեր հայրենակիցների համար այդ հենման կետն ապահովելը: Ուրախությամբ եմ արձանագրում, որ եւս մեկ ընտանիք, մեր գործակցության արդյունքում, հաղթահարեց տարիների խնդիրն ու լուսավոր ժպիտով կարող է նայել ապագայինե,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Հովհաննիսյաններն արդեն չեն անհանգստանում տեղանքին հատուկՙ ցրտաշունչ ձմռան հեռանկարից: Ավելին, կա տարեմուտը նոր բնակարանում նշելու անհամբեր սպասում: |