RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3308, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ

Պ.Ք.

Էրդողանն ու Ալիեւը չեն լսում Փաշինյանի կոչերը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետՙ անելով արտաքին քաղաքականությանը եւ սեփական դիրքորոշմանը վերաբերող հայտարարություններ: Հանդիպումը մեծ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ավելի վաղ Փաշինյանը հանդես էր եկել տարատեսակ հայտարարություններով:

Վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ Երեւանը «գործընկերային հարաբերություններ է պահպանում թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոմիության հետ, սակայն որեւէ մեկի ազդեցության տակ չի լինի»: Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, «որ Երեւանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց կշարունակի սերտ հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ»:

Ավելի վաղ «ՀՏրրՌÿ-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել էր, որ «ՀԱՊԿ-ն Հայաստանի համար շատ կարեւոր է որպես պաշտպանական կազմակերպություն, բայց անհրաժեշտ է հստակություն մտցնել կողմերի փոխադարձ պարտավորություններում», խոսքը մասնավորապես Արցախի հարցում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշման մասին է: «Հայաստանի դե-յուրե դաշնակիցները միջազգային համաժողովներում չգիտես ինչու դեմ են քվեարկում Հայաստանի շահերին»: Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը զարմանք է արտահայտում, նշելով, որ Արցախի անկախությունը չճանաչած Հայաստանը փաստորեն պահանջում է, որ դա անեն ՀԱՊԿ-ի իր գործընկերները: Աչքի է զարնում եւս մեկ կարեւոր նրբերանգ: Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց մտադիր չէ քննարկել չճանաչված Արցախին առնչվող խնդիրները, քանի որ առկա է նաեւ երրորդ կողմՙ Ադրբեջանը:

Հարց է ծագում. տվյալ փուլում ինչո՞ւ է կարեւորվում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը, դա կապված չէ՞ արդյոք նրանից բխող սպառնալիքի վերացման հետ, կա՞ն արդյոք գործողության տարբերակներ: Այո, եթե հաջողվի կապ հաստատել անձամբ Էրդողանի հետ: Երկրորդ տարբերակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջոցով գործելն է, ում հետ հաջողվում է իրականացնել «դիվանագիտություն ոտքի վրա»: Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Երեւանը ներկայանում է որպես Մոսկվայի տարածաշրջանային դաշնակից, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամՙ միեւնույն ժամանակ համագործակցելով ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության հետ: Տարածաշրջանում ձեւավորված ստատուս-քվոն սովորական է Թուրքիայի համար, որը Հայաստանի հետ հարաբերություններում Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշման մեջ կապված է Ադրբեջանի հետ Արցախի պատճառով: Ինչպես նշում է թուրք քաղաքագետ Մուստաֆա Սարիգուլը, առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություներ հաստատելու Փաշինյանի կոչը Անկարայում լսվելու դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա միջնորդի դեր կատարել Արցախի խնդրի կարգավորման մեջ:

Ճիշտ է, այդ դեպքում Անկարան ԱՄՆ-ի միջոցով կհայտնվի արեւմտահայ սփյուռքի ազդեցության տակ: Եվ բնավ փաստ չէ, թե Թուրքիայի իշխանություններին կհաջողվի այս ուղղությամբ գործել ըստ իրենց կամ Բաքվի սցենարի: Այլեւս չի հաջողվի կրկնել Ադրբեջանի թիկունքում Անկարայի ու Երեւանի միջեւ Ցյուրիխյան համաձայնագրերի ստորագրումը, քանզի ներկայումս Թուրքիան քաղաքական այլ կացության մեջ է եւ Հայաստանի պատճառով չի վտանգի իր հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ, կարծում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը :

Տարօրինակն այն է, որ եթե թուրքական ԶԼՄ-ները անցյալում որոշ բացասական հնչերանգով հայտարարում էին, թե Երեւանը տարածաշրջանում որոշակի իմաստով դարձել է Ռուսաստանի առաջապոստը, ապա այժմ նրանք է՛լ ավելի մեծ մտահոգություն են արտահայտում, որ Մոսկվան կարող է հեռանալ Հայաստանից: Դա որոշակի իմաստով տարօրինակ է, նշում է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն : Նրա խոսքերովՙ «չնայած ներկայումս ականատես ենք լինում Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությանը, որտեղ Հայաստանը կարծես թե Ռուսաստանի կողմում է, Եվրոմիությունն այնուամենայնիվ միակողմանի ձեւաչափով չի աջակցում Բաքվին: Բանն այն է, որ Արեւմուտքը չի ուզում կորցնել Հայաստանը»:

Երեւանի եւ Անկարայի իրական մերձեցումը հնարավոր է միայն Ստեփանակերտի թիկունքում արցախյան խաղաքարտի խաղարկման միջոցով: Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի խնդրի լուծումն անհնար է առանց տեղաբնակների ինքնորոշման իրավունքի ճանաչման, իսկ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թբիլիսիում «Արեւելյան գործընկերության» ամենամյա համաժողովում նշում է, որ անհրաժեշտ է հասկանալ տարածաշրջանային խնդրի կենտրոնում մարդկանց անվտանգությունն է: Ինչպես ասում են Օդեսայում, ինքնորոշման իրավունքը եւ անվտանգությունը երկու շատ տարբեր բաներ են: Բայց առայժմ մեծ խաղի հավակնող Փաշինյանի «հայակենտրոն» արտաքին քաղաքականությունը պարունակում է ավելի շատ գաղափարախոսություն, քան գործնականություն, ընդգծում է Տարասովը: Փաշինյանը կկարողանա՞ արդյոք անսխալ կողմնորոշվել ու հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության բարդ լաբիրինթոսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ