ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների գազամատակարարման հարցերը կարեւոր նշանակություն ունեն տնտեսության հետագա զարգացման համար: Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը վերջերս որպես գիտական աշխատանք ավանդադրել է «Հայաստանի գազամատակարարման պատմությունը» մենագրությունը: Աշխատանքն ունի հանրագիտարանային բնույթ: Հավաքվել եւ ուսումնասիրվել են բազմաթիվ աղբյուրներ: Կարող է օգտակար լինել էներգետիկայի բնագավառում աշխատող մասնագետների եւ գիտնականների համար: Աշխատանքում վերլուծված է Հայաստանի եւ Արցախի վառելիքաէներգետիկ համակարգի խնդիրները սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վերլուծություններ կապված Հայաստանի գազամատակարարման զարգացման խնդիրների հետ: Աշխատանքում բերված են պատմական տվյալներ Հայաստանի եւ Արցախի գազի տնտեսությունների արդի վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: Ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ աշխատանքից : Անցած տարիների ընթացքում գազամատակարարման խնդիրները ունեցել են բազմաթիվ դժվարություններ պայմանավորված 90-ականների շրջափակումների, պատերազմական իրավիճակի եւ այլ հարցերի հետ: Այդ ժամանակահատվածում բնական գազը տրվում էր բնակչությանը ընդհատումներով: Հայաստանը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, այն ներմուծել է դրսից հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ եւ խութեր: Այս աշխատանքում փորձ ենք անում գնահատել մեր անցած ուղին եւ նշել ձեռքբերումները: Գազամատակարարման բնագավառում հիմնականում աշխատում են մեր հանրապետության ուսումնական հաստատություններն ավարտած մասնագետները: Ներկայումս Հայաստանի մի շարք բնակավայրերում բնակչությունը դեռեւս բնական գազից չի օգտվում: Անհրաժեշտ է մտածել այս մասին եւ հնարավոր կարճ ժամանակում լուծել այս խնդիրը,- գրում է հեղինակը: Աշխատանքը հեղինակի երկար տարիների հետեւողական աշխատանքի արդյունքն է: Առաջիկայում աշխատանքն ավելի ընգրկուն եւ բարեփոխված տարբերակով կներկայացվի հանրությանը: |