ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակարանամուտ է նշվել: Աթոյանների ընտանիքն առաջիններից էրՙ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, ձմռան երկրորդ տասնօրյակն ամենասպասվածն է դարձել նրանց համար: Նման ձեռքբերումը կարեւոր է բոլորիՙ ծրագիրն իրականացնողների, շինարարության շուրջ համախմբված կամավորների եւ երկարատեւ սպասումից հետոՙ տան տեր դարձածների համար: Աթոյանները կիսակառույց շինություն էին ձեռք բերել չորս տարի առաջ: Այդտեղ ապրելուՙ նրանց ձգտումն ավարտվել էր անհաջող փորձով. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում դիմացել էին ընդամենը երկու ամիս: Արամն իր ընտանիքով ստիպված էր եղել նորից վերադառնալ հայրական օջախ եւ ապրել եղբոր ընտանիքի հետ. 11 հոգովՙ նույն հարկի տակ: «Երբ տունը գնեցինք, բոլորս շատ ուրախ էինք. համոզված էինք, որ ոչ միայն իմ, այլեւ եղբորս ընտանիքը տան տեր պիտի դառնար: Ծնողներս էլ կապրեին հանգիստ ու առանց նեղվածքի: Երկու ամիս կիսակառույցում ապրելու փորձերից հետո, ստիպվածՙ կրկին հայրական տուն տեղափոխվեցինք... անհնար էր այդ պայմաններում ապրելը: Այս ծրագիրը միանգամից երկու ընտանիքի երջանկության պատճառ է դարձել: Էլ ի՞նչ կարող է երազել մարդը, եթե ոչՙ իր սեփական անկյունն ու տանիքը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրըՙ Արամը: Կիսակառույց տան շինարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ գործընկեր կազմակերպությունների կամավորները: Նրանց աջակցությամբ, Աթոյանների կիսակառույցի շինարարությունն ավարտվել է սեղմ ժամկետներում: Ընտանիքը բնակարանամուտը նշել է աջակցողների հետ: «Այս ծրագիրը թույլ է տալիս աջակցել այնպես, որպեսզի խնդիրների մեջ հայտնված քաղաքացին դրանք հաղթահարի արժանապատվությամբ: Դա շատ կարեւոր է մեզ համար: Մեր գործակցության հիմքում դրված է այդ չափանիշը: Նա, ում հաջողվում է դուրս գալ անհաղթահարելի թվացող վիճակից, պետք է չկաշկանդվի նաեւ հետագայում: Մենք մերժում ենք անտարբերությունը եւ ակնկալում, որ բնակարանի տեր դարձած յուրաքանչյուր ընտանիք մեկընդմիշտ հրաժեշտ տա հուսահատությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Հերթական բնակարանամուտն ենք տոնումՙ ջերմ զգացողությամբ: Հանապազօրյա հացը սեփական քրտինքով վաստակող այս շինական ընտանիքը տարիների ընթացքում կորցրել էր սեփական տանիքն ունենալու հույսը: Այսօր նորոգվել է ե՛ւ այդ հույսը, ե՛ւ ապագայի նկատմամբ լավատեսությունը: Կարող եմ արձանագրել, որ մեկ ընտանիքի աջակցելովՙ սա փաստացի երկու ընտանիքի խնդիր լուծելու հիանալի հնարավորություն էր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: |