ՀԱՄԱԶԳԱՅԻ՛Ն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Անկախության առաջին տարիներից մինչեւ հիմա, այսպես կամ այնպես շարունակվում է հասարակական բացասական վերաբերմունքը ազգային անվտանգության մարմիններիՙ մերօրյա անվանումովՙ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նկատմամբ: Սովետական KGB-ի թողած հիշողությունները, կայսրության կազմաքանդումից հետո մամուլում ու գրքերում բացահայտված բազմաթիվ վկայություններն ու փաստերը, նաեւՙ ամերիկյան եւ ընդհանրապես արեւմտյան քարոզչական մեքենայի թողարկած ֆիլմերն ու մյուս նյութերը իներցիոն ուժով շարունակում են տիրապետել ժողովրդական պատկերացումների վրա: Ոչ միայն ժողովրդական, այլեւ, տարօրինա՜կ, պետական մոտեցումների վրա: Մեր պետական մարմիններին ցարդ չի հաջողվել հասարակությանը համոզել եւ առաջին հերթին ի՛նքնահամոզվել, որ որեւէ երկրի, այս պարագայումՙ Հայաստանի անկախ պետականության գոյության ու պաշտպանության կարեւորագույն կռվաններից մեկը գաղտնի ծառայությունն է, հետախուզությունը եւ հակահետախուզությունը, ԱԱԾ-ն: Յուրաքանչյուր պետության ողնաշարն է դա, որի պրոֆեսիոնալիզմից, նվիրումից ու հայրենասիրությունից է կախված, ինչպես ազգային բանակից, մեր պետության գոյությունը, պետականության տեւականությունը: Եթե երկրի անկախության առաջին տարիներին ինչ-որ տեղ հասկանալի էին միամտությունից եւ անփորձությունից բխած պետական անզգույշ մոտեցումները, ապա այժմ, անկախության 27-րդ տարում, անթույլատրելի է որեւէ սխալ, որեւէ սայթաքում, որեւէ անհոգություն այդ ասպարեզում: Հիշում եմ, 1992-ին թե՞ 1993-ին, բազմափորձ KGB-ականի ինձ պատմածը մի հավաքի մասին, որը տեղի է ունեցել ԱԱԾ կենտրոնակայանի դահլիճում: Աշխատակիցների հետ հանդիպման է եկել ամերիկյան ինչ-որ մի պատվիրակություն, որը դահլիճում կատակային մթնոլորտ ստեղծելուց հետո ներկաներին բաժանել է երկար մի հարցարանՙ լրացնելու համար: Պատկերացնո՞ւմ եք... ո՞վ, ե՞րբ, ի՞նչ գործով են զբաղվել աշխատակիցները: Ի տես այդ անհեթեթության, ինձ պատմող բարեկամս ու նրա մի քանի գործընկերները սուսիկ-փուսիկ լքել են դահլիճը: Առ այսօր, արեւմտյան ազդեցիկ լրատվամիջոցները Ռուսաստանի նախագահի մասին խոսելիս անպայման նշում ենՙ «նախկին լրտես»: Սակայն ոչ մի անգամ չեն հիշում, որ ԱՄՆ-իՙ այժմ հանգուցյալ նախագահ Ջորջ Բուշը լրտեսապետ էր, CIA-ի նախկին տնօրեն: Մինչդեռ, բարի եւ չար լրտեսներ ու գործակալներ չկան. բոլորն էլ աշխատում են իրենց երկրների համար: Հիմա, անշուշտ, ոչ ոք թույլ չի տա ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ էլ որեւէ այլ երկրի համապատասխան ծառայություններին վերեւում պատմվածի նման բացորոշ քայլեր փորձել մեր երկրում: Սիրում եմ հավատալ, որ նման ոտնձգություններ չեն թույլատրվի նաեւ խորհրդապահական պայմաններում: Հիմա, ժամանակի ընթացքում, օտարերկրյա հետախուզական աշխատանքի, այս պարագայումՙ ներթափանցումի եւ ներազդեցության ձեւերը բոլորովին փոխված են: Հիմա կարելի է բիզնեսի, ժողովրդավարության, ազատ կամարտահայտության եւ մարդասիրական նախաձեռնությունների գեղեցկագույն գրավչությամբ թափանցել ամեն տեղ եւ ազդեցություն բանեցնել: Ինչը Հայաստանում արվում էՙ գունավոր, թափանցիկ կամ անթափանց հարյուրավոր գրանտակերների միջոցով: Նաեւՙ քաղաքական հինՙ ավանդական կապերի միջոցով: Իսկ համացանցը, ինքնին, այժմ դարձել է մի բաց գիրքՙ աենագաղտնի տեղեկություններն անգամ ձեռք բերելու: Էլ չխոսելով բարձր տեխնոլոգիական գաղտնալսումների մասին, որոնք կիրառվում են մեր դեմ, որի խայտառակ օրինակը տեսանք-լսեցինք դեռ վերջերս, ԱԱԾ եւ ՀՔԾ պետերիՙ իբր գաղտնի հեռախոսազրույցի միջոցով: Մոնտաժված կամ ոչՙ կարեւոր չէ: Իրեն հարգող որեւէ այլ երկրում նման սկանդալների բացահայտումից հետո նման պաշտոնյաները կա՛մ ինքնասպան կլինեին, կա՛մ, առնվազն, հրաժարական կտային: Պետական պատասխանատուներՙ որոնց պարտականություններից է հարկ եղած դեպքում գաղտնալսել, բայց երբեք չգաղտնալսվել: Այս եւ բազմաթիվ այլՙ չկատարվող պարտականություններից կարելի է պնդել, որ մեր համապատասխան մարմինները, առաջին հերթինՙ ԱԱԾ-ն, իրենց բարձրության վրա չեն գտնվում: Դրա առաջին պատճառը, իմ տպավորությամբ, ներկա եւ նախորդ գործադիր իշխանություններից համապատասխան կարեւոր հանձնարարություններ չստանալն է, նկատի ունեմՙ հետախուզական եւ հակահետախուզական բնույթի: Երկրորդՙ ղեկավար անձնակազմի եւ առաջին հերթին ԱԱԾ պետի ոչ պրոֆեսիոնալ լինելը: Եվ հենց ա՛յդ հանգամանքներն են պատճառը նրաՙ իր իրավասություններին ու պարտականություններին չհամապատասխանող հանձնարակականներ ստանձնել-կատարելու: Իրեն հարգող ԱԱԾ պետը պիտի մերժեր ստանձնել օրինազանց քաղաքացիներ, կոռումպացված գործարարներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ բռնելու, թեկուզ «քաղաքակիրթ ներխուժմամբ» ձերբակալելու, ասֆալտին պառկեցնելու, գլուխը ջարդելու հանձնարարականները: Դրա համար կան այլ մարմիններՙ ոստիկանություն, դատախազություն, 6-րդ վարչություն եւ այլ: Պատճառը, կրկնում եմ, անգործությունն է ու ոչ պրոֆեսիոնալ լինելը, համեմատաբար հեշտՙ «բռնոցի-թռնոցի» զբաղմունքով հասարակությանը տպավորելու ձգտումը: Կարիք կա՞ ասելու, որ ազգային անվտանգության մարմինների առաքելությունը, հատկապես մեր տարածաշրջանի նման միջավայրում գտնվող երկրում, նույնքան կարեւոր է, որքան զինված ուժերինը, նկատի ունենալով այդ համակարգի կանխարգելիչ առաքելությունը: Ավելինՙ այն մեզ համար ունի առանձնահատուկՙ համազգայի՛ն նշանակություն, քանի որ հայության քարտեզը բազմակի անգամ գերազանցում է 42 հազար քառ. կմ պետական մեր տարածքը: Հետեւաբար մենք իրավունք չունենք որեւէ բան խնայելու այդ համակարգի զարգացման, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, ժամանակակիցՙ այլ երկրների նկատմամբ մրցունակ կառույց ստեղծելու գործում: |