ԻՆՉՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԵՆ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին եւ շատ հարցեր ու հարցականներ գտան իրենց պատասխանները: Սակայն կա մի կարեւոր հարց, որին ոչ ոք չանդրադարձավ եւ բնականաբար էլ` պատասխաններ չհնչեցին: Ինչո՞ւ ավանդական կուսակցությունները խորհրդարանում չեն եւ որո՞նք են դրա պատճառները: Հեռու լինելով այն մտքից, որ ասելիքներս կլինեն ամբողջական, առավել եւս բացարձակ ճշմարտություն` մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք ներկայացնել մեր պատասխանները, որոնք ավելի շատ կվերաբերեն Ռամկավար Ազատական կուսակցությանը: Ուստի առաջարկում եմ մյուս երկու կուսակցությունների ներկայացուցիչներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին անդրադառնալ խնդրին, որպեսզի միասնական ուժերով բացահայտենք բոլոր պատճառները, քանի որ համոզված եմ, այս իրավիճակը բոլորովին էլ լավագույնը չէ: Ում համար պարզ չէ, որ ավանդական կուսակցություններն ավել կամ պակաս չափով գործելով հայրենիքում` շարունակում են ընկալվել նաեւ որպես սփյուռքահայ կառույցներ: Իսկ այդ դեպքում ստացվում է, որ Սփյուռքը դրամահավաքների եւ լուսանկարվելու ժամանա՞կ է միայն հիշվում: Դեռեւս անկախության արշալույսին հայրենիքի կողքին մշտապես գտնվող Ռամկավար Ազատական կուսակցությունն առանց վայրկյան անգամ երկմտելու իր ունեցած բոլոր հնարավորություններով ու ձեւերով լծվեց աջակցելու անկախության կայացման սրբազան գործին: Փաստերը շատ-շատ են: Հատկապես գիտակցելով այդ բնագավառի անվիճելի կարեւորությունը` լուրջ ներդրումներ արվեցին տնտեսության տարբեր ոլորտներում (խաղալիքների արտադրություն, տեքստիլ-արդյունաբերական ձեռնարկություն, կենցաղային քիմիա, շինարարական միջոցներ, «Նոյակ» եւ այլն, բոլորը չթվարկենք): Առանձնապես կարեւորվեցին կրթության եւ մշակույթի բնագավառները եւ դրանց կողքին լինելու եւ սատարելու անհրաժեշտությունը: Այնուհետեւ օրինապահ ռամկավարները գործող օրենքի տառին համապատասխան հայրենիքում ստեղծեցին նաեւ ՌԱԿ-ի հայաստանյան կառույցը ՀՌԱԿ անունով եւ լայն գործունեություն ծավալեցին երկրում` իրականացնելով շատ հայրենանվեր ու հայրենանպաստ գործառույթներ: Արդյունքներն էլ բնականաբար շատ չուշացան. ՌԱԿ խորհրդարանական խմբակցությունն իր 23 անդամներով դարձավ թվով երկրորդը: Շարունակվող գործընթացները հուշում էին, որ այդ թիվը գնալով մեծանալու էր: Հենց այստեղ ու հենց այդ պահից էլ սկսվեց... Օրվա իշխանությունները ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՌԱԿ-ի շարունակական բարեհաջող ու թափ հավաքող գործունեությունից խիստ անհանգստացած` ՌԱԿ-ը կազմաքանդող գործելաձեւեր որդեգրեցին: Շուտով «նեղացածների», «դժգոհների» եւ վերափոխիչների տեսքով կուսակցական ասպարեզ նետվեցին մի քանի պատեհապաշտներ եւ անկման գործընթացը գնալով խորացավ: Տարբեր պատրվակներով ու պատճառաբանություններով կուսակցությունից սկսեցին վտարվել (երբեմն չնչին պատճառներով) մի խումբ ռամկավարներ, ինչի հետեւանքով շարքերում ստեղծվեց անվստահության գաղջ մթնոլորտ: Դրանից լիուլի օգտվելով կուսակցության ղեկավար մարմիններում սկսեցին տնօրինել ոչ միշտ ձեռնահաս մարդիկ: Վեճերն ու անհամաձայնությունները ձնագնդիկի էֆեկտով այնքան խորացան, որ դրանց վերջը չէր երեւում: ՀՀՇ-ական ղեկավարները, մի քիչ էլ հավանաբար խանդից դրդված, նույնիսկ փորձ կատարեցին Սփյուռքում իրենց մասնաճյուղն ստեղծել: Լոսանջելեսյան այդ էպոպեան հաջողություն չունեցավ իմ կարծիքով այն պատճառով, որ հետցեղասպանության ծանրագույն ժամանակաշրջանում եւ դրան հաջորդած տարիներին իրենց հայապահպան եւ կրթամշակութային ժողովրդանվեր գործունեությամբ ավանդական կուսակցություններն այնքան հարազատ ու ժողովրդանպաստ պահվածք էին ունեցել Սփյուռքում, որ այլեւս այլ կուսակցության համար տեղ չէր թողնվել: Կարճ ասած` սփյուռքահայությունը պարզապես մերժեց հայկական նոր կուսակցության գոյությունն Սփյուռքում: Նույն գործընթացները մի քիչ ավել կամ պակաս չափերով շարունակվեցին նաեւ երկրորդ ու երրորդ նախագահների իշխանության տարիներին: Ավելին, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարները բոլորովին չճանաչելով, իսկ ավելի շուտ չուզենալով ճանաչել Սփյուռքն իր ամբողջության մեջ, մեծամասամբ այն պատկերացրին միաբեւեռ եւ այդ սկզբունքով էլ հարաբերվում էին նրա հետ: Արդյունքում Սփյուռքն էլ սկսեց մեծ վերապահումներով վերաբեվել իշխանություններին: Որպես դրա արդյունք սփյուռքահայ ներդրողներն հեռացան հայրենիքից, իսկ Համահայկական դրամահավաքների ժամանակ թվերը գնալով ոչ միայն նվազեցին, այլեւ դրանց մի մասն այդպես էլ մնում էին լոկ խոստումներ: Այդ միաբեւեռությունն ի դեպ դրսեւորվում էր բոլոր բնագավառներում եւ շատ դեպքերում կրում էր խիստ ընդգծված բնույթ: Հնչակյանների դեպքում կարծում եմ ներկա ոչ այնքան ուժեղ եւ մեծաքանակ լինելու պատճառներն ավելի խորն են եւ ավելի շուտ են սկսվել: Լավ կլինի, որ դա ուսումնասիրեն եւ բացատրությունները գտնեն իրենք, քանի որ նրանց ներքին խոհանոցում կան իրադարձություններ, որոնք հիմնավոր գիտեն իրենք` հնչակյանները: Ուղղակի տարօրինակն այն է, որ մերօրյա ոչ այնքան նախանձելի վիճակում անգամ հնչակյանների շրջանում ներքին անհամաձայնություններն ավարտված չեն: Ինչ վերաբերում է դաշնակցությանը, ապա կարծում եմ, որ մի շարք այլ պատճառների (դրանց բացատրությունը եւս ամենալավ իրենք կտան, հատկապես որ իրենց դեպքում կուսակցական տեսաբանների պակաս երբեք չի զգացվել) կողքին մեծ դերակատարություն ունեն մի կողմից իրենց ծրագրում ամրագրված հեղափոխական սոցիալիզմի (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր էութեամբ, աշխարհայեացքով եւ աւանդներով ազգային, ժողովրդավարական, ընկերվարական եւ յեղափոխական կուսակցութիւն է) եւ մյուս կողմից արդեն տասնյակ տարիներ ձգվող հարմարվողականության միջեւ առկա անհամատեղելիությունը: Կասկածից դուրս է, որ ՀՅԴ-ն Սփյուռքում ամենաուժեղ եւ կազմակերպված կառույցներ ունեցող կուսակցությունն է, պատգամավորներ ունի Լիբանանի, Իրանի խորհրդարաններում, ունի մեծ տնտեսական եւ քաղաքական պոտենցիալ, ազգային-ազատագրական պայքարի հարուստ փորձ եւ այդ ամենով հանդերձ այսօր Հայաստանի առաջին Հանրապետության իրավաժառանգորդ ՀՀ խորհրդարանում չի: Իսկապես ցավալի իրողություն է, քանի որ առավելաբար իրենց ջանքերով ստեղծված Հայաստանի Առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանը պիտի դառնար նախ եւ առաջ իրենց տարին: Կրկնակի ցավալի է այն իմաստով, որ վերջին տարիներին ի տարբերություն ռամկավարների ու հնչակյանների, նրանք այս կամ այն թվաքանակով այնուամենայնիվ խորհրդարանական կուսակցություն էին եւ ինչ-որ տեղ ու ինչ-որ չափով քաղաքական տեսակետից կապող օղակի դեր էին ստանձնել հայրենիքի եւ սփյուռքի միջեւ: Իսկ այսօր այդ պորտալարն էլ փաստորեն չի գործելու: Ամփոփենք. ցավալի է եւ հայ ժողովրդի համախմբման ու միասնականության տեսակետից անընդունելի, որ այսօր ավանդական կուսակցություններից ոչ մի պատգամավոր չկա խորհրդարանում: Ռամկավարներն ու հնչակյանները չմասնակցեցին ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն չկարողացավ անհրաժեշտ ձայները հավաքել: Պատճառները բազմաթիվ են ու բազմազան, հարկավոր է խորազնին ուսումնասիրել եւ բացահայտել դրանք` ապագայում վերացնելու համար: Ելնելով ՌԱԿ Կենտրոնական վարչության նույնաբնույթ որոշումիցՙ առաջարկում եմ. հունվարի երկրորդ կեսից սկսած վերոնշյալ հիմնախնիրների շուրջ որեւէ ֆորմատով պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպել: ՀՀ իշխանություններին առաջարկել ազգային փոքրամասնությունների նման պարտադիր որոշակի քանակի պատգամավորներ ունենալ նաեւ Սփյուռքից, օրինակ` ավանդական կուսակցություններից, աշխարհագրական, հայաշատության կամ մեկ այլ հատկանիշ հաշվի առնելով կամ մեկ այլ ձեւով: Քանի որ կանգնած ենք կատարված իրողության առջեւ, ուստի հարկավոր է համախմբված ուժերով եւ պատշաճ մակարդակով քննարկել կուտակված հարցերը: Պետք չէ այլեւս խաղարկել ազգային արժեքները, որոնք, ի դեպ, ոմանց դեպքում իշխանության մաս կազմած ժամանակ մեծամասամբ մոռացված էին: Հարկավոր է այսուհետ արտախորհրդարանական եւ կառուցողական ընդդիմության կարգավիճակում առաջ շարժվել եւ կերտել մեր երկրի ու ժողովրդի արժանավոր ապագան: Հատկապես որ մենք դրա փորձն արդեն ունենք: Ինչպես հայտնի է, Հայաստանի Առաջին հանրապետության գոյության տարիներին եթե կոալիցիոն կառավարություն կազմելու կարճ ժամանակահատվածը (1918 նոյեմբեր-1919 մայիս) բացառենք, ապա ռամկավարները ի դեմս նրանց արեւելյանՙ Հայ Ժողովրդական եւ արեւմտահայ Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցություն հատվածների, մշտապես գործեցին կառուցողական ընդդիմության կարգավիճակում եւ դրանով իրենց անուրանալի նպաստը բերեցին հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու գործում: |