ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԸՙ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ԿԱՐՈ ԱԹԱՅԱՆ, Մոսկվա 40 տարուց ավելի է, ինչ բնակվում եմ Մոսկվայում, եւ որպես Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի սեփական թղթակցի իմ գործունեության տարիներին (1977-1994 թթ.) մի քանի անգամ ցավալի ու տխուր առաքելություն ինձ վիճակվեց մոսկվաբնակ մեր մեծ ու նշանավոր հայրենակիցներից մի քանիսի աճյունների, մոսկովյան սգո հանդիսություններից հետո, քաղաքամայր Երեւանում հողին հանձնելու համար, ուղեկցել մինչեւ մոսկովյան օդանավակայաններ: Առաջինըՙ Արամ Խաչատրյանն էր (1978 թ.), հաջորդըՙ Վիլյամ Սարոյանի աճյունասափորըՙ ԱՄՆ-ից, որը Մոսկվայով հասավ Երեւան (1981 թ.): Հիշում եմ, մի ամբողջ օր ու կես Միացյալ Նահանգներից սափորը ուղեկցողների հետ նստեցինք Վնուկովո օդանավակայանումՙ անբարենպաստ եղանակի պատճառով: Հետոՙ Առնո Բաբաջանյանի անժամանակ մահը (1983 թ.): Եվ վերջապեսՙ մի քանի ամիս առաջ կյանքից հեռացած մոտ 100-ամյա իմ մեծ ու լավ բարեկամՙ նկարիչ-քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը, սակայն այս անգամ ոչ որպես թղթակցի, այլ ընդամենըՙ մարդու, որը երկար տարիներ շփվել է նրա հետ, բազմաթիվ անգամ եղել նրա արվեստանոցում, նրա հետ ունեցել ամուր ընկերական կապեր: Առնո Բաբաջանյանի ու Նիկողայոս Նիկողոսյանի հետ իմ շփումների ու հանդիպումների մասին ես հետագայում կպատմեմ մեր թերթի ընթերցողներին: Սակայն ինչո՞ւ եմ ընդգծում միայն վերը նշված մեր մեծերի մասին... Չէ՞ որ աչքիս առաջ կյանքից հեռացան շատ ու շատ նշանավոր մոսկվաբնակ մեր հայրենակիցներՙ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, որի մասին նույնպես շատ հիշողություններ ունեմ, Միքայել Թարիվերդիեւը, Եվգենի Սիմոնովը, ակադեմիկոսներՙ Նիկոլայ Ենիկոլոպովը, Մարատ Ենոքյանը, իմ լավ բարեկամՙ Լեւոն Բադալյանը... Որ մեկին թվարկես... Մոսկվան կամաց-կամաց կարծես դատարկվեց ինձ համար: Իսկ պատասխանելով վերոհիշյալ հարցին, կասեմ...- որովհետեւ ե՛ւ Արամ Խաչատրյանի, ե՛ւ Վիլյամ Սարոյանի, ե՛ւ Առնո Բաբաջանյանի ու Նիկողայոս Նիկողոսյանի հարազատների ցանկությամբ նրանց աճյունները տեղափոխվեցին Երեւան եւ հողին հանձնվեցին մեր մեծագույն զավակների Պանթեոնում: Իսկ մյուսներն իրենց վերջին հանգրվանը գտան մոսկովյան սառը եւ անհյուրընկալ հողում... Ամենամյա երեւանյան իմ այցելությունների ժամանակ երկար տարիներ, մոտ 15 տարի չէի հասցնում այցելել Պանթեոն... Սակայն այս անգամ, անցած սեպտեմբերի վերջերին, իմ նույնպես մոսկվաբնակ ընկերոջ հետ, որը նույնպես այդ օրերին գտնվում էր Երեւանում, որոշեցինք մտնել Կոմիտասի անվան այգին եւ ծաղիկներ դնել վերջերս այստեղ հուղարկավորված իմ մեծ բարեկամիՙ Նիկողայոս Նիկողոսյանի թարմ շիրիմին: - Եվ ահա, մոտենում ենք Պանթեոնի պարսպապատված տարածքին... Դեռեւս հեռվից, համեմատաբար ցածր ու միջին բարձրության բոլոր տապանաքարերի ու կիսանդրիների կենտրոնում, համարյա մոնումենտի նման մի հսկա հուշարձան է երեւում... - Տեսնես ո՞ւմ պատվին է այն կառուցված, այն էլ Պանթեոնի ուղիղ կենտրոնումՙ ընդարձակ հրապարակի վրա, դեռեւս չմոտեցած գերեզմաններին, հարցնում եմ ընկերոջս... - Դե երեւի Արամ Խաչատրյանը կլինի, կամՙ Առնո Բաբաջանյանը,- անվստահ տոնով պատասխանում է զրուցակիցս... Ու մենք առաջին հերթին մոտենում ենք այդ հուշարձանին... Եվ կարդումՙ «Մարգարյան Անդրանիկ Նահապետի (1951-2007 թթ.), քաղաքական ու պետական գործիչ, Հայկական հանրապետության վարչապետ (2000-2007 թթ.)»: - Ամեն ինչ պարզ է,- հուսախաբ տոնով ասում է ընկերս,- սա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրն էր, որի կառուցած այս մոնումենտը կարծես իշխում է այստեղ իրենց վերջին հանգրվանը գտած մեր ժողովրդի մեծագույն զավակների շիրիմների վրա... Քանի որ 1993 թվականից մինչեւ 2008 թվականը ես ոչ մի անգամ չէի այցելել Երեւան եւ այնքան էլ քաջատեղյակ չէի Հայաստանի ներքին քաղաքական ու տնտեսական իրադարձություններին, ընկերոջս հարցնում եմ, թե ինչով է աչքի ընկել այս մեծարգո պաշտոնյան, արժանանալով նման պատվի... Կարեն Դեմիրճյանի գործունեության մասին լավ գիտեի, քանի որ 1969-ից մինչեւ 1977 թվականը ես աշխատում էի Երեւանում եւ որպես «Լրաբերի» թղթակից մասնակցել եմ նրա օրոք բացված Արփա-Սեւան թունելի շինարարության ավարտին, նա սկսեց ու ավարտին հասցրեց Երեւանի Մետրոյի շինարարությունը, Մարզա-համերգային հրաշալի պալատը, մեծ թվով բնակելի թաղամասեր ու փողոցներ... Նրանից առաջ, Անտոն Քոչինյանի օրոք կառուցվեց «Ծիծեռնակաբերդը», «Հրազդան» մարզադաշտը, սկսվեց Արփա-Սեւանի շինարարությունը... Եվ այլն, եւ այլն... - Իսկ ի՞նչ արժեքներ է թողել իր հետեւից Անդրանիկ Մարգարյանը... կրկնում եմ հարցսՙ ուղղված ընկերոջս, քանի որ նա այդ տարիներին իր աշխատանքային գործունեությամբ ավելի սերտորեն էր կապված մայր Հայաստանի հետ: - Դե... ասում են լավ հայրենասեր է եղել, արդյունաբերական որոշ աճ է գրանցվել հանրապետությունում,- մի տեսակ դժվարությամբ բառեր ընտրելով, պատասխանում է զրուցակիցս... - Ու վե՞րջ...,- տարակուսած դիմում եմ նրան... - Ինչո՞ւ վերջ... նրա որդինՙ Տարոն Մարգարյանը Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներից մեկը, երկար տարիներ եղել է Երեւանի քաղաքապետը, թեւ ու թիկունք եղել Սերժ Սարգսյանի ռեժիմին... Դա քի՞չ է... - Իհարկե քիչ չէ... Սակայն ասում ես Անդրանիկ Մարգարյանը լավ հայրենասեր է եղել... Իսկ կարո՞ղ ես ինձ ապացուցել, որ այս համեստ ու չափավոր տապանաքարերի ու կիսանդրիների տակ հանգրվան գտած հանգուցյալներից որեւէ մեկը ավելի մեծ հայրենասեր չէր, քան այդ հարգարժան բարձրագույն պաշտոնյան... Ահա, խնդրեմ, թեկուզՙ Կարեն Դեմիրճյանը, կամ Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Գոհար Գասպարյանը... Էլ չեմ ասում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուրյանի եւ մեր ազգի շատ ու շատ մյուս մեծ զավակների մասին, որոնց անուններով ու ստեղծագործություններով է ողջ աշխարհը ճանաչում հայ ժողովրդին... Եվ եթե նրանց հարազատներից որեւէ մեկը չի եղել քաղաքագլուխ ու կորցնելով իրականության եւ չափի զգացողությունները, անտեսելով զսպվածության ու համեստության նորմերը, թքած ունենալով հասարակական կարծիքի վրա, նման մոնումենտ է տեղադրում առանց այդ էլ տարածքային առումով սահմանափակ Պանթեոնում, դա դեռ չի նշանակում, որ բարձրաստիճան պաշտոնյան ավելի մեծ հայրենասեր էր, քան նրա հուշարձանի կողքին ծվարած մեր մյուս հանգուցյալները... Եվ ընդհանրապես, ո՞վ է որոշում Պանթեոնում հուղարկավորվող մեծանուն մարդկանց արժանիքները, թողած ավանդն ու ժառանգության մեծությունը... Կա՞, արդյոք, մի պետական կամ մասնագիտական մարմին, որը առաջնորդվում է որոշակի նորմերով ու չափանիշներով, կապված շիրիմների վրա տեղադրվող տապանաքարերի կամ կիսանդրիների ու հուշարձանների չափի ու ձեւի, մեծության ու բարձրության հետ... Թե՞ մի մարդ է այդ ամենը տնօրինում եւ խելքին փչած որեւէ գաղափար դարձնում իրական... Եթե դա այդպես է, ուրեմն հարցս էլ դառնում է հռետորական... Սակայն խոսքով ընկած, մենք ընկերոջս հետ կարծես շեղվեցինք Պանթեոն այցելելու մեր բուն նպատակից... Փնտրեցինք եւ գերեզմանատան մի անկյունում վերջապես գտանք մեծանուն քանդակագործ-նկարիչ Նիկողոս Նիկողոսյանի թարմ աճյունն ու ծաղիկներ դրեցինք նրա վրա... Այնուհետեւ սկսեցինք որոնել Առնո Բաբաջանյանի շիրիմը, ու այդպես էլ չգտանք: Հետո միայն պարզեցինք, որ մեր ազգի մեծագույն երգահաններից մեկի աճյունը իր արժանի տեղը չի գտել այս Պանթեոնում, մինչդեռ այնտեղ հանդիպեցինք մեզ անծանոթ մի երգչուհու շիրիմի` Վարդուհի Վարդանյան... - Դե իսկ հետեւությունները արեք ինքներդ... |