ԹԲԻԼԻՍԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ Պ.Ք. Այն բանից հետո, երբ վրացական կողմի մեղքով ձախողվեց «Վրաստանում իրանցի գործարարների համար նախատեսված» կոնֆերանսը, որը Թբիլիսիում պետք է անցկացվեր դեկտեմբերի 14-ին, վրացի փորձագետները սկսեցին հայտարարել, որ վրաց-իրանական հարաբերությունները ամսեամիս վատանում են, եւ որ ժամանակն է խոսել երկկողմ հարաբերությունների համակարգային սառեցման մասին: Ի դեպ, Վրաստանը հրաժարվել էր կոնֆերանսին մասնակցելու համար մուտքի այցագրեր տրամադրել իրանցի մի քանի գործարարների: Այդ միջադեպին վերագրվեց դիվանագիտական հնչողություն: Միջադեպին սրությամբ արձագանքեց Թեհրանըՙ Վրաստանի քայլը որակելով որպես հակաիրանական պատժամիջոցներին միանալու մտադրություն: Իրանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ դեպի Վրաստան ծրագրված այցելություններից մինչեւ որ պարզվեն թյուրիմացությունների իրական պատճառները: Վրաստանը կարեւոր միջանկյալ դիրք է զբաղեցնում Անդրկովկասում: Այնտեղով են անցնում Ադրբեջանի բոլոր էներգետիկ հաղորդակցությունները, Հայաստանը Ռուսաստանին միացնող ճանապարհը, միջտարածաշրջանային էներգետիկ հանգույցների ցանցը, որոնք կարող են Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետՙ անկախ նրանից, թե որ ձեւաչափով (Իրան- Ադրբեջան-Վրաստան, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան) են դրանք դիտարկվում: Ուստի հասկանալի է, որ Վրաստանը վերահսկող արտաքին ուժը կարող է լուրջ ճնշումներ գործադրել նաեւ Բաքվի ու Երեւանի քաղաքականության եւ գործողությունների վրա, մանավանդ որ Հայաստանն արդեն իսկ շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Այս կապակցությամբ ամերիկացի աշխարհաքաղաքագետներից մեկն ասել է, թե աշխարհագրությունը պետությունների արտաքին քաղաքականության առավել հիմնարար գործոնն է, քանի որ այն առավել կայուն է, քանզի նախարարները գալիս են ու գնում, մեռնում են նույնիսկ բռնապետները, բայց լեռնաշղթաները մնում են անսասան: Այդ պատճառով հիմա Թբիլիսիում ինչ էլ որ մտածեն Եվրոմիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին, նրա աշխարհաքաղաքական սահմանագծի մի ծայրը հենվում է հյուսիսում Մոսկվայի վրա, մյուս ծայրըՙ հարավումՙ Թեհրանի վրա, ինչպես նաեւ (պակաս չափով) ՙ Անկարայի վրա: Ահա թե ինչու այն տպավորությունն է ստեղծվում, թե Վրաստանը կորցնում է իրատեսական աշխարհագրական չափումը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Վրաստանն արտաքին սպառնալիքի աղբյուր է համարում բացառապես Ռուսաստանը: ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին միանալու դեպքում նա հավանական սպառնալիքներ է ստանում Թեհրանից, որը կուզենար իր հյուսիսային հարեւանին տեսնել գոնե չեզոք դիրքում: Վրաստանն ինքը մինչեւ օրս իր տարածաշրջանային անվտանգությունը կառուցում է կամ փորձում է կառուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եռանկյուն կազմելովՙ հասկանալով, որ ինքը չի ներգծվում անվտանգության եվրոպական համակարգի մեջ: Մինչդեռ այդ եռանկյան մեջ Վրաստանը (ինչպես ժամանակին գրել է Հնդկաստանի փոխարքա Ջորջ Քերզոնը) ընկալվում է լոկ որպես հնարավոր էնդեմիկ դաշտ, որտեղ մի տերություն իրականացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական միջոցառումներ, ինչը չի բացառում ուրիշ պետությունների ազդեցությունը: Բավական է մատնանշել Սիրիայի հարցում ուրվագծվող Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը: Ահա թե ինչու վրացի փորձագետներից շատերը պաշտոնական Թբիլիսիին կոչ են անում զգուշությամբ մերձենալ ԱՄՆ-ի հետ: Դեռ վերջերս թվում էր, թե Թբիլիսիի գրպանում են եվրոպական եւ ամերիկյան հաղթաթղթերը: Բայց հիմա Բրյուսելն ու Վաշինգտոնը այլ հոգսեր ունեն, քան Վրաստանն է: Թբիլիսին լիակատար շփոթության մեջ է. արդյո՞ք պետք է առաջ շարժվել Եվրոպայի հետ, որն առայժմ, գոնե խոսքով, դեռ չի միանում հակաիրանական պատժամիջոցներին, թե՞ շարժվել ԱՄՆ-ի հետ, որը սովորականի պես նախընտրում է գործել ուրիշների միջոցով: Տարօրինակն այն է, որ Եվրոպան նախընտրելու դեպքում Վրաստանի առջեւ բացվում է Հյուսիսի հետ լինելու հեռանկարը: Այստեղից էլ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունների անհավասարակշռվածությունը եւ փաստական ապակողմնորոշումը կոնկրետ գործողություններում: Իսկ Բաքուն ակտիվորեն զարգացնում է հարաբերությությունները Մոսկվայի հետՙ հնարավորության սահմաններում խույս տալով Վաշինգտոնի ճնշումից: Արտաքին քաղաքական բարդ խաղ խաղացող Անկարան ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետՙ ընդսմին մնալով ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանը նույն կերպ վարվել չի կարողանում, թեպետեւ վրացի փորձագետները չեն բացառում, որ մոտ ժամանակներս Թեհրանը կարող է ոչ միայն դառնալ տարածաշրջանային հզոր խաղացող, այլեւ կսկսի եռանդուն գործունեություն ծավալել Անդրկովկասում: Եթե մինչ այդ Թբիլիսին չմշակի գրագետ քաղաքականություն, ապա Իրանի դեմ ամերիկացիների պատերազմի սանձազերծման դեպքում Վրաստանին աշխարհաքաղաքական իմաստով կբզկտեն, կարծում է ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Եվ այդ ժամանակ Աբխազիան եւ Հարավային Օսիան կթվան ձախորդությունների միայն սկիզբը: Մեծ Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման կանխատեսումը, ավա՜ղ, անհնար է լավատեսական համարել: |