RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



ՕՐԻՆԱԿԵԼԻ

Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4122, Տպվել է` 492, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Իմաստ կունենար նորեն անդրադառնալ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսին: Նախՙ մի քիչ թվաբանություն: Սա պետության ղեկավարի 14-րդ նախամանորյա ուղղակի հեռուստահանդիպումն էր: Հավատարմագրված էին ռեկորդային թվովՙ 1702 լրագրողներ Ռուսաստանից եւ աշխարհի այլ երկրներից: Հարցուպատասխանը տեւեց 3 ժամ 52 րոպե, որի ընթացքում Պուտինը պատասխանեց 61 հարցի:

Հավատարմագրված լրագրողների ցուցակում ընդգրկված էր 16 հայկական ազգանուն, մինչդեռ միայն «Ազգի» թղթակից Գոհար Բոտոյանին հաջողվեց հարց ուղղել Պուտինին: Սակայն զգացվեց, որ նրա «Ռուսաստանն ինչպես է վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ընտրություններից հետո» հարցի մեջ ռուսաց ղեկավարին դուր չեկավ հարցադրման մեղադրական տոնը եւ մասնավորապես քաղաքականությունը «վերականգնելու» պահը, երբ այդ ասպարեզում, նրա իսկ ասելով, ոչինչ չի փլուզվել: Պատասխանի ընդհանուր տպավորությունը այսպիսին էրՙ մենք ոչ մի խնդիր չունենք Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, եթե դուք ունեք մեր նկատմամբ, ապա դա առաջիկա օրերին կքննարկենք Փաշինյանի հետ:

Գիտեք որն է իրավիճակի պարադոքսայնությունը: Արդեն տեւական ժամանակահատվածՙ 14 տարի հայ լրագրողները հնարավորություն են ունենում մեծ պետություն առաջին դեմքին ամենայն համարձակությամբ, կոռեկտ թե ոչ, ուղղել ցանկացած ձեւակերպման հարց, սակայն նրանք նման հնարավորությունից դեռ վերջերս բացարձակապես զրկված էին հայրենի երկրում, հատկապես իր եւ սեփական ժողովրդի միջեւ սեպ խրած-անջրպետված Սերժ Սարգսյանի օրոք: Սովորաբար Պուտինի վերոնշյալ ավանդական դարձած ուղղակի հեռուստահանդիպումները հայոց լրատվամիջոցներում մեկնաբանելիս միշտ նույն հարցադրման անհրաժեշտությունն էր առաջանումՙ ինչո՞ւ Ս. Սարգսյանը չի հետեւում նրա օրինակին, ինչո՞ւ նա կտրանակապես հրաժարվում է հայ մարդկանց հետ անմիջական շփումներից, ե՞րբ պիտի վերջ տրվի այդ անհեթեթ իրողությանը: Թեեւ բոլորն էին հասկանում, որ կոռուպցիայի մեջ թաթախված անձնավորությունը երբեք նման քայլի չի դիմի: Որտեղից, օրինակ, երաշխիք, որ ճարպիկ ու ամենահաս մի լրագրող մինչ այդ բացահայտած չի լինի այն փաստը, որ միայն մեկ բանկում նախագահի եղբայրըՙ նորահայտ Գոնսալեսյան տոհմի հոգեհայրը կուտակել է 30 միլիոն դոլար (ոչ թե դրամ): Եվ, բնականաբար, համայն հայության աչքի առաջ հարց կտրվեր Սերժ Ազատիչինՙ ի՞նչի (չասենքՙ ո՞ւմ) շնորհիվ է արկածախնդիր անձը կիսասոված երկրում դարձել դոլարային միլիոնատեր: Գուցե գործարարների նկատմամբ 50ւ50-ի վրա սկզբունքով կիրառվող բռնի դրամահավաքի՞ միջոցով:

Իսկ եթե ավելի լուրջՙ ինչո՞ւ Հայաստանում հասարակական համակողմանի քննարկման թեմա չի դառնում այն պարագան, թե անկախության տարիներին ինչո՞ւ են երկրի բարձրագույն ղեկավարներն արժանանում ժողովրդի հակակրանքին: Մարդիկ չեն ուզում տեսնել ոչ նրանց տեսքը, ոչ էլ լսել նրանց կեղծ խոսքը: Վերջիններս էլ գլուխը թաղում են ավազի մեջ ու կույր ձեւանում, կառավարում են ինչպես քեֆներն է տալիս, անմնացորդ թքելով հասարակական կարծիքի վրա: Չենք ասում, թե Ռուսաստանում բոլորն են պաշտում Պուտինին, սակայն համընդհանուր հակակրանք նրա նկատմամբ չկա: Մարդիկ գնահատում են նրա իրական գործերը. համենայն դեպս Ռուսաստանն այսօր աշխարհի երկրորդ ռազմական գերտերությունն է:

Ահա եւ, կարծում ենք, հեղափոխական փոթորկուն իրադարձությունների ֆոնի վրա արժանվույնս չի գնահատվում Նիկոլ Փաշինյանի հիրավի հեղաշրջիչ նախաձեռնությունըՙ առավելագույնս գործել հրապարակայնորեն, բաց ու թափանցիկՙ լրագրողների ու մարդկանց հետ անմիջական հանդիպումները չդիտել որպես կարիերիային սպառնացող վտանգ, կառավարման թերությունների արտացոլում, բարոյազրկության ցուցադրում, ղեկավարի նկատմամբ անհամակրության դրսեւորման հնարավորություն եւ այլն, եւ այլն: Վարչապետական գործունեության հենց սկզբից Փաշինյանը լրագրողների (եւ ոչ միայն) բազում հարցերին առերես պատասխանում է իր իսկ կազմակերպած մամլո ասուլիսների, ամենատարբեր միջոցառումների ժամանակ, շքեղ ու սովորական շինություններում, փողոցում, մեքենայի մեջ:

Բայց: Փաշինյանը հրապարակավ է գործում սեփական կամքով ու հոգու կանչով: Ոչ մի կոնկրետ սահմանադրական դրույթ, խորհրդարանի որոշում, օրենսդրական ակտ նման գործելակերպ պետության ղեկավարին չի պարտադրում: Կուզի հաշվի կնստի քաղաքացիների հետ, չի ուզիՙ չի նստի: Ի վերջո գերադասվել է երկրորդ տարբերակը:

Ուստի կարծում ենք բանական ու նպատակահարմար կլինի, եթե անկախության անխափան ուղեկից «Ազգ» թերթը իրավունք վերապահի եւ հանդես գա համազգային օրենսդրական նախաձեռնությամբՙ ընդունել այնպիսի մի նոր օրենք (իրավական ձեւակերպումը թողնենք մասնագետներին), որը պետության ղեկավարին (ղեկավարներին) պ ա ր տ ա դ ր ի պատասխանատու լինել ժողովրդի առջեւ իր ողջ գործունեությամբ, տարեկան թե ընթացիկ հաշվետվություններով պարբերաբար հանդես գա խորհրդարանում, ուղիղ հեռուստահանդիպումներով, պատասխանել ընդդիմադիրների եւ ամենատարբեր քաղաքացիների հարցերին, ներկայանալ պետությանն ու մարդկանց հուզող խնդիրների վերաբերյալ իր տեսլականներով, մտքերով, վերլուծություններով, առաջարկություններով եւ այլն: Դա կարելի է իրականացնել թեկուզեւ պուտինյան ոճով, սակայն թերեւս առավել քան պետականամետ է բրիտանական հնամյա քաղաքական ավանդույթը, երբ համայն հանրության աչքի առաջ պետության ղեկավարը պարբերաբար ենթարկվում է ընդդիմության դաժան հարցապնդումներին: Հաճախ նրանց չարախինդ ծափերի ներքո:

Վերջիվերջո Հայաստանը պարտավոր է թեւակոխել մի իրականություն, երբ պետության գլուխը առաջնահերթ խնդիր դարձնի ոչ թե անձնական շահը, այլ իր գործերով ու պահվածքով ձգտի շահել հպատակների հարգանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ