RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)

ՀՀ-Ն ԱՂՔԱՏԻ ԳԼՈՒԽ ՉԷ, ՊԱՇՏՈՆՅԱՆ ԷԼՙ ՎԱՐՍԱՎԻՐ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Գրաց, Ավստրիա

Ավստրիացիների մասին հայաստանցիներս միանշանակ դրական կարծիք ունենք, եւ ինչո՞ւ հարցը մեկ հիմնական պատասխան ունի.լավ կյանքով են ապրում: Թե ի՞նչ է այդ լավ կյանք ասածը, դժվար է կոնկրետ գնահատական հնչեցնել, քանզի մեկի համար այն կարող է հագեցած նախաճաշը լինել, մյուսի համար երեկոյան օպերա այցելելու նախապատրաստությունը, երրորդը նախընտրում է մարզադահլիճ այցելությունը, չորրորդը սրճարանում երաժշտության ուղեկցությամբ սուրճ ըմպելը... Հայերիս համար Ավստրիան, թերեւս, առաջնահերթը դասական երաժշտությունն է, նաեւ այն, որ «Մուսա Լեռան 40 օրը» գրքի հեղինակն ավստրիացի Ֆրանց Վերֆելն է: Աշխարհահռչակ ավստրիացի է Առնոլդ Շվարցնեգերը, պակաս հայտնի չէ երկրի ներկայիս 32-ամյա վարչապետ Սեբաստիան Կուրցը: Մինչ այս մի քանի տարի արտգործնախարար էր, զբաղվում էր նաեւ համաեվրոպական հարցերով: Այս ընթացքում երկիրը հանգիստ ապրում էր, շարունակում զարգանալ, ամրապնդել միջազգային հեղինակությունը:

Շարքային ավստրիացիներին, ում հետ առիթ է եղել շփվել, այս ամենը կարծես շատ էլ չի հետաքրքրում, քանզի նրանք հիմնականում զբաղված են իրենց ամենօրյա աշխատանքով եւ դրա արդյունքում վաստակած հանգիստը վայելելով.օպերա այցելելով, եթե ամիսներ առաջ հոգացել են տոմս ձեռք բերել, մարզաբազաներ մեկնելով, այլեւայլ հանդիսությունների մասնակցելով: Դրանցից մեկի ընթացքում, որ մոտ 300 ծնողներով ու հարազատներով նշվում էր ուստր-դուստրերի դպրոցական կյանքի ավարտը, պարտադիր արարողակարգից հետո մի այնպիսի ուրախ ու անկաշկանդ տրամադրություն ծավալվեց, որը ցանկանում եմ հակիրճ ներկայացնել: Թե՛ շուրջ 70 շրջանավարտները, թե՛ բծախնդիր հագուկապով ավագները երգ ու պարն իրականացնում էին գինի ու գարեջուր ըմպելով, հաճոյախոսություններն աղմուկի հասնող միջավայրում ծավալելով.եւ ոչ մի անհարկի բղավոց: Հյուրի կարգավիճակում գտնվողս չեմ փորձի այլ գնահատական տալ, թե ժամեր շարունակված միջոցառման ընթացքում ինչ քանակի գինի ու գարեջուր օգտագործվեց, որը միայն ու միայն ներկաների տրամադրությունն էր բարձրացնում, հանդիպումը տենչալի դարձնում:

Տեսածս ու լսածս հայաստանցուս համար իրոք անսովոր էր եւ անկարող էի այն պարզելու փորձ չանել: Հաջորդ օրն իսկ հյուրընկալողներիս օգնությամբ որոշ վիճակագրության ծանոթացա.19-99 տարեկան ավստրացիների միջին ներկայացուցիչը տարվա ընթացքում օգտագործում է 29 լիտր գինի եւ 109 լիտր գարեջուր, համապատասխանաբար ալկոհոլ պարունակող խմիչքների 37 եւ 53 տոկոսը, եւ շատ աննշանՙ թունդ ալկոհոլ: Համեմատության համար նշեմ, որ ՀՀ-ում պատկերը հետեւյալն է.սպառվող ալկոհոլի 80 տոկոսը թունդ խմիչքն է, 10 տոկոսըՙ գարեջուրը, եւ 5 տոկոսըՙ գինին: Թե նշվածներից որ մոտեցումն է արդարացված, կարծես գիտենք բոլորս, իսկ թե ինչու չենք կարողանում կիրառել մեր առօրյայում, հարց է մնում, թեեւ պատեհ ու անպատեհ առիթներով չենք զլանում Հայաստանը գինու ու գարեջրի հայրենիք հայտարարել:

Փորձենք, թող որ լրագրողական մակարդակով, ինչ-որ դիտարկումներ ներկայացնել, նպաստել հարցի պարզաբանմանն ու բացահայտմանը: Ձեռքիս է «Ցվայգելտ» անվանումով ավստրիական չոր գինու 0,7 լիտր տարողության շիշը: Նշված է 1830 թվական տարեթիվը, որն արտադրողների գործունեություն սկսելու տարին է: Այն հիմնել են եղբայրներ Ռեգելերները, որոնց ժառանգները հիմա մշակում են 500 հա խաղողի այգիները: Ընկերության կայքից նաեւ պարզվում է, որ տարածքը Սլովենիային սահմանակից է, ծովի մակերեւույթից 500 մետր բարձրության վրա, հողը հրաբխային, հանքային նյութերով հարուստ, ջրելու, այգեթաղ ու այգաբաց անելու անհրաժեշտություն չկա: Մի այլ չոր գինի է «Նոյբաուեր»-ը, որի հումք խաղողը մշակվում է նույնպես նշված տարածքում, միայն ավելի փոքր, 16 հա-ի վրա: Կառավարությունն առավելապես խրախուսում է փոքր ու միջին ընկերությունների հիմնումը հիմնականում երիտասարդների կողմից: Թեեւ խաղողի այգիները, որոնք գտնվում են Վիեննայի ու երկրի երկրորդ քաղաք Գրացի տարածաշրջաններում, գնալով նվազում են, այսուհանդերձ մշակվող 45.000 հա-ից ստացվող խաղողը բավարարում է երկրի գինու արտադրության պահանջը: Ի դեպ, սույն մտորումները գրառելու օրերին Գրացում կայացավ փոքր բիզնեսի խթանմանը նվիրված համաեվրոպական միջոցառում, որի մասին ընդարձակ հաղորդում տրվեց «Եվրոնյուզ»-ով նոյեմբերի 29-ին: Ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ ավստրիացի գինեգործներն անհավասար մրցակցության մեջ են իտալացի, իսպանացի ու ֆրանսիացի գինեգործների հետ, ուր ե՛ւ հողային պայմաններն են ավելի բարենպաստ, ե՛ւ ջերմային միջավայրը: Արդյունքում երկրում գնալով նախապատվությունը տրվում է կաթնա-մսամթերքների արտադության ոլորտում արդյունքների երաշխավորմանըՙ լիարժեք կերային բազայի օգնությամբ: Հաճախ կարելի է սուպերմարկետների գովազդային թերթիկներում նշվող գների հանդիպել, ուր գները ՀՀ-ի համեմատ զգալի ցածր են: Բնական է, որ այս ամենն ուղեկցվում է խիստ մրցակցության պայմաններում, իրացման խնդիրների առկայությամբ: Արդյունքում ձեւավորվում է այն միջավայրը, որը բոլոր առումներով ընդունելի է դառնում ավստրիացու համար, նպաստում նրա առօրյայի բարերար պայմանների ձեւավորմանը: Երբ ավտոմեքենայով անցնում էինք մի բնակավայրով, ուղեկիցս նկատեց, որ հազիվ 7.000 բնակիչ ունեցող այս քաղաքում, որը մայրաքաղաքից մոտ 200 կմ հեռավորության վրա էր, հողն ու բնակարանները համեմատաբար բարձր գին ունեն, որովհետեւ ամենուր արտահանմանն ուղղված գործարաններ ենՙ մայրաքաղաքային ծառայությունների ու առաջին անհրաժեշտության ապրանքների գների պայմաններում, գումարած բնակավայրի գրավչությունը:

Եվ հարցըՙ ինչո՞ւ մեզանում էլ չի կազմավորվում այսօրինակ միջավայր, հնչում է բնականաբար: Շրջապատիս հայաստանաբնակ տասնյակ ընտանիքների ու հարյուրավոր ներկայացուցիչների դիտարկումներովՙ պատճառները մի քանիսն են: Հենց թեկուզ սակավ մրցակցային պայմաններում կազմավորվող արդեն նշված, այլոց համար գրեթե կենսականՙ գինիների որակի ու գնի առումներով: Նման մոտեցումներին զրուցակիցներիցս ոմանք անվարան հակադարձում են, թե մեզանում առավել կարեւոր խնդիրներ կան, առաջնահերթըՙ աշխատատեղերը: Պաշտոնյաներն էլ հաճոյանալով հնչող նման կարծիքներինՙ բարձրաձայնում են, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարձր վարձատրվող 4-5 հազար թափուր աշխատատեղերի հարցը: Մի պահ ընդունենք, որ դրանք մեկ տարվա ընթացքում լրացվում են միջին 500 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողների կողմից, որպիսիք արդեն ունեցել ենք նախորդ տարիներին: Ո՞ւր են գնալու այդ գումարները, եթե ոչՙ առաջին անհրաժեշտության սննդի ձեռքբերմանն ու ծառայություններից օգտվելուն, որոնց գները ՀՀ-ում արդեն իսկ բարձր են: Պարզ է, որ 500 հազար դրամ ստացողը կարող է իրեն թույլ տալ 0,7 լիտր պարունակությամբ շշի կամ 1 կգ խոզի մսի դիմաց 4.000-ական դրամ վճարել: Բայց պարզ ինքնախաբկանք է, որ անգամ հանրության եւ աշխատունակ բնակչության 10 տոկոսը չի կարող նման աշխատավարձի մասին մտածել: Արդյունքում մեր մարդկանց չի ոգեւորում նույնիսկ 80 տոկոսով նվազեցված ապրանքների գինը, հենց թեկուզ 700-800 դրամ կազմող «կես գին» գինիների առաջարկը: Հայտնի է, որ 0,7 լիտր գինի ստանալու համար անհրաժեշտ է 1 կգ խաղող, որի ինքնարժեքն այն մշակողի վրա հազիվ 100 դրամ է կազմում: Այնպես որ, եթե ՀՀ-ում մարզային ու մայրաքաղաքային իշխանությունները տեր լինեն իրենց խոստումներին ու, ասենք, խաղողագործության կամ անասնապահության ոլորտներում նպաստեն մի քանի հարյուր, իսկ գուցե հազար մանր ու միջին վերամշակողների կազմավորմանը. թե՛ մեր մարդիկ ամենօրյա գործ ու եկամուտ կունենան, թե՛ առաջացող մրցակցության պայմաններում արտադրանքի ու ծառայությունների որակն ու գները կկայունանան: Տեսար, այսօրինակ միջավայրը նպաստեց այլ ոլորտների աշխուժացմանն ու կայացմանը, որը մեզանում փոխարինվում է պաշտոնյաների աշխատասենյակներում նկարվող ծրագրերի տիրաժավորումով: Հույս տածել, որ ՀՀ աշխատունակ բնակչության բացարձակ մեծամասնությունը առաջիկա տարիներին էլ կշարունակի բավարարված զգալ իր անգամ բարձրացված 150 հազար դրամ աշխատավարձից, պարզ ինքնախաբկանք է:

Նախընտրական շրջանում հաճախ էր խոսվում այս կամ այն երկրի օրինակով կայանալու ու զարգանալու մասին: Ասենք «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» նորածիլ կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը տալիս էր իր բնորոշմամբ մշակութային Ավստրիայի անունը: Միայն թե տարօրինակորեն չէր ասվում, որ այս երկիրն օգտագործում է հողի յուրաքանչյուր թիզը, գրեթե ինքնաբավ է, տնտեսությունը զարգացած է առավել քան: Նորօրյա իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն ընդունում են, որ հարկավոր է հայաստանյան պայմաններում իրականացնել այն արտադրությունների խթանումն ու կայացումը, որոնցով հնարավոր է ներքին պահանջարկի ու անհրաժեշտությունների բավարարումը: Այս առումով նվազագույնը տարօրինակ էր փոխվարչապետ Տ. Ավինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ տնտեսությունն առաջնահերթը պետք է կողմնորոշել դեպի արտադրություն ու արտահանում: Ստացվում է, որ շարունակելու ենք թել ու կտորներ ներմուծել ու ձեռնոց դարձնելովՙ արտահանել, չգիտես աշխարհի որ մասերից ներկրված շաքարեղեգից շաքարավազ արտադրել, կաշվեհումք արտահանելով, մշակված թանկ կաշի բերել, ու աննշան քանակներով կոշիկ, կահույք, պայուսակ ու հագուստ արտադրել: Այդ որտեղ է տնտեսվարական միտքը նման գործունեություն ծավալել, որը փորձ է արվում ներդնել ՀՀ-ում: Մեր երկիրը աղքատի չհարդարված գլխի նմանեցնելու տեղ չէ, ուր ով ուզի, անփորձ վարսավիրի իր ունակությունը բանեցնի: Կարելի է տասնյակներով կայացած երկրների հիշել, սկսած ԱՄՆ-ից, շարունակելով Մեծ Բրիտանիայով, ու ավարտելով Ճապոնիայով, որտեղ ներքին պահանջարկը բավարարելու նպատակով ներմուծումն ավելին է, քան արտահանումը: Ստացվում է, որ մեզանում կարելի է խոսել ամեն ինչից, միայն ոչՙ երկրի ու քաղաքացիների պարենապահովությունից ու պարենանվտանգությունից, որը մասամբ թե հիմնավորապես ձախողված է:

ՀՀ քաղաքացու մտահոգությամբ գրում եմ այս մասին եւ միանշանակ նկատում, որ սրանք ինչ-որ առումներով լրագրային ժանրի նյութ չեն, քանզի առավելապես գործարար բնույթի հարցեր են, որոնք գործադիր իշխանության տիրույթում են: Ասենք, ՀՀ գյուղատնտեսության, տնտեսական զարգացման, տարածքային կառավարման նախարարությունների գործն է նպաստել այս կամ այն ոլորտների կայացմանը, դրանցում առավելագույն արդյունավետության ցուցանիշների ձեռքբերմանը, կայուն տնտեսական արդյունքների երաշխավորմանը, որոնցով է պայմանավորված ՀՀ-ում կյանքի որակի բարելավումը, ներգաղթի ակնկալիքը, զբոսաշրջության աճը: Ավաղ, տարիները տասնամյակներ են դառնում, իսկ երկրի քաղաքացին միայն ծրագրերի ու խոստումների անկատար չափաբաժին է ստանում: Մեկ որոշվեց, որ բանկային երկիր ենք դառնալու, հետո պարզվեց նոր ատոմակայան ենք կառուցելու եւ էլեկտրաէներգիա ենք արտահանելու, ապա հայտարարվեց, ՁԻԱՀ-ի բուժման համաշխարհային կենտրոն դառնալու մասին, օրգանիկ գյուղատնտեսությամբ մարդկությանը գրավելու ծրագրեր մշակվեցին: Իսկ արդյունքում հիմնարար ոչինչ չի ստացվում: Հասանք նրան, որ հայաստանցուն աշխատելուց ու աշխատանքից խուսափող հայտարարեցինք, չցանկանալով նկատել, որ այդկերպ վիրավորում ենք ինքներս մեզ, մեր ծնողներին, հարազատներին, բարեկամներին: Իսկ մեր ընդհանուր խնդիրն այն է, որ պարզապես սիզիֆյան աշխատանք ենք կատարում, իշխանավորի կանխատեսումներով առաջնորդվում, որը շատ հաճախ նրա նեղ անձնական հետաքրքրություններով է պայմանավորված:

Իսկ ու՞ր մնաց հայերիս վերագրվող այն ողջ արժեհամակարգը, որով դեպքից-դեպք, հաճախ թե մշտապես հպարտանում ենք: Բնական է, որ այսօրինակ մտորումների եմ տրվում հյուրընկալվելով մի միջավայրում, ուր սակավաթիվ երբեմնի հայաստանցիները հարգված են իրենց աշխատասիրության համար, պարտաճանաչ են, ուսումնասեր, մարզիկ են ու երաժիշտ.... Նրանց այս որակներն առանձնացնում ու ընդգծում են մարդիկ, որոնց հաջողվում է նույն այս հատկությունների արդյունքում իրենց երկիրը բարեկեցիկ պահել, ապրած օրն էլՙ նախորդի պես հաճելի:

Առօրյա գնումների ընթացքում սուպերմարկետի հերթում նկատելով միջին տարիքի տեղաբնակի կողմից 3 փաթեթավորումով 72 շիշ 0,5 լիտր տարողությամբ գարեջուր գնելու փաստը, հայաստանցի լրագրող ներկայանալով հետաքրքրվեցի, թե ի՞նչ է անելու գարեջրի այս քանակը, նկատելովՙ թե երեւի միջոցառում ունի: Ժպտերես պատասխան ստացա, որ առջեւում հանգստյան օրեր են, ինքն ու տղան դրանք կվայելեն, տեսար, մոտակայքում ապրող հայրն էլ որոշեց հյուր գալ: Նրբանկատորեն նաեւ նկատեց, որ 1632 թվականից արտադրվող «Շվեխատեր» գարեջրի այս խմբաքանակի մեջ ամբողջ 22 եվրո է խնայել, ՀՀ արժույթովՙ 12.000 դրամ: Դե եկ ու մի ասա.ուրիշ ի՞նչ է պետք յուրօրինակ երջանիկ լինելու համար: Թերեւս այսպես էլ ապրում է մեր համակրանքը վայելող ավստրիացին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ