RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



ՄԵԾԵՐԸ

Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3927, Տպվել է` 262, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

ՍԵԴԱ ԱՆԱՆՅԱՆ, Լոնդոն

Ծննդյան 140-ամյակի առթիվ (1878-1936)

Տրապիզոնից Ռուսաստանի Եկատերիոնադար (ներկայիս Կրասնոդար) գաղթած Հովհաննես Թամանովի ընտանիքում 1878-ին ծնվեց նրանց Ալեքսանդր որդինՙ ճակատագրով կոչված դառնալու հայ նոր ճարտարապետության հիմնադիրը: Դեռեւս մանկուց փոքրիկ Ալեքսանդրը ընտանիքում տարբերվում էր հինգ եղբայրներից մի բանովՙ սերը դեպի գեղեցիկը:

1888-ին նա ընդունվում է Կուբանի Ալեքսանդրյան ռեալական ուսումնարանը, գերազանց վարքով եւ ցուցանիշներով ավարտելով 1896-ին:

Միջոց չունենալով բարձրագույն կրթություն տալ բոլոր զավակներին, հայրը տեղի հայ համայնքի աջակցությամբ կարողանում է միայն Ալեքսանդրին ուսման ուղարկել Սանկտ Պետերբուրգ:

Եվ այսպես, 1898-ին Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը Պետերբուրգի Գեղարվեստի Արքայական բարձրագույն ուսմանց ակադեմիայի ճարտարապետության մասնաճյուղի ուսանող էր: Ընդունակ եւ համակրելի Ալեքսանդրը շուտով մտերմանում է Ակադեմիայի դասախոսներից Լեոնտի եւ Ալբերտ Բենուաների, իսկ դասընկերներից Նիկոլա եւ Էժենի Լանսերեների, Վլադիմիր Շչուկոյի, Նիկոլա Սոկոլովի եւ այլոց հետ: Ընկերների հետ ճարտարապետական յուրօրինակ խմբակ կազմելովՙ սկսում են ուսումնասիրել եւ գծագրել Պետերբուրգի ճարտարապետական կարեւոր կառույցները:

Ուսումն ավարտելով 1904-ին, 26-ամյա Թամանյանը «ակադեմական» ընկերների, հատկապես Վլադիմիր Շչուկոյի հետ հեղինակակից է դառնում Սանկտ Պետերբուրգում կառուցվելիք մի շարք նախագծերի (Cafe՛ de France), մասնավորապես XVIII դարի Սբ. Եկատերինա հայկական եկեղեցու (ճարտ. Յուրի Ֆելտեն) վերակառուցմանը, շինությանը տալով առավել հայ ճարտարապետությանը բնորոշ որոշ տարրեր:

Անվանի հնագետ Նիկողայոս Մառը (1864-1934) երկար տարիներ ուսումնասիրելով պատմական Անիի հնություններըՙ 1908-ին առաջարկում է Թամանյանին նախագիծ ստեղծել Անիի թանգարանի համար:

Երիտասարդ ճարտարապետը սիրով ու իմացությամբ հորինում է ապագա թանգարանի նախագիծը, որը ցավոք կմնա անկատար, սակայն կարեւոր առիթ էր ճարտարապետի համար առնչվելու հայ հին ճարտարապետությանը եւ իր հայկական արմատներին:

***

Սանկտ Պետերբուրգի մշակույթի եւ բարձր մտավորական շրջանակներում արդեն ճանաչում ստացած Ալեքսանդր Թամանյանը հիշյալ Սբ. Եկատերինա հայոց եկեղեցում 1908-ին պսակվում է ազնվազարմ գեղեցկուհի Կամիլլա Էդվարդս-Բենուայի հետ:

Կամիլլայի հայրըՙ Մաթյու Էդվարդսը անգլիացի էր, իսկ մայրըՙ ֆրանսիացի անվանի ճարտարապետ Նիկոլա Բենուա ընտանիքից: Ուսանող տարիներին Ալեքսանդրի դասընկերներից էին Կամիլլայի Եվգենի եւ Նիկոլա Լանսերե զարմիկները, որոնց միջոցով նա ծանոթանում է Կամիլլայի հետ:

Ինչպես հայտնի է 1789-ի ֆրանսիական հեղափոխությունից հետո ազնվական շատ ընտանիքներ հաստատվեցին Ռուսաստանում, հատկապես մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Կամիլլայի նախահայրերից Լուի Ժյուլ Սեզար Ավգուստ Բենուան եւս 1794-ին գալիս է Սանկտ Պետերբուրգ:

***

XIX դարասկզբի Ռուսաստանի քաղաքական բարդ իրավիճակների մթնոլորտի մեջ դյուրին չի եղել մեծ ճարտարապետի ստեղծագործ ուղին, սակայն նրա երջանիկ ամուսնությունը խթան ու սփոփանք է եղելՙ ապրելու եւ արարելու: Նա իր պատվավոր տեղն է ունեցել Ռուսաստանի առաջատար ճարտարապետներիՙ Ա. Շչուսեւի, Վ. Շչուկոյի, Ի. Ֆոմինի եւ մյուսների շարքում. արվեստագետներՙ որոնք պայքար էին մղում ընդդեմ էկլեկտիզմիՙ հանուն դասական ճարտարապետության եւ նորի ներդաշնակ համադրման :

Այս առումով նշանավոր են թամանյանական կառույցները Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ցարսկոե Սելո, Օրյոլ եւ Ռուսաստանի այլ քաղաքներում: Առավել հիշարժան են իշխան Կոչուբեյի առանձնատունը (1912 թ., Ցարսկոե Սելո), Իշխան Շչերբատովի մենատուն-պալատը (1913 թ. Մոսկվա), «Ռոմանովների Տան» 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի խոշոր համալիրը (1913 թ. Յարոսլավլ) եւ այլն:

Թամանյանական բոլոր այս կառույցներն առանձնանում են ռուս դասական ճարտարապետության բազմազան տարրերի շքեղ համադրմամբ, որոնցից Շչերբատովի ամպիր ոճով մենատան համար 1914-ին Նիկոլայ 2-րդ ցարը Թամանյանին պարգեւատրում է Ոսկե Մեծ մեդալով:

Նույն 1914-ին Թամանյանը ընտրվում է Կայսերական Ակադեմիայի ակադեմիկոս, իսկ 1917-ինՙ Գեղարվեստից ակադեմիայի խորհրդի փոխնախագահ:

Կարեւոր է նշել, որ ցարական Ռուսաստանում Թամանյանի առաջարկով 1917-ին ստեղծվեց Մշակույթի գործիչների միություն, որը խանդավառությամբ ընդունվեց ժամանակի ռուս անվանի մտավորականների (Ալեքսանդր Գլազունով, Իլիա Ռեպին, Լեոնտի Բենուա, Ֆեոդոր Շալյապին, Մաքսիմ Գորկի, Լեոնիդ Անդրեւ...) կողմից: Միության մեջ անմիջապես ընդգրկվում են շուրջ 200 գեղագիտական ընկերություններՙ համապատասխան բաժանմունքներով:

***

Սակայն ճակատագիրը անողոք է եղել մեծ ճարտարապետի հանդեպ... Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում եկել էր քանդելու եւ ոչնչացնելու ամեն ինչ... 1918-ի ապրիլին Սովնարկոմի որոշմամբ լուծարքի են ենթարկվում մշակույթի բազմաթիվ հաստատություններ, ի դերեւ հանելով նաեւ Թամանյանի ծրագրերը:

Ի՞նչ անել... այս դեպքում գուցե չկա չարիք առանց բարիք: Տարիներ ի վեր ապրելով ու գործելով Ռուսաստանումՙ ճարտարապետի մշտական երազանքն էր ապրել եւ ստեղծագործել նախնյաց երկրում:

1918-ի մայիսին Հայաստանը անկախ երկիր հռչակվելով կարիք ուներ մեծ օգնության:

1919-ի ամռանը հրաժեշտ տալով Պետրոգրադին, ակադեմիկոս Թամանյանը ոտք է դնում հայրենի հողի վրա, որը սովի եւ թշվառության մեջ էր: Սակայն հակառակ ծանր իրավիճակին ճարտարապետն անմիջապես գործի է լծվում ստեղծելու խղճուկ մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ապաՙ հիվանդանոցներ, գործարաններ, մշակույթի կենտրոններ եւ այլն...

Սակայն նոր արհավիրք... 1920-ի նոյեմբերի 29-ի իշխանությունը գրավեցին բոլշեւիկները: Նորից ի՞նչ անել... Նորաստեղծ հանրապետության ընտրանին (Հովհաննես Քաջազնունի, Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան...) այդ թվում նաեւ Ալեքսանդր Թամանյանը 1921-ին ստիպված էին հեռանալ երկրից... Հեռանալ, բայց ինչպե՞ս... ցուրտ, սով, բռնություն:

Սպարապետ Գարեգին Նժդեհը ճանապարհ էր որոնում Պարսկաստանի միջոցով փրկել գոնե երկրի սերուցքը: Ցուցակի մեջ առաջին հերթին Թամանյան ընտանիքն էրՙ կինը, 12-ամյա Մարիան, 11-ամյա Գեւորգը եւ 8-ամյա Վարվառան: Երկար, դժվարին ճանապարհ... փոխադրամիջոց չկա... Պետք է Արաքսը հատել Պարսկաստան հասնելու համար:

Առաջին հանրապետության զինվորական կոմիսար Ռուբեն Տեր-Մինասյանը ելք է որոնում օգնելու... Ի վերջո, մեծ ջանքերով նա 2 մակույկ է ձեռք բերում Թամանյանների համար, մեկի մեջ տեղավորում է Կամիլլան որդու հետ, մյուսի մեջՙ Թամանյանը երկու դստեր հետ:

***

Պարսկաստան հասնելուն պես Թամանյանը շուտով առաջարկ է ստանում պարսիկներից վերակառուցելու Թավրիզի գլխավոր պողոտան...

Սակայն նոր դժբախտություն. Թամանյանները այստեղ 1921-ին կորցնում են ավագ դստերըՙ Մարիային: Թերեւս ի սփոփանք 1922-ին ծնվում է նրանց վերջին զավակը, որին ի հիշատակ Բենուա նախնիների, անվանում են Հուլիոս (Jule):

***

Քաղաքական իրավիճակը Հայաստանում գնալով կարծես փոխվում է. 1923-ին Ալեքսանդր Մյասնիկյանը հատուկ գնացք է ուղարկում Թավրիզՙ Թամանյանին Հայաստան վերադարձնելու: Տարագիր ընտանիքը իրենց հետ Հայաստան են տեղափոխում նաեւ հանգուցյալ դստեր մետաղյա (ցինկ) դագաղըՙ հուղարկավորելու Երեւանում:

Ի վերջո կիրականանա Թամանյանի վաղուց փայփայած երազանքըՙ ապրել եւ աշխատել նախնիների հայրենիքում , որի մասին իր խոսքերը.

- Վերջապես իմ երազանքը իրականացավ, այժմ ես կարող եմ կառուցել նոր Հայաստան, այնպիսի մի երկիր, որի պալատների շվաքում մնան աշխարհի լավագույն պալատները:

Հաստատվելով Հայաստանում, Թամանյանը մեծ եռանդով վերստին նվիրվում է կարեւոր, բայց խիստ դժվարին գործի. անհրաժեշտ էր անցյալից ժառանգություն մնացած խղճուկ շինությունները փոխարինել նոր, բարեկարգ կառույցներով, բայց դա դեռ բոլորը չէր: Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ նա եռանդուն մասնակցություն է ցուցաբերում երկրի վերակառուցման ընդհանուր ծրագրերին. ճանապարհների շինարարություն, ճահիճների չորացում, շինանյութերի արդյունաբերություն եւն.... եւն :

1923-ից Թամանյանը ընտրվում է Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար, Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

Նույն 1923-ին ստեղծում է Երեւանի գլխավոր հատակագիծըՙ 150 հազար բնակչի համար, որը առայսօր համարվում է հայ նոր քաղաքաշինության բացառիկ եւ անփոխարինելի երեւույթ:

Ավելի ուշՙ 1934-ին Թամանյանը ստեղծում է նաեւ «Մեծ Երեւանի» (500 հազ. բնակիչ) նախագիծը, որը անավարտ է մնացել վաղահաս մահվան պատճառով: Նրա նախագծերով Երեւանում կառուցվել են Աստղադիտարանը (1930-35), Բժշկական ինստիտուտի Անատոմիկումը (1926-33), Անասնաբուժական, Ֆիզիոթերապեւտիկ, Պոլիտեխնիկ ինստիտուտները (1927-32), Հանրային գրադարանը (1932-38), Առաջին Հիդրոկայանը (1923-26), Կառավարական տունը (1932-41) (ՍՍՀՄ Պետ. մրցանակ 1942 թ., հետմահու), Օպերայի եւ բալետի թատրոնը (1926-53) (Մեծ Ոսկյա մեդալ (Grand Ozix, Փարիզ, 1937, հետմահու):

Ինչպես նշեցինք, թամանյանական բոլոր կառույցներին, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում, բնորոշ են դասական ճարտարապետության տարրերի հարմոնիկ համադրումը նորի հետ, նկատի առնելով նաեւ տեղանքը, բնական պայմանները, իսկ Հայաստանում նաեւ նրա հարուստ եւ բազմազան քարատեսակները:

Երեւանի հատակագծից բացի Թամանյանը ստեղծել է Լենինսկի (ներկայիս Գյումրի), Վաղարշապատ-Էջմիածնի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի, Հրազդանի, Նուբարաշենի (Սովետաշեն) եւ այլ քաղաքների ու ավանների նախագծեր, որոնցից ոչ բոլորն են իրացվել:

Հայաստանում ապրելով ընդամենը 13 տարի, Մեծ ճարտարապետը ստեղծեց ոչ միայն ուրույն եւ կատարյալ կառույցներ, այլեւ իր իսկ Թամանյանական ճարտարապետական դպրոցը :

***

Թամանյանին ճանաչել եւ բարձր են գնահատել նրա ժամանակակիցները ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում: Մեր ձեռքի տակ է անվանի ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանի (1907-1996) վկայությունը, որը 1928 թվականից մինչեւ 1936-ը աշխատել է Թամանյանի արվեստանոցում, լինելով նրա օգնականը եւ մտերիմ բարեկամը:

- Ով երբեւիցե աշխատել, բարեկամություն է արել կամ թեկուզ պարզապես ծանոթ է եղել Թամանյանի հետ, անպայման իր մտքում ու հոգում ամենաջերմ տպավորություններն ու հուշերն է պահել այդ արտակարգ մարդու մասին:

Թամանյանի մեջ զուգորդվում էին դրական շատ հատկանիշներ, որոնք վկայությունն էին նրա գեղագիտական մեծ տաղանդի, գեղեցկի, սիրո, լայն ընդգրկում ունեցող վարպետության, հետազոտող-հարցախույզ մտքի, որ ունակ էր լուծելու պետական կարեւորության բարդ խնդիրներ: Միաժամանակ համեստ մի մարդ էր նա, որ շատ ավելի հոգում էր ուրիշների, քան սեփական բարօրության մասին:

Քսաներորդ դարի հայ ճարտարապետության մեջ (ընդգծումըՙ Ս.Ա.) իր կատարած արմատական հեղաշրջումով Ալեքսանդր Թամանյանը իրավացիորեն կարող է համեմատվել Վաղ վերածնության ճարտարապետության հիմնադիր Ֆիլիպո Բրունելեսկիի հետ»,- գրում է ճարտարապետ Խալփախչյանը:

***

Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական կյանքում բարեբախտ համագործակցություն է եղել նաեւ Մեծն Թորոս Թորամանյանի (1864-1934) հետ:

Բարեբախտություն չէ՞ր արդյոք, որ աշխարհ տեսած երկու հանճարները ամբարած իրենց փորձով Հայաստան հասան, սիրով ու նվիրումով խորհուրդ անելու, տքնելու եւ գտնելու կատարյալըՙ հայ բազմադարյան ճարտարապետությունը զուգորդելու նորին:

Կամ էլ գուցե ճակատագրի կամքով էր, որ Թորոս Թորամանյանը ծննդավայր Շապին Գարահիսարից Կոստանդնուպոլիս եկավ ճարտարապետություն ուսանելու, շրջեց Բուլղարիա եւ Ռումինիա, Հունաստան ու Եգիպտոս, Հռոմ ու Փարիզՙ վերջը Հայաստան հասնելու, ամբարած իր իմաստությունն ու տաղանդը նրան տալու:

Իսկ մյուս հանճա՞րը... Նրա մասին կնախընտրեմ հիշելու մեծ բանաստեղծ Իսահակյանի խոսքերըՙ ուղղված ճարտարապետին.

- Մեծանուն վարպետ, դու եկար հյուսիսից, դու եկար մեծ Ռուսաստանիցՙ քո տաղանդով եւ ստեղծագործությամբ արդեն հռչակ ստացած: Դու եկար մեր աղքատ, ավեր երկիրը, որը սակայն հարուստ է բարձր արվեստի անթառամ կոթողներով, որոնք մեր ազնվության վկայական են տալիս, դու եկար այս հին ներշնչարանը (Ս.Ա.), ազատագրված մեր հայրենիքը, որպեսզի տեսնես, յուրացնես հին գանձերը, որպեսզի քո հոգու հետՙ գիտությամբ եւ բանաստեղծությամբ լի, խառնես, ձուլես-համադրես, եւ տաս նոր գեղեցկությունը, ազգային եւ հանրամարդկային արվեստը, որի գաղտնիքը դո՛ւ գիտես միայն:

Դո՛ւ մեր աթենյան Երեւանի անմահ Իկթուսը (մ.թ.ա. V դարի հույն ճարտարապետ. Ս.Ա.) պիտի լինես, դու պիտի կերտես մեր պանթեոնը, մեր թատրոնը, մեր թանգարանը, մեր ստադիոնը... Քեզ հետ եկան նույն հյուսիսից մեծ հայրենաբաղձներըՙ Սպենդիարյանը, Մելիքյանը, Սարյանը»... (1928 թ.):

***

Ինչպես ասացինք, սակայն, դյուրին չի եղել Թամանյանի մաքառուն կյանքը: 1934-ին Թամանյանները կորցնում են նաեւ երկրորդ դստերըՙ 21-ամյա Վարվառային: Վարպետը շատ ծանր է տանում այս կորուստը, մանավանդ որ ինքը նույնպես վատառողջ էր:

Երկու տարի անց, 1936-ի փետրվարի 2-ին, Մեծ ճարտարապետը հրաժեշտ է տալիս այս աշխարհինՙ ժառանգություն թողնելով իր ստեղծած վեհաշուք, խոյազարդ կառույցները, որոնց ուզում ես նայել անվերջ....

***

Թամանյանի երկու որդիներըՙ Գեւորգը եւ Հուլիոսը նույնպես ճարտարապետներ էին: Գեւորգ Թամանյանը տարիների ընթացքում ավարտին հասցրեց հոր կիսակառույց մնացած շինություններըՙ հատկապես «Կառավարական տունը» կենտրոնական հրապարակով (Պետական մրցանակՙ 1970 թ.), Օպերայի թատրոնը եւ այլ նախագծեր:

Երկրորդ որդինՙ Հուլիոս Թամանյանը երկար տարիներ աշխատել է «Երեւաննախագիծ» ինստիտուտում, միաժամանակ վարելով Պատմական հուշարձանների պահպանության ընկերության փոխնախագահի պաշտոնը: Նրա նախագծերով վերակառուցվել են Եղեգնաձորի Զորաց տաճարը, Ամբերդի եկեղեցին, Արուճի քարավանատունը (վերջինն այժմ կիսաքանդ վիճակում է:- Ծ.Խ.) եւ պատմական այլ հուշարձաններ:

1900-ականների երկրում վերստին ստեղծված քաղաքա-տնտեսական դժվար «մութ ու ցուրտ» տարիներ բնորոշվող շրջանում Գեւորգ եւ Հուլիոս Թամանյանները հրաժեշտ են տալիս այս կյանքին 1993-ին:

***

Ալեքսանդր Թամանյանի ժառանգներից երկու խոսքով կուզենայինք հիշել նաեւ Ալեքսանդր կրտսեր Թամանյանին (1942-2005):

Մասնագիտությամբ ճանաչված ֆիզիկոս, հեղինակՙ շուրջ 75 գիտական աշխատությունների, 1900-ականների Արցախյան պաշտպանության տարիներին իր կազմած «Արծիվ Մահապարտներ» ջոկատով մշտապես մարտի կիզակետում լինելով անձնական օրինակ էր ընկերների համար, իր խիզախությամբ ոգեւորելով նրանց: Ալեքսանդր կրտսերը քաջարի մասնակցություն ունեցավ Մոխրադաղի, Արծվաշենի, Չալդրանի, Ասկերանի, Քուշչիլարի, Մարտակերտի, Քաշադաղի... մարտերին:

Ընկերները հիշում են նրան որպես «այրվող մի բոց», որ անդադար մտածում էր օգտակար լինել Հայրենիքին:

Ցավոքՙ այդ բոցը մարելով ժամանակից շուտ, անավարտ թողեց նրա բազում ազգօգուտ ծրագրերը:

Ալեքսանդր կրտսեր Թամանյանը հեռացավ այս աշխարհից 2005-ին:

***

Հանճարեղ Թամանյանի հարուստ եւ մեծարժեք թանգարանը մեծ ուշացումով Երեւանում բացվեց 2001-ինՙ Ալեքսանդր կրտսեր Թամանյանի տնօրինությամբ: Նրա մահից հետո թանգարանի տնօրինությունը ստանձնեց իր որդինՙ ճարտարապետ Հայկ Թամանյանըՙ մինչեւ 2015 թվականը:

Նույն 2015-ին այս կարեւոր, բացառիկ նախագծերով եւ պատմությամբ հետաքրքրական մշակույթի օջախը փակվեց անհասկանալի պատճառներով, .... շինության պատին թողնելով միայն. «Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարան» փորագրությունը:

Այսուհանդերձ անմահ ճարտարապետի լուսաշող ոգին մշտապես սավառնում է Երեւան քաղաքի վրա:

2018, դեկտեմբեր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ