ԱԼԻԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Էՙ ԱՅՍՈՒՀԵՏ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 12- ին իր երկրի նախարարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2018- ի սոցիալ-տնտեսական ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին, «Ազերթաջի» գերմաներեն տարածած լրատվության համաձայն, հայտարարել է, թե «քրեական, կոռումպացված խունտա ռեժիմը, որ վերջին 20 տարիներին ուզուրպացրել էր Հայաստանը, փլուզվեց: Հայաստանի զավթիչ քաղաքականությունն ինքնըստինքյան կարեւոր դերակատարում է ունեցել դրանում, քանի որ Հայաստանը հենց այդ քաղաքականության պատճառով է տարածաշրջանային նախագծերից դուրս մնացել»: Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի, Ալիեւը հայտնել է, թե «Հայաստանն այժմ շատ ծանր ժողովրդագրական ճգնաժամի մեջ է, երկրից բնակչությունն օտարվում է: Մենք կդիմենք բոլոր միջոցներինՙ Հայաստանին նաեւ այսուհետ տարածաշրջանային եւ միջազգային բոլոր նախագծերից հեռացնելու, Հայաստանին մեկուսացնելու համար, քանի դեռ մեր գրավյալ տարածքներն ազատագրված չեն»: Նույն աղբյուրը հունվարի 14- ին հաղորդել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Փարիզում հանդիպման մասին, սակայն չի թարմացրել սույն հաղորդագրությունըՙ անկարեւոր համարելով իր ընթերցողներին զեկուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հունվարի 16-ին կայացած հանդիպման մանրամասները: «Նախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող թեմաների լայն շարք եւ համաձայնեցին հանրություններին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ», իրազեկում է համանախագահների հաղորդագրությունը, որ հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: (Տեսնել «Ազգ»-ի 1-ին էջում): Ադրբեջանի նախագահիՙ Հայաստանին այսուհետ էլ մեկուսացնելու խոստումը զարմանալի չէ, վտանգավոր է սակայն թշնամական այս գործողությանը տնտեսական պատժամիջոցներով չսպառնալու, ավելինՙ Ադրբեջանին չզսպելու ԵԱՀԿ համանախագահների ցանկության բացակայությունը: Եթե Ալիեւի հայտարարությունը միայն ներքին սպառման համար լիներ, գերմաներեն տարբերակ չէր ունենա, մեր գործն են դյուրին դարձնումՙ հենց այս լրատվությանը հղում անելով կարելի է եվրոպացիներին, գերմանացիներին հարց ուղղելՙ սա նպաստո՞ւմ է խաղաղության նախապատրաստմանը: |