ԱՌԱՋԻՆ ԱՄԱՆՈՐԸ` ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ Ավդալյանների ընտանիքի համար Ամանորի ամենամեծ հրաշքը նոր կառուցված բնակարանն է. լավագույն նվերըՙ բոլորի համար: Ութ տարի ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտվել էՙ գործընկեր կառույցների աջակցության շնորհիվ: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող երիտասարդ ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրիՙ 2018 թվականի շահառուներից վերջինն էր: Մինչեւ բնակարանամուտ տոնելը Սարմենն իր ընտանիքով տարիներով բնակվել է ծնողներիՙ փոքր բնակմակերեսով տանը: Նոր տարվա մեկնարկը լուսավոր է եղել ընտանիքի համար: Երկու երեխաների երիտասարդ մայրըՙ Արեւիկը, մեծ եռանդով ու հաճույքով է կահավորում տարիների երազանքի իր անկյունը: «Այնքան երկար եմ երազել սեփական խոհանոցի, սեփական անկյուն ունենալու մասին: Նոր տարին սեփական հարկի տակ դիմավորելուց լավ բան չկա աշխարհում: Թող այս Նոր տարին բոլոր ընտանիքներին ուրախություն պարգեւի»,- ասել է Արեւիկը: Գործընկեր կառույցների ղեկավարները, երիտասարդ ընտանիքի հետՙ կիսել են Ամանորի եւ բնակարանամուտի ուրախությունը: «Սոցիալական խնդիրներով պայմանավորված` շատ ընտանիքներ ստիպված են լինում անցնել աննկարագրելի դժվար ճանապարհով: Դա մեծ խնդիր է, որը հնարավոր չէ անտեսել: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ ցուցաբերվող աջակցության շնորհիվ մարդկանց ոտքի կանգնելու հնարավորություն տալն է: Նա, ով մեկ անգամ հաղթահարում է հուսահատությունը, մեկընդմիշտ կարող է փոխել իր վերաբերմունքը խնդիրներ լուծելու հանդեպ: Կարծում եմՙմեզ հաջողվել է մարդկանց մոտ արթնացնել այդ վստահությունը: Ամենակարեւոր ձեռքբերումը սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Տասը տարի առաջ մեկնարկած համագործակցությունը արգասաբեր է եղել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 162 ընտանիքի համար: Շեշտը դնելով սահմանապահ գյուղերի վրա, բայց չանտեսելով նաեւ ամենատարբեր պատճառներով տնազուրկ ընտանիքների խնդիրները, գործընկերները տարիներ շարունակ փորձել են անհատական մոտեցմամբ լուծել տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրները: «Ամանորը ընտանեկան տոն է եւ ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում ընտանիքը կարող է այն տոնել սեփական հարկի տակ: Այս ընտանիքն այսուհետեւ իր «ամրոցն» ունի եւ լիահույս է ապագայի նկատմամբ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը : Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումներըՙ գործընկերները քննարկել են նաեւ 2019թ.-ին իրականացվելիք ծրագրի հետ կապված հարցեր: |